Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ավարտենք անավարտ շինությունները

Հոկտեմբեր 29,2002 00:00

Ավարտենք անավարտ շինությունները Հանրապետության գրեթե բոլոր մարզերում, նաեւ որոշ համայնքներում կան անավարտ շինություններ։ Մինչեւ ե՞րբ դրանք պիտի մնան անավարտ, կիսակառույց՝ շուրջը ցցված ամբարձիչ կռունկներով։ Գտնում ենք, որ դրանց կառուցումը եւ ավարտին հասցնելը դարձել է լուծում պահանջող օրախնդիր։ Ես անձամբ քանիցս հանդես եմ եկել այս խնդրի շուրջ՝ առաջարկելով արագ ավարտել անավարտ շինությունները։ Սակայն, ցավոք, խոսքս մնացել է ձայն բարբառո հանապատի։ Մինչեւ ե՞րբ… Գտնում ենք՝ շուտափույթ պետք է կազմել համապատասխան ծրագիր եւ սկսել անավարտ շինությունները կառուցելու եւ ավարտին հասցնելու աշխատանքները։ Դրա համար անհրաժեշտ կլինի ստեղծել համապատասխան միավորում՝ ընդգրկելով անավարտ շենքերի նախկին տերերին, մարզային ներկայացուցիչներին։ Ինչ պայմաններով պետք է անավարտ շինությունները հանձնել նոր տերերին, որոնք գրավոր կխոստանան աշխատանքներն ավարտել կոնկրետ ժամկետում, որը խախտելու դեպքում ետ կվերցվեն։ Ընդ որում, անավարտ շինություններն հիմնականում կհանձնվեն նոր տերերին ձրի, անփոխհատույց։ Հնարավոր է նաեւ անավարտ շինության վրա ծախսված գումարի դիմաց շենքից համապատասխան տարածք հանձնել նախկին տիրոջը, մանավանդ, եթե այն նախատեսված է որպես բնակելի շենք։ Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր շենքի համար կկազմվի համապատասխան պայմանագիր։ Օրինակ, Արզնիի առողջարանի տարածքում կան երկու անավարտ հսկա շինություններ, որոնք կարելի է նոր տիրոջը (կամ տերերին) հանձնել առանց փոխհատուցման, մանավանդ պիտի ենթադրել, որ դրանք գնողները կլինեն բժիշկներ։ Բոլոր դեպքերում, անավարտ շինությունները շահագործման նախապատրաստող հատուկ միությունը (խումբը) նախ պիտի մշակի համապատասխան կանոնակարգ, որը կհաստատվի կառավարության կողմից, թերեւս նաեւ տվյալ խնդիրը քննարկման դրվի Ազգային ժողովում։ Բոլոր պարագաներում, անավարտ շինությունները շահագործման հանձնելու աշխատանքները անհրաժեշտ կլինի լայնորեն լուսաբանել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի բնակչության շրջաններում։ Ես անձամբ հավատացած եմ, ըստ ամենայնի լուսաբանելու դեպքում անպայման կգտնվեն շահագրգիռ մարդիկ, որոնք կսկսեն այդ խիստ կարեւոր աշխատանքները։ Ես պատրաստ եմ անվարձահատույց ղեկավարել անավարտ շինությունները ավարտին հասցնելու աշխատանքները: ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել