Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հուշ-երեկո

Հոկտեմբեր 29,2002 00:00

Հուշ-երեկո Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորատը եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրինությունը կազմակերպել էին հուշ-երեկո՝ նվիրված ջութակահար, կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Մոկացյանի ծննդյան 70-ամյակին։ Մինչ երեկոյի սկսվելը, հանրապետությունում ճանաչված արվեստաբան, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը եւ արվեստագետ Ժիրայր Ալթունյանը մեզ տեղեկացրին, որ սիրով հրավիրել են հաղորդակցվելու մի երաժշտի, մանկավարժի, անհատի հետ, որ եկավ ու փայլատակեց հայ արվեստի երկնակամարում՝ իբրեւ վկայություն այն բանի, որ անհատները միայն հնում չեն եղել, նաեւ մեր օրերում, մեր կողքին են ապրել։ Երեկոն վարողը՝ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը ներկայացնելով Մոկացյան-ջութակահարին, մանկավարժին, ասաց. «Դժվար է պատկերացնել երաժշտի, մենակատարի, որ թողնելով բեմը, շրջագայությունները, իրեն ամբողջովին նվիրի մանկավարժությանը։ Նորություն չէ՝ մանկավարժությունը գիտություն է։ Ուսանող-երաժշտին մոտենալը, շփումը նրա հետ պետք է լինի զգույշ, անհատական։ Իսկ լավ ուսանող, էլ չեմ ասում՝ հիանալի ջութակահար դաստիարակելը, թերեւս արվեստ է։ Այսօր մեր մաեստրոյի ուսանողներից շատերը հանդես են գալիս ոչ միայն մեզ մոտ, այլեւ մոլորակի ամենահեղինակավոր դահլիճներում եւ սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ, դասախոսում թե՛ Երեւանի եւ թե՛ աշխարհի տարբեր երկրների կոնսերվատորիաներում»։ Կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտագետ Ժաննա Զուրաբյանը ներկայացրեց Ա. Բուդաղյանի վերջերս լույս տեսած «Վիլլի Մոկացյան» գիրքը (այն «Առավոտը» ներկայացրել է իր նախորդ համարներից մեկում)։ Վ. Մոկացյանի կնոջ՝ տիկին Ջուլիետայի խոսքերով. «Արմեն Գեորգիչի մենագրությունը իսկական մի հուշարձան է Վիլլի Օգանեսովիչին…»։ Երեկոյի ընթացքում իրենց հուշերով հանդիսականի հետ կիսվեցին պրոֆեսորներ Ռուբեն Ալթունյանը, Ռուբեն Հակոբյանցը, իրենց գործընկերոջը բարձրարվեստ կատարումներ նվիրեցին կոնսերվատորիայի դասախոսները եւ ոչ միայն։ Այդ օրը դպրոցի դահլիճում հավաքվել էր դեռ Երեւանում մնացած մեր մշակույթի գործիչների էլիտան։ Իսկ հանդիսականի կարգավիճակում հայտնված Վ. Մոկացյանի եւ նախկին, եւ ուսումը կիսատ թողած ուսանողները սիրահարված ունկնդրում էին յուրաքանյուր խոսք, ելույթ՝ անհամբեր սպասելով սիրելի պրոֆեսորի «մեղեդուն» հաղորդակցվելուն։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել