Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՏՈՆԻՑ ՓՈՂ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ

Հոկտեմբեր 29,2002 00:00

ՏՈՆԻՑ ՓՈՂ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ «Նախկին ամեն ինչը այսօր վերցրել-ժխտում են, բայց այն ժամանակ էլ, չէ՞, լավ բաներ կային՝ կազմակերպված մասսայական միջոցառումներ, կարգուկանոնով տոնակատարություններ»,- հիշում է Հայհամերգի նախկին գլխավոր տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Ասատուրյանը։ Նրա կարծիքով, մերօրյա մասսայական միջոցառումների կազմակերպիչներին առաջին հերթին հետաքրքրում է փող գրպանելը։ Ոչինչ չծախսած, միանգամից ուզում են շահույթ ստանալ եւ հայտնի է՝ ինչ գնով։ Վերջիններս, ըստ Գ. Ասատուրյանի, բառացիորեն «ոտքի վրա» են տոնակատարություններին «նախապատրաստվում», լինում են դեպքեր, երբ, օրինակ, պարախմբի ղեկավարներին 1-2 օր առաջ են հրավիրում, իսկ պարի հարցում տեղում՝ միջոցառման օրն են ընդհանուր հայտարարի գալիս։ Մինչդեռ նախկինում ամիսներ առաջ էին նախապատրաստվում, հրավիրում էին թե՛ պետական, թե՛ ինքնագործ երգի-պարի խմբեր, մարմնամարզիկներ, կրկեսի արտիստներ, երգիչ-երգչուհիներ՝ արտասահմանից։ Հետո բոլոր համույթների ղեկավարները հավաքվում էին մարզադաշտում ու միասին ընտրում յուրաքանչյուրի ռեպերտուարից լավագույն կատարումը։ Գ. Ասատուրյանը հավաստիացնում է, որ փորձերի ժամանակ յուրաքանչյուր մուտքի մոտ նույնիսկ մի-մի ռեժիսոր էր կանգնում՝ ռադիոկապով։ Իսկ մասսայական միջոցառումները տեւում էին 3 օր, տոմսերի վաճառքից ստացված հասույթից մարդկանց վճարում էին, դեռ մի բան էլ ֆիլհարմոնիային էր մնում։ Եվ եթե այսօր մեծամասշտաբ միջոցառումներին ընդամենը 100-200 հոգի են մասնակցում, ապա, ըստ Գ. Ասատուրյանի, տարիներ առաջ՝ 10-15 հազար հոգի. «Մասսայական միջոցառումները պատասխանատու գործ էին, ոչ բոլորն իրավունք ունեին դրանով զբաղվել»։ Գ. Ասատուրյանը գտնում է, որ հիմա պայմաններն ավելի նպաստավոր են գեղեցիկ միջոցառումներ կազմակերպելու համար, քանի որ գործում է հովանավորի ինստիտուտը, մի բան, որ խորհրդային տարիներին գոյություն չուներ։ «Պետք է փող ծախսես, որ փող աշխատես, որպեսզի կոլեկտիվ կարողանաս պահել։ Տոնակատարությունն էլ պիտի ինքնանպատակ չլինի, 2-3 մեքենա ցուցադրելը դեռ տոն չէ։ Ժողովուրդը պետք է լիաթոք ուրախանա սեփական հաջողություններով ու ոգեւորվի»,- ասում է նա։ Ցավոք, մարդիկ ոգեւորված չեն, իսկ տոն «ստեղծողները» պատասխանատու են տոնական տրամադրության համար. միայն այդ դեպքում նրանք կարող են իրենց միջոցառումը կայացած համարել։ Գ. Ասատուրյանը հիշում է, որ ԽՍՀՄ տարիներին էլ էին «զոռով» արտիստներ «հրամցնում» հանդիսատեսին, բայց միջոցառման կազմակերպիչները կարողանում էին նրանց ճիշտ «մատուցել»։ Օրինակ, մի անգամ Բիրմայից ժողգործիքների անսամբլ էր եկել Հայաստան, իսկ այն տարիներին նման «գաստրոլները» պարտադիր էին։ Նրանց ելույթը ինքը ստիպված է եղել մտցնել «Ոսկե աշնան» ծրագրի մեջ։ Ու որպեսզի բիրմացի արտիստները չբոյկոտվեն (ինչի հավանականությունը մեծ էր, քանի որ շատ էին ուզում 25-30 րոպե հաճույք պատճառել հայ հանդիսատեսին), նրանց քաղաքավարի ձեւով հասկացրել էր, որ բոլորն էլ մեկական ելույթով պիտի հանդես գան։ Այնուհետեւ նրանց նստեցրել էր «Վիլիս» ավտոմեքենան ու իբրեւ հարգանքի նշան, պտտեցրել մարզադաշտով մեկ. «Ամեն տրիբունայի մոտենալիս սուլոցներ ու ծափահարություններ էին լսվում՝ հուրախություն այն բանի, որ վերջապես ազատվել են նրանց ելույթից։ Իսկ բիրմացիները, պարզվում է, իրենց երկրում պատմել էին, որ իբրեւ ողջ ԽՍՀՄ-ում միայն հայերն են բիրմայական արվեստը ճիշտ ընկալել»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել