Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Այլ կերպ ներկայացրեց

Հոկտեմբեր 29,2002 00:00

Այլ կերպ ներկայացրեց Տուժող, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ է եկել ուշացումով, դահլիճի ետեւի մուտքից եւ տեղ զբաղեցրել 7-րդ շարքում՝ հարեւանությամբ Ռազմիկ Մարտիրոսյանի եւ Արտաշես Թումանյանի։ Դատարանում երեկ նա տեղեկացրեց, որ իր ետեւի շարքում էին գտնվում Ստեփան Մնացականյանը, Սուրեն Աբրահամյանը եւ Գեւորգ Վարդանյանը։ Չանցած մի քանի րոպե, լսում է հայհոյանքներ, կրակահերթեր, հայտնվում հատակին։ Սկսվում է ահավոր տեսարան եւ նրան թվում է, թե բոլորին կգնդակահարեն։ Նա տեսնում է, թե ինչ է կատարվում դահլիճում, երբ կրակահերթերը դադարում են։ Ուշ տեսնում է, որ սպանվել է Վազգեն վարչապետը, Կարեն Սերոբիչը, Լեոնարդ Պետրոսյանը, Յուրի Բախշյանը։ Նա հիշեց, թե ինչպես Նաիրի Հունանյանը իրեն տվել էր հեռախոսահամար, ասելով, թե՝ զանգիր Ալիկ Հարությունյանին։ Նա կատարել էր ահաբեկչի ցանկությունը եւ երեկ հայտնեց, որ ահաբեկիչը պահանջում էր նախագահին։ Նախաքննության ժամանակ նա հայտնել էր, որ Նաիրին սպառնացել էր Ալիկ Հարությունյանի քարտուղարուհուն, որ եթե 5 րոպե հետո չզանգի՝ ինչ-որ բաներ կանի։ Պատասխանելով Սարգսյանների իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւի հարցերին, թե արդյո՞ք Ալիկ Հարությունյանի ձայնում զգացել եք տարակուսանք, ինչ-որ էմոցիա, տուժող Շառոյանը պատասխանեց, որ չէր կարող զգալ, քանի որ Ալիկին ընդամենը հայտնել է. «Ալիկ, փոխանցում եմ հեռախոսը Նաիրի Հունանյանին»։ Էական հակասություններ նկատվեցին տուժողներ Անդրանիկ Մանուկյանի եւ Ռոլանդ Շառոյանի ցուցմունքների միջեւ։ Եթե հիշում եք, նախորդ դատական նիստի ժամանակ Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, որ ահաբեկիչներից ոչ ոք իրեն չի օգնել, որ դռների մոտ կանգնած Վռամ Գալստյանը ավտոմատով իրեն հրել է դահլիճ եւ որ լրագրողների աջակցությամբ նա մի կերպ կարողացել է դուրս գալ ԱԺ դահլիճից։ Ռ. Շառոյանը այլ կերպ նկարագրեց այդ դրվագը, ասելով, որ երբ տեսել է վիրավոր Ա. Մանուկյանին, որը խնդրում էր փրկել իրեն, նա դիմելով Էդիկին, «ցասումով» ասել է՝ «Ձեզ համար մեկ չէ, որտեղ մեռնի, այստեղ, թե մի քայլ այն կողմ» եւ օգնելով Ա. Մանուկյանին՝ նրան հանել են դռներից դուրս (այդ ժամանակ լրագրողները դահլիճում չէին)։ Կ. Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը, ինչպես եւ մեղադրանքի կողմը, հրապարակեց 1992 թվականի հոկտեմբերի 29-ի ՀՅԴ դատական ատյանի մի որոշում, որով կախակայել էին ամբաստանյալ Ն. Հունանյանին, քանի որ, ինչպես տուժողն ասաց՝ լրատվական ապօրինի միջոց էր ստեղծել եւ թուրքական մամուլին ապօրինի թղթակցություններ տրամադրել։ Ի դեպ, երբ հարցրին, թե վկաներ կայի՞ն, տուժողը պատասխանեց, որ չկային եւ հետո պարզվեց, որ վկա են եղել Նաիրի Բադալյանը եւ Գայանե Մովսիսյանը։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել