Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍՕՐ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԴՊՐՈՑ ԳՆՈՒՄ

Հոկտեմբեր 29,2002 00:00

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍՕՐ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԴՊՐՈՑ ԳՆՈՒՄ Դպրոցներն էլ են կանխավճարով աշխատում Վերջերս անցնում էի դպրոցներից մեկի բակով, հանկարծ ականջս ընկավ առաջին հարկի բաց պատուհանից լսվող մի ուսուցչուհու ձայն. «Մի րոպե ընդհատեք աշխատանքը, երեխաներ,8230ո՞վ չի բերել իր հազար դրամը»: Նախ փորձեցի պարզել, թե ինչ 1000 դրամի մասին է խոսքը: Դպրոցներում, ինչպես հայտնի է, գործում են շրջանառու միջոցներ, որ թույլ է տալիս ամսական 200-300 դրամ հավաքել յուրաքանչյուր երեխայից՝ զանազան կարիքներ հոգալու համար: Մի քանի դպրոցներում կատարված հարցումներից պարզեցինք, որ տարեսկզբին շատ դպրոցներ որոշել են միանգամից մի քանի ամսվա գումար հավաքել՝ «պակաս-պռատը» հենց սկզբից լրացնելու համար: Սա դեռ ոչինչ: Ամբողջ «տհաճությունը» այն է, որ այս կարգի խնդիրները լուծվում են ուսուցիչների, տնօրենների անմիջական մասնակցությամբ: Մինչդեռ վերջիններս անընդհատ կրկնում են, թե իրենք նման հարցերով չեն զբաղվում, ու «ֆոնդի համար նախատեսվող դրամահավաքությունը բացառապես ծնողկոմիտեի ու դպրոցի հաշվապահի գործն է»: Գոնե դպրոցում անապահով ընտանիքի երեխան պիտի մոռանա իր անապահովության մասին: Ինչպե՞ս վերջինս շարունակի դասով զբաղվել, երբ ուսուցիչն ընդհատում է դասը, ու «անապահով» երեխան ոտքի է կանգնում ու իր ընկերների մոտ եւս մեկ անգամ շեշտում է իր անապահովության փաստը: Ի վերջո, նրանից էլ գումար չեն պահանջելու, բայց ոչ թե նրա համար, որ երեխան անապահով է, առավելեւս ոչ նրա համար, որ նրան հասկանում են, կարեկցում, այլ պարզապես դրամահավաքության ցուցակներում ապահովում են կարեկցողի իրենց դերը: Փորձեցի, բայց չկարողացա հիշել, թե իմ սովորած 10 տարիների ընթացքում ինչի՞ համար էինք մենք փող հավաքում: Չէ, ոչ թե հիշողությունս է վատ, այլ պարզապես նման առիթներ շատ քիչ են եղել: Մենք ունեինք ծնողկոմիտե, մեր դասարանի Գայանեի մայրը, որը երեխաների կամ ծնողների հետ համաձայնեցնելով տարին մեկ անգամ հնարավոր էր, որ ավելի համար փող հավաքեր, մեկ էլ ՝ ուսուցչի օրը՝ մի փունջ ծաղիկի: Իսկ ով էլ որ չէր կարողանում փող տրամադրել, մենք դա նախապես իմանում էինք ու այնպես էինք անում, որ նա դրամահավաքության մասին չէր էլ իմանում: Իսկ մարտի 8-ին դասվարին մի փոքրիկ նվեր (ի դեպ, այն ժամանակ դա արվում էր սրտանց, եւ այդ նվերը հաստատ ինքնանպատակ էր) տալը հանդգնություն էր, էլ ուր մնաց ուսուցչի ծննդյան օրը: Թեպետ դու այդ օրը չէիր էլ իմանա: Իսկ հիմա ուսուցիչն ինքն է աշակերտից պահանջում այդ «վերաբերմունքը»: Ի՞նչ է, նորերն ավելի՞ արժանի են դրան, քան ավագ սերնդի մեր ուսուցիչները: Ես հիշում եմ, որ մեր դասղեկը կարող էր այս կամ այն առարկայական ուսուցչի հետ երկար զրուցել իր աշակերտների մասին, վիճարկել գնահատականները: Բնականաբար՝ առանց որեւէ մեկի, անգամ տվյալ աշակերտի իմացության: Հիմա ավելորդ անգամ նշենք, որ դա արվում է աշակերտների, ծնողների, «հատուկ վերաբերմունքի» անմիջական մասնակցությամբ, եւ ի վերջո՝ պայմանով, որ երեխան պետք է տվյալ ուսուցչի հետ անհատական պարապմունքների հաճախի: Այստեղ հիշենք ՀՀ նախագահի՝ ուսուցիչների հետ վերջին հանդիպման ժամանակ արված մի ընդգծում. «Ռեպետիտորությունն առաջ լրացնում էր դպրոցական գիտելիքներին, հիմա, ցավոք, փոխարինում է»: Այսուամենայնիվ, մենք վստահ չենք, որ թեկուզ ռեպետիտորությամբ երեխան բավարար գիտելիք ստանում է, որովհետեւ պարապող ուսուցիչների զգալի մասն այսօր դպրոց է գալիս տնից դուրս գալու համար միայն: Սա միջնորդավորված հասկացրեց ՀՀ նախագահը՝ նույն հանդիպման ժամանակ: Նա անհրաժեշտ համարեց մտցնել ատեստացիաների խիստ համակարգ, որ իրականացվում է եվրոպական երկրներում: «Այստեղ եւս բավական դժվար է լինելու պաշտոնյաների, կապեր ունեցողների համար՝ գիտելիքներով չապահովված մասնագետներ տեղավորել: Այսօր ինքը չի որոշում, կա խորհուրդ, հիմա տեստերն են ամբողջությամբ մշակվում, հաստատվում եւ բավական լուրջ պրոցեսի մեջ ենք մտել, որ պետական համակարգը պահպանված լինի այդ առումով միջամտությունից: Եթե մենք կարողանանք նաեւ այս դարպասները փակենք գիտելիքներ չունեցողների համար, ուրեմն հենց այնպես բուհ մտնել, դիպլոմ ստանալ միայն դիպլոմ ունենալու համար, առանց գիտելիքների՝8230 այդ խնդիրն իր արժեքը կկորցնի: Դրա համար ժամանակ է պետք, որ հասարակության լայն շերտերում ամրանա եւ ընկալվի ճիշտ ձեւով: Դա կփոխանցվի եւ աշակերտներին, եւ ուսանողներին՝ բուհական համակարգում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բավական խելոք երեխան ընդունվում է բուհական համակարգ, հետո չի ուզում սովորել: Մտածում է, որ անհրաժեշտությունը չկա, հետո ինչ-որ տեղ կմտնի, կաշխատի: Հետո կյանքը իրեն գիտելիքներով կհամալրի. սա պետք է վերացնենք, ուսման նկատմամբ ուրիշ մոտիվներ ձեւավորենք»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել