Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 30,2002 00:00

ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ «Հոկտեմբերի 27»-ի գործով ընթացող դատավարությունը, մասնավորապես՝ տուժողների հարցաքննության մասով, շարունակում է նոր անակնկալներ մատուցել հատկապես քրգործում նոր հանգամանքներ ի հայտ բերելու իմաստով: Թվում էր՝ կատարված ոճրագործությունից երեք տարի անց տուժողներից դժվար էր լինելու ինչ-որ նոր եւ քրգործի համար էական ցուցմունքներ ստանալ, բայց տվյալ դեպքում իրավիճակը միանգամայն այլ է: Դա հաստատում է նաեւ «27»-ի գործով տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը, որի՝ տուժողներին ուղղված հարցադրումներն ու դրանց պատասխանները հստակորեն ուրվագծում են այն նոր հանգամանքների հայտնությունը, որոնց նախաքննական մարմինն այդպես էլ չէր անդրադարձել. միտումնավո՞ր, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով՝ այլ խնդիր է: Բայց, որ քրգործի նախաքննությունը բազմաթիվ թերություններ է արձանագրել՝ միանշանակ է նաեւ պրն Սարգսյանի պնդմամբ. «Հոկտեմբերի 27»-ի քրգործի նախաքննությունն այնքան թերի է կատարվել, որ այսօր փաստաբանները եւ մեղադրողները ստիպված են իրենց հարցադրումների միջոցով, ըստ էության, նոր քննություն վարել: Տուժողներն էլ են խոստովանել, որ եթե դատաքննության ընթացքում նրանց տրված հարցերը տրված լինեին նախաքննության ընթացքում, իրենք դրանց ավելի թարմ հիշողությամբ կպատասխանեին»: Բայց նույնիսկ երեք տարի անց տուժողների մեծ մասը հստակ հիշել է տեղի ունեցածի այնպիսի մանրամասնություններ, որոնք այսօր գնահատվում են իբրեւ նոր հանգամանք: Խոսքը մասնավորապես ահաբեկիչների զենքերի մասին է: Ի վերջո, դրանք ահաբեկիչներն իրենց հե՞տ են ԱԺ տարել, թե՞ դրանք խորհրդարանում արդեն եղել են: Ըստ փաստաբան Ա.Սարգսյանի, դատելով տուժողների ցուցմունքներից՝ զենքերը ԱԺ-ում նախապես են եղել: Նման կարծիք հայտնելու հիմք են տուժողների պնդումները, թե ահաբեկիչների զենքերից կախված թելեր չեն եղել: Այդ դեպքում հօդս են ցնդում ահաբեկիչների, նաեւ՝ նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանի այն ցուցմունքները, թե ոճրագործները զենքերով են խորհրդարան մտել ու միայն դահլիճ մտնելուց առաջ են թելերով կապված ու հագուստների տակ թաքցրած զենքերը թուղթ կտրող սրիչով կտրել ու ներս մտել: Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախաքննության ընթացքում այդպես էլ ոչ մի իրեղեն ապացույց ձեռք չի բերվել, որը կարող է ապացուցել ամբաստանյալների այդ պնդումը: Մինչդեռ տեղազննությունն առաջին օրերին է կատարվել եւ կատարվել է Գլխավոր դատախազության կողմից: Իսկ եթե տուժողների ցուցմունքներով եւ քրգործի այլ նյութերով հերքվում են ամբաստանյալների այդ հայտարարությունները, ուրեմն մնում է մտածել, որ այդ զենքերը նախապես եղել են ԱԺ-ում: Տուժողների դատաքննական ցուցմունքները հենց այդ են վկայում: Դա արմատապես փոխում է իրավիճակը եւ կասկածի տակ առնում կազմակերպիչների, օժանդակողների բացակայության մասին պնդումները: Մյուս նոր հանգամանքը, որ դարձյալ ի հայտ է եկել տուժողների տված ցուցմունքների շնորհիվ, վերաբերում է քրգործի նյութերին կցված իրեղեն ապացույց հանդիսացող եւ ահաբեկչությունը պատկերող տեսաերիզներին: Ա.Սարգսյանը եւս կասկած հայտնեց, որ այդ տեսաերիզը կողմնակի միջամտության է ենթարկվել, որովհետեւ տուժողների ցուցմունքներով իրադարձությունների հերթականությունն ու ժամանակագրությունը չեն համապատասխանում այն իրողությանն, ինչ արտացոլված է այդ տեսաերիզներում: Կարծում ենք, սա եւս ծանրակշիռ փաստարկ է «27»-ի կազմակերպված լինելու մասին: Հակառակ դեպքում՝ պետք է որ որեւէ շահագրգռություն չլիներ տեսաերիզները մոնտաժելու հարցում: Փաստաբան Ա.Սարգսյանի կարծիքով՝ նախաքննական եւ դատարանում հնչած այդ ցուցմունքները դեռ պետք է գնահատվեն դատարանի կողմից: «Չեմ կարծում, թե դատարանը գնահատականներ տալիս գա այն եզրակացության, որ սրանք ԱԺ էին եկել ոչ թե սպանելու, այլ՝ զենքի սպառնալիքով իշխանափոխություն իրականացնելու կամ Վ.Սարգսյանից հրաժարական պահանջելու մտադրությամբ: Նախաքննության ընթացքում ամբաստանյալները ցուցմունքներ են տվել Վ.Սարգսյանին եւ Կ.Դեմիրճյանին սպանելու իրենց մտադրության, նաեւ՝ դրան օժանդակողների եւ կազմակերպիչների մասին, իսկ ահա դատարանում ցուցմունք են տալիս, թե սպանելու չեն գնացել, որ հինգով են եղել, կազմակերպիչներ, դրդողներ եւ օժանդակողներ չեն եղել: Ո՞ր ոչ հոգեկան հիվանդը կարող է հավատալ, որ նրանք եկել էին ԱԺ՝ զենքի սպառնալիքով Վ.Սարգսյանին պարտադրելու հրաժարական տալ: «27»-ը երեք բացատրություն կարող է ունենալ. կամ ահաբեկիչները եկել են ԱԺ՝ սպանելու Կ.Դեմիրճյանին եւ Վ.Սարգսյանին, եւ նրանց այդ հանձնարարությունը տվել են այն հայտնի մարդիկ, ովքեր կալանավորվել, ապա բաց են թողնվել, կամ կան այլ չբացահայտված կազմակերպիչներ, կամ նրանք հինգն են, ոչ մեկին սպանելու նպատակ չեն ունեցել, եւ նրանց թիկունքում մարդիկ չկան: Սրանցից ո՞րն է ավելի արժանահավատ. թողնենք դատարանի գնահատմանը»,- հայտարարեց փաստաբանը, որն ինքը համոզմունք ունի «27»-ի կազմակերպված ու ծրագրավորված լինելու մասին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել