Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ

Հոկտեմբեր 29,2002 00:00

Խոսրով Հարությունյան

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ

Կամ մեր պետականաշինության մի քանի անհետաձգելի հարցերի մասին

 

Հեղափոխության մեջ ոչ ոք մեղավոր չէ, հեղափոխության մեջ բոլորն են մեղավոր: Թալեյրանի այս խոսքերը արդիական են բոլոր ժամանակներում եւ նշանակում են, որ հեղափոխական անցումային շրջաններում հասարակական- քաղաքական զարգացումներում պատասխանատու են ոչ միայն առաջնորդները կամ լիդերները, այլեւ հասարակությունն` ընդհանրապես եւ յուրաքանչյուրը` մասնավորապես: Ցավոք, մեզանում հասարակական-քաղաքական զարգացումների ներքին տրամաբանությունն այսօր էլ, Սահմանադրությունն ընդունելուց յոթ տարի անց, չի ձերբազատվել հեղափոխական տրամադրություններից: Անջրպետն իշխանությունների ու հասարակության միջեւ, ներքեւների սոցիալական ծանր վիճակը, անարդարությունը եւ անպատժելիությունը, կաշառակերությունն ու հովանավորչությունը, չկայացած քաղաքական համակարգը եւ դրանում «անհատի» բացառիկ ազդեցությունն ու դերակատարումը, անառողջ հասարակական մթնոլորտը, քաղաքական զարգացումների վրա հանրության ազդեցությունն ապահովող գործիքի՝ հասարակական կարծիքի ոտնահարումը եւ իրավիճակի վրա որեւէ կերպ ազդելու հասարակության անկարողությունը, չվարկաբեկված եւ հեղինակություն, կենսագրություն ու փորձառություն ունեցող քաղաքական ուժերի եւ գործիչների տպավորիչ զանգվածի բացակայությունը, քաղաքական անհանդուրժողականությունն ու քննադատելու փոխարեն միմյանց ոչնչացնելու անթաքույց մոլուցքը պարարտ հող են ստեղծել իրավիճակը կտրուկ քայլերով շտկելն արդյունավետ համարելու մտայնության համար:

Մինչդեռ ակնհայտ է, որ նման քայլերը, եթե դրանք նույնիսկ ուղեկցվում են զանգվածների զգացմունքային աջակցությամբ, չեն կարող որեւէ դրական լիցք հաղորդել հանրային կյանքին՝ նույնիսկ կարճաժամկետ հատվածում (այդ առումով համոզիչ են ներկայանում 1996 թ. սեպտեմբերյան դեպքերը, որոնք ոչ միայն չխթանեցին մեզանում ժողովրդավարական զարգացումները, այլեւ թուլացրին պետությունը՝ խաթարելով նրա միջազգային վարկը): Սակայն, այս ամենին կարելի էր վերաբերվել որպես զուտ ներքին խնդիրների՝ նրանց կարգավորումները թողնելով ժամանակի ընթացքին, եթե դրանք ուղղակիորեն չառնչվեին ավելի կարեւոր հիմնախնդրի՝ մեր պետության ազգային անվտանգության հետ: Բանն այն է, որ այդ ամենի արդյունքում մեր ներքաղաքական կյանքը եւ հանրային օրգանիզմն ընդհանուր առմամբ դարձել են շատ անպաշտպան եւ խոցելի՝ արտաքին ցանկացած միջամտության եւ ազդեցության հանդեպ: Այդ են վկայում հոկտեմբերի 27-ը եւ դրանից հետո երկրում ստեղծված իրավիճակը: Դրա վառ ապացուցն էր նաեւ Արկադի Վարդանյանի «քաղաքական էքսպերիմենտը», որը սառը ցնցուղի դեր պետք է կատարեր մեզ համար, քանի որ այն լավագույնս ապացուցեց, որ մեր իրականությունում երկու-երեք հարյուր հազար դոլարի «քաղաքական ինվեստիցիան» բավարար է քաղաքական ավանտյուրաները կյանքի կոչելու եւ հասարակական կյանքը քաղաքացիական ցնցումների մեջ ներքաշելու համար: Ըստ էության, դա հոկտեմբերի 27- ից հետո երկրում իրավիճակը ապակայունացնելու արտաքին ուժերի երկրորդ փորձն էր: Կարծում եմ, նման փորձերը դեռ կշարունակվեն, եւ այնքան ժամանակ, քանի դեռ մեր պետական-քաղաքական- հասարակական օրգանիզմը զուրկ է նման ազդեցություններին դիմակայելու իմունիտետից, մեր իրականությունը չի ձերբազատվել կոռոզիայի ենթարկող համակարգային բնույթի արատներից: Սա ոչ միայն ներքին կյանքին առնչվող խնդիր է, այլեւ ուղղակիորեն վտանգում է մեր ազգային անվտանգությունը:

Անկասկած, նմանատիպ մտորումներ կամ անհանգստություններ այսօր շատերն ունեն: Եվ կարծես թե ձեւավորվել է իրավիճակն անաչառ վերլուծելու ու որոշ հուզող հարցերի պատասխաններն ուրվագծելու անհրաժեշտությունը: Այդպիսի մի փորձ տողերիս հեղինակը կատարել է դեռեւս 2000թ. «Հոկտեմբերի 27. Քաղաքական դասեր» հոդվածում («Հայոց Աշխարհ», 19 մայիսի):

Իրադարձությունների հետագա զարգացումներն ավելի են համոզում նրանում, որ այդ վերլուծության շատ հարցադրումներ այսօր էլ պահպանել են հրատապությունը եւ պետականաշինության ներկա փուլում մեր առաջիկա ապագան նախագծելու համար անհրաժեշտ է վերլուծել վերջին տարիների անցյալը: Ավելին, մեր քաղաքական կյանքում այս եւ եկող տարում սպասվող կարեւոր քաղաքական իրադարձությունների համատեքստում (բոլոր մակարդակներում տեղի են ունենալու ընտրություններ) մի շարք հարցադրումներ ավելի մանրամասն ներկայացնելու եւ մեկնաբանելու կարիք են զգում: Մենք պարտավոր ենք վերլուծել մեր անցյալը, ընդ որում՝ ոչ թե սրան կամ նրան պիտակավորելու, այլ` դասեր քաղելու նպատակով:

Հարկ է հիշել, որ պատմությունը դասեր չի տալիս, այլ պատժում է նրանց, ովքեր պատմությունից դասեր չեն առնում: Մեթոդաբանական այս մոտեցումը կարծես այլընտրանք չունի:

Մենք կանգնած ենք մեր ժողովրդի հեռահար ապագայի տեսանկյունից պատմական մեծ էքսպերիմենտի առջեւ

Վերջին ժամանակներս շրջանառվում է այն կարծիքը, որ մեր նորագույն պատմության անցած շրջանը կարելի է բաժանել երկու մասի՝ մինչեւ 1999թ. հոկտեմբերի 27-ը եւ դրանից հետո ընկած շրջան: Անկասկած, հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունները շատ լուրջ ազդեցություն ունեցան ներքաղաքական հետագա զարգացումների եւ մեր երկրի միջազգային վարկի վրա: Սակայն, մեր պետական-քաղաքական համակարգի ձեւավորման համակարգային բնույթի եւ որակական բարեփոխումների տեսակետից ետհոկտեմբերյան զարգացումները, ցավոք, նոր փուլ չարձանագրեցին:

Մինչդեռ այդ իրադարձությունների ողբերգական բնույթը միայն կարող էր պատճառ դառնալ անցյալը վերլուծելու համար՝ հասարակական օրգանիզմի համակարգային տիպի արատները ախտորոշելու եւ առաջիկայում մեր հրատապ խնդիրները ուրվագծելու նպատակով: Հոկտեմբերի 27- ը կարող էր յուրօրինակ լակմուսի թղթի դեր կատարել մեր պետականաշինության ամբողջ ընթացքն իմաստավորելու եւ որակական նոր լուծումների հանգելու համար: Ցավոք, հայ քաղաքական միտքը մեծ իմաստով չկարողացավ վեր կանգնել առօրեական հարցադրումներից եւ մնաց իրավիճակի ու նրա զարգացումների զգայական ու անձնավորված մեկնաբանությունների ազդեցության տակ: Մինչդեռ, մեր ժողովրդի հեռահար ապագայի առումով գոյություն ունի մի կարեւոր պարագա, որն ըստ արժանի մեկնաբանված չէ առ այսօր:

Քրիստոնեության ընդունմամբ 4-րդ դարում մեր ժողովուրդը կատարեց ամենամեծ եւ երկարաժամկետ ապագայի կտրվածքով բախտորոշիչ ընտրություն՝ իր հավատքի եւ էթնոմշակութային տեսակի ընտրությունը: Այն դարերի ընթացքում շատ փորձությունների ենթարկվեց` պատճառելով մեր ժողովրդին բազում դժբախտություններ եւ զրկանքներ: Եվ չնայած մենք կորցրինք մեր պետականությունը եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական մեր դերակատարումը, որին նաեւ ձգտում էինք մեր ընտրությամբ, վերածվեցինք ուժեղների համար կռվախնձորի, այդուհանդերձ դուրս չշպրտվեցինք պատմության թատերաբեմից եւ հավատարիմ մնացինք մեր ընտրությանը՝ մեր տեսակին ու դավանանքին:

Այսօր մեր սերունդը կանգնած է մի նոր, ոչ պակաս բախտորոշ ընտրության առջեւ: Պատմությունը, ժամանակը հինգերորդ դարից հետո առաջին անգամ հնարավորություն են ընձեռել մեզ կերտելու սեփական պետությունը, սակայն` աշխարհաքաղաքական որակապես նոր իրողությունների պայմաններում: Առաջին անգամ թե՛ իրավական եւ թե՛ աշխարհաքաղաքական առումով միջազգային հանրությունը մեզ ճանաչել է որպես Եվրոպայի անբաժանելի մասը: Եվրոպական ժողովուրդները, ի դեմս Եվրոպայի Խորհրդի, պատրաստակամ են ընդունել մեզ որպես իրենց ընտանիքի անդամ: Ըստ էության, պատմականորեն անգնահատելի մի շանս՝ մեր պատմական բնօրրանը վերադառնալու համար: Սակայն, մենք մեր իդեալներով ու ձգտումներով, հասարակական կյանքի կազմակերպման մեր կարողություններով դեռ պետք է ապացուցենք, որ ինքներս նույնպես մեզ՝ որպես ժողովուրդ, որպես էթնոմշակութային արժեքների հանրագումար դիտում ենք եվրոպական միջավայրի ծնունդ:

Ըստ էության, մենք կանգնած ենք մեծագույն հնարավորության եւ ընտրության, մեր ժողովրդի հեռահար ապագայի տեսանկյունից պատմական մեծ էքսպերիմենտի առջեւ: Կամ մենք կկառուցենք մեզ եւ մեր մշակույթին հարիր եվրոպական տիպի ժամանակակից պետություն, որը կոչված է եւ ունակ է ապահովելու իր հասարակությանը բարօրություն եւ արժանապատիվ կյանք, կամ միջազգային հանրությունն իր համար կարձանագրի Կովկասի այս հատվածում ոչ կենսունակ, անկարող, որոշակի ցեղային պատկանելություն ունեցող «բոմժերի» մի հանրույթ եւ կդադարի դրսեւորել մեր նկատմամբ որեւէ հետաքրքրություն: Սա՝ լավագույն դեպքում:

Իսկ վատագույն դեպքում… Վատագույն դեպքի համար շատ հեռու պետք չէ գնալ, մեր պատմությունը ծայրեծայր դրա վառ օրինակն է: Ահա այն ընտրությունը, որի առջեւ պատմական պարագաների բերումով հայտնվել է մեր սերունդը: Իրավիճակի բարդությունը, սակայն, այն է, որ դա (այդ ընտրության ճակատագրական անխուսափելիությունը) գիտակցված եւ իմաստավորված չէ հանրության կողմից եւ շատերին թվում է, թե պետություն ունենալու այս պատեհությունն անընդհատ կտեւի եւ պատմականորեն այլեւս անշրջելի է: Սարսափելի մոլորություն եւ կարճատեսություն, որը, ցավոք, կարող է հանգեցնել մեր ճակատագրի համար անդառնալի կործանարար հետեւանքների:

Հետեւաբար, եթե անհրաժեշտություն կա մեր նորագույն պատմությունը բաժանել փուլերի, ապա դա կարող է լինել միայն մեր անկախ պետականաշինության տրամաբանական զարգացման հենքի վրա: Եվ այդ առումով պատմական ողջ ընթացքը կարելի է բաժանել երկու խոշոր փուլերի՝ 90-95թթ.՝ հեղափոխական շրջան եւ 95թ-ից հետո ընկած ժամանակահատված՝ սահմանադրությամբ նախատեսած պետական համակարգի կառուցման ժամանակաշրջան: Վերջինս նոր որակ եւ բովանդակություն է ստանում սկսած 2000 թվականից՝ Եվրոպայի Խորհրդի կազմում Հայաստանի անդամագրվելուց հետո:

Եվ մենք՝ հայերս պետք է սովորենք խնամքով եւ հոգածությամբ վերաբերվել մեր Անկախ պետության կերտման համազգային գործին, փորձենք այդ ճանապարհին թույլ տրված բազում սխալների եւ սայթաքումների կողքին, որոնք հիմնականում պայմանավորված են եղել առանձին անհատներով, մնայուն չեն եւ ուղղելի են, կարեւորել եւ իմաստավորել ինստիտուցիոնալ ձեռքբերումները՝ նրանց հաղորդելով ժամանակի պահանջներին համապատասխան բովանդակություն եւ որակ:

Այս տեսանկյունից, եթե վերլուծենք անցած տասը տարիները, ապա դժվար չէ նկատել նաեւ այն դրականը, պետական- քաղաքական այն կապիտալը, որի վրա է խարսխվելու մեր երկարաժամկետ ապագան: Անկախ Հայաստանն այսօր միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ է՝ իր տարածքով եւ սահմաններով, մարտունակ բանակով, Սահմանադրությամբ, պետական կառավարման սահմանադրական ինստիտուտներով, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններով, այդ իշխանությունների ձեւավորման օրենսդրական մեխանիզմներով եւ որոշակի փորձով, ապակենտրոնացման եւ տեղական ինքնակառավարման օրենսդրական ժամանակակից համակարգով, քաղաքացիական ծառայության ձեւավորման փուլով, շուկայական տնտեսության հիմնարար ինստիտուտներով՝ մասնավոր սեփականության եւ ազատ գնագոյացման համակարգերով եւ այլն: Ահա սա է պետականաշինության այն կապիտալը, մեր ապագայի ողնաշարը, որով մենք մուտք ենք գործում 21-րդ դար:

Իհարկե, անվիճելի է, որ նշված ինստիտուտներն այսօր կատարյալ են միայն թղթի վրա, իրականում դրանց գործունեությունը երբեմն հեռու է բավարար կոչվելուց: Բայց այդ ամենը, վերջին հաշվով, կարող էր եւ չլինել, եւ այդ դեպքում առաջիկա տարիներին մենք ստիպված պետք է լինեինք ձեւավորել դրանք՝ վատնելով թե ռեսուրսներ, թե ամենակարեւորը՝ ժամանակ: Հետեւաբար, առաջիկա 10-15 տարիների հիմնական խնդիրը պետք է լինի պետության այդ կմախքին միս ու արյուն տալը, մարդկային դեմք եւ նոր որակներ հաղորդելը: Ժամանակը ցուց կտա, որ այս խնդիրն այլընտրանք չունի: Ժողովուրդների գոյատեւման այս մրցավազքում, արեւի տակ սեփական արժանապատիվ տեղը զբաղեցնելու ճակատագրական այս պայքարում հաղթում է ուժեղը, այլ ոչ թե արդարը: Իսկ ուժեղ է նա, ով, նախ եւ առաջ, առողջ է: Այսինքն ուժեղ պետություն ունենալու ամենաառաջին պայմանը հասարակության առողջացումն է, մեր հանրային օրգանիզմում համակարգային բնույթի հիվանդությունների եւ արատների վերացումը: Այս խնդիրը բոլորիս խնդիրն է: Եվ այն լուծելու համար պարտավոր ենք բարձրաձայն հնչեցնել այսօր մեծամասնությանը հուզող այն առանցքային հարցերը, որոնց կարգավորումը հնարավորություն կտա համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում ձերբազատվել մեզանում արմատավորվող արատներից:

Ինչու՞ է մեզանում արժեզրկման վտանգի տակ անկախության գաղափարը

Անկախության հռչակումից հետո անցել է ավելի քան տասը տարի, սակայն, վերտառության կարգով ներկայացվող հարցը, ցավոք, մեր հանրային գիտակցության մեջ ձեռք է բերել վտանգավորության աստիճանի հասնող խորություն: Անկախության գաղափարը կարող է արժեզրկվել միայն մի դեպքում, երբ այն ոչինչ չի տալիս ժողովրդին ամբողջությամբ եւ յուրաքանչյուրին` առանձին վերցրած: Իսկ մի՞թե անկախությունը, ասել է թե սեփական պատասխանատվությամբ սեփական ճակատագիրը կերտելու հնարավորությունը, ինքնուրույն քաղաքական միտքն ու նախաձեռնության հնարավորությունը չէ այն ամենաանհրաժեշտը որեւէ ժողովրդի՝ իր արժանապատիվ ներկան եւ ապագան ձեւավորելու համար: Անկախությունը որպես կենսակերպ եւ հոգեբանություն, ինքնին չի կարող խոչընդոտ լինել այդ վեհ նպատակների իրականացմանը: Հետեւաբար, կամ այդ նպատակները մեզ համար կորցրել են իրենց կենսականությունը, որը ուղղակի բացառված է, կամ մեր ժողովուրդն է անընդունակ եւ թույլ այն աստիճան, որ նման գաղափարները թվում են անիրականանալի, հետեւաբար նաեւ անհրապուրիչ:

Սակայն ստացվում է, որ մերձբալթյան ժողովուրդները, սերբերը, սլովենները, չեխերը, լեհերը ուժեղ են, ընդունակ եւ միայն մենք՝ հայերս ենք անընդունակ: Կարծես նրանք են ունեցել Մաշտոց, Նարեկացի, Կոմիտաս, Սարյան, Համբարձումյան, հազարամյակներ ընդգրկող պատմություն, իսկ մենք բոլորովին վերջերս ենք հայտնվել աշխարհի ժողովուրդների տեղեկագրքում: Հետեւաբար, որն է անկախ պետականության հեռանկարի եւ հնարավորությունների նկատմամբ ձեւավորվող հոռետեսության պատճառը: Գուցե անասելի եւ անսպասելի այն դժվարությունները, որոնք պաշարեցին մեզ ԽՍՀՄ փլուզումից հետո: Բայց նույն կամ մոտավորապես նույն իրավիճակում հայտնվեցին բոլորը: Կամ գուցե պատճառը մեզանում փորձի եւ գիտելիքների պակասն էր՝ որակապես նոր պայմաններում ինքնուրույն քաղաքական միտք եւ նախաձեռնություն ձեւավորելու համար: Այո, դա շատ կարեւոր էր, բայց ոչ մի ժողովուրդ չուներ անցումի այդ փորձը եւ գոյություն չունեին պատրաստի դեղատոմսեր:

Ավելին, այդ բարդ խնդիրներում մենք, ինչպես եւ մյուսները, միայնակ չենք եւ չենք եղել: Մեզ հետ է եղել միջազգային հանրությունը՝ իր ֆինանսական, քաղաքական եւ վարչական ռեսուրսներով: Հետեւաբար, ո՞րն է մեր կարողությունների եւ ուժերի նկատմամբ օրեցօր խորացող եւ վտանգավորության աստիճանի հասնող հոռետեսության պատճառը, ի՞նչն է անընդհատ սնունդ տալիս այդ տրամադրություններին: Դրանք, կարծում եմ, իրենց բնույթով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հետեւյալ գործոններն են: Դարեր շարունակ պետականության բացակայությունը, համապատասխան ավանդույթների, հետեւաբար նաեւ հոգեբանության պակասը հնարավորություն չտվեցին մեր ժողովրդին անցած, ըստ էության, մի քանի տարիների ընթացքում իմաստավորել եւ սեփականը դարձնել անկախ պետականության ողջ խորհուրդը եւ քաղաքական- գաղափարախոսական բովանդակությունը: Սա թերեւս կարելի է որակել որպես օբյեկտիվ բնույթի պատճառ:

Դարերի ընթացքում պատմական իրադարձությունների ճնշման տակ, գուցե եւ օբյեկտիվորեն, բայց մեզանում խոր արմատներ են գցել մեր ժողովրդի երկու «առաքինությունները»՝ սեփական դժբախտությունները վերագրել արտաքին պատճառներին եւ փրկությունը հուսալ արտաքին ուժերից: Անլիարժեքության մի աղետալի բարդույթ, որը մեզ հոգեբանորեն այնքան անարժեք է դարձրել, որ նույնիսկ սեփական դժբախտության եւ դժվարությունների մեջ չենք համարձակվում մեզ էլ վերագրել նվազագույն իսկ պատասխանատվություն եւ կարողություն: Ռեսուրսների սակավությունը եւ աշխարհաքաղաքական անբարենպաստ իրավիճակն ու անբարյացակամ հարեւաններով շրջապատված լինելը, դեպի ծով ելք չունենալը, ավերիչ երկրաշարժի գերծանր տնտեսական եւ սոցիալական հետեւանքները՝ համեմված անցումային փուլին բնորոշ դժվարություններով եւ զրկանքներով: Սրանք նույնպես կարելի է որակել որպես հոգեբանական եւ այլ կարգի պատճառներ, որոնք կարող են նպաստել մեր ժողովրդի ապագայի նկատմամբ հոռետեսական տրամադրությունների ձեւավորմանը: Բայց, եթե վերը նշված պատճառներն ունեն պատմական եւ որոշ չափով օբյեկտիվ բնույթ, ապա մեզանում արմատներ ձգող հոռետեսության համար բավականին պարարտ հող են ստեղծել նաեւ անկախության հռչակումից հետո մինչ օրս ընկած ժամանակահատվածում հանրային կյանքում տեղ գտած որոշ դրսեւորումներ, որոնք իրենց բնությամբ սուբյեկտիվ են: Դրանց ճանաչումը եւ վերլուծությունը էական են, քանի որ դրանք ոչ միայն պայմանավորված են մեզնով եւ կախված մեզնից, այլեւ ուղղակիորեն ձեւավորում են մեր ժողովրդի հոգեբանությունը՝ մեր հավաքական կարողության եւ ունակության նկատմամբ, մեր սերունդների ապագան սեփական ուժերով կերտելու խնդրում: Որոնք են այդ դրսեւորումները:

90 – 91թթ. անկախության հանդեպ մեր ժողովրդի ոգեւորությունը, որն իր արտահայտությունը գտավ Անկախության հանրաքվեում, զգացողական էր եւ բացառապես պայմանավորված իշխանության եկած քաղաքական ուժերի նկատմամբ վստահությամբ: Իսկ վերջինս ձեւավորվել էր շնորհիվ նրանց կողմից դեռեւս 1988թ. հռչակած քաղաքական կարգախոսների եւ Անկախության Հռչակագրում ամրագրված անկախ պետականության սկզբունքների: Այդ կարգախոսները, ըստ էության, արտահայտում էին ժողովրդի իրական ձգտումները թե՛ մեզ համար շատ զգայուն եւ պատմություն ունեցող ազգային կնճռոտ խնդիրներում եւ թե՛ օբյեկտիվորեն անխուսափելի դարձած պետական, քաղաքական եւ հասարակական համակարգերի բարենորոգումների հարցերում: Սակայն այդ տարիներին շրջանառվող կարգախոսները ժողովրդին հոգեհարազատ էին ոչ միայն նրանով, որ շատ արդիական էին, այլեւ, որ խարսխված էին արդարության եւ բարոյականության մեր արժեքների վրա: Այսինքն, անկախությունը մեզնից յուրաքանչյուրը նույնացնում էր արդարի եւ բարոյականի իր իդեալի հետ՝ կապելով դրա հետ նաեւ իր ապագան, իսկ իշխանության եկած նոր ուժերին դիտում էր որպես այդ իդեալի մարմնավորող եւ իրականացնող: Սա էր, թերեւս, այդ տարիների այն շաղախը, որը ցեմենտում էր ժողովրդին ու իշխանություններին, դարձրել էր նրանց մեկ միասնական բռունցք՝ պատրաստ դիմագրավելու ցանկացած դժվարություն եւ փորձություն, ապավինելով սեփական ուժերին եւ հայրենի իշխանություններին, մերժելով ցանկացած օտար «կենտրոնների» կողմից կարգավորման եւ վերահսկողության անհրաժեշտությունը: Ցավոք, հանրային կյանքում հետագա զարգացումները եւ այսօր արդեն արմատավորվող, ըստ էության, «ավանդույթի» վերածվելու սպառնալիքի հասնող արատավոր բարքերը (ամենից առաջ իշխանության վերին օղակներում կամայականությունը, իշխանության ճանապարհին հռչակած կարգախոսների արհամարհումն ու հասարակական կարծիքի նկատմամբ քմահաճ վերաբերմունքը, քաղաքական ղեկավարների եւ նրանց մերձակա շրջապատի ամենաթող եւ անպատժելի վարքագիծը, քաղաքական ուժերի սերտաճումը տնտեսական խմբավորումների հետ, կաշառակերությունը, իշխանությունը սեփական տնտեսական նպատակներին ծառայեցնելը, օրենքի կամայական կիրառումը, «քաղաքական էլիտան»՝ օրենքից վեր կանգնած արտոնյալների ու անձեռնմխելիների խավի վերածելը) եւ առաջին հերթին դրանց անարդարացի ու անբարո էությունը, ինչպես նաեւ այդ ամենի դեմն առնելու, իրադարձությունների վրա ազդելու հանրության հիմնական զանգվածի անկարողությունը խամրեցրին ժողովրդական այդ ոգեւորությունը, մշուշեցին անկախության իդեալը՝ ծնունդ տալով հուսալքությանը, սեփական ուժերի ու կարողությունների նկատմամբ հոռետեսությանն ու սպառնալի չափերի հասնող արտագաղթին:

1999 թ. ընտրությունների արդյունքում հայտնի լիդերների ձեւավորած քաղաքական միությունը, իհարկե, ժողովրդի մեջ արթնացրեց որոշ հույսեր, սակայն Հոկտեմբերի 27- ը ընդհատեց այդ ընթացքը: Եվ, ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ վերջին ժամանակներս վերը նշած բացասական դրսեւորումները ոչ միայն ավելի են խորացել, այլեւ ստացել են անթաքույց բնույթ, իսկ մեզանում տիրող անկայուն կայունության վիճակը փորձ է արվում պահպանել նախկինում ձեւավորված գործելաոճով:

Ամփոփելով շարադրվածը, վստահաբար կարելի է պնդել, որ անկախության վեհ գաղափարի նկատմամբ ժողովրդի ոգեւորությունը վերակենդանացնելու, ազգային արժանապատվության գիտակցությունը արթնացնելու, դեպի ապագան տրամադրելու համար անհրաժեշտ է իդեալ՝ ժողովրդի ապագայի իդեալը, որում նա կուզենար տեսնել իր զավակներին: Այդ իդեալը, ժողովուրդների միջազգային ընտանիքում իր արժանապատիվ տեղն ունեցող Հայաստան պետությունն է՝ որպես ազգային-պետական կառույց, իսկ հանրային կյանքի կազմակերպման առումով՝ ազատ, արդար եւ բարոյական արժեքները կարեւորող քաղաքացիական հասարակությունը:

Ընդ որում, վերջինս առաջինի ձեւավորման կարեւորագույն նախապայմանն է եւ նրա հիմքերը պետք է դրվեն այսօր: Իսկ դրան հասնելու հիմնական ճանապարհը՝ ամենից առաջ մեր իրականության մեջ, հանրային կյանքի բոլոր ոլորտներում արդարության եւ բարոյականության սերմանումն ու վերականգնումն է: Այդ նպատակով անհրաժեշտ է նախ եւ առաջ նվազագույնի հասցնել վերը նշված սուբյեկտիվ գործոնների առկայությունը եւ ձեւավորել հասարակության մեջ նման երեւույթների նկատմամբ բարոյահոգեբանական անհանդուրժողության ավանդույթ եւ կուլտուրա: Իսկ վերջինս հնարավոր է, եթե մեր քաղաքական վերնախավը, եւ առաջին հերթին հանրապետության ղեկավարությունն ու քաղաքական լիդերները, իրենց քաղաքական կամքով եւ ամենօրյա հասարակական եւ կենցաղային վարքագծով օրինակելի լինեն հանրության եւ, առաջին հերթին, երիտասարդության համար: Լիդերը ոչ միայն ինքը պետք է լինի արդարամիտ եւ պատասխանատու, այլեւ ոչ մի բացառություն չպետք է անի իր հարազատների, մերձավորների, կուսակիցների, ենթակաների համար: Միայն այս դեպքում աստիճանաբար մեր առօրյայում կենդանություն կստանան պարագաների ճնշման տակ ետին պլան մղված մեր բարոյական արժեքները: Շատ երկրների առաջընթացը պայմանավորված է եղել հենց այն հանգամանքով, որ այդ ժողովուրդների պատմության պատասխանատու հանգրվաններում երկրի ղեկավարությունը ստանձնել են ոչ միայն իրավապաշտ, այլեւ համոզմունքներ եւ սկզբունքներ ունեցող, հոգեւոր եւ բարոյական արժեքներ կրող անհատներ (այսօր միանգամայն բնական է հնչում դը Գոլի Ֆրանսիա, Ռուզվելտի Ամերիկա բնութագրումները): Սա է հանրային օրգանիզմը բարոյական արատներից ձերբազատելու միակ եւ կարճ ճանապարհը եւ այսօր, առավել քան երբեւէ, արդիական են Նժդեհի խոսքերը՝ մի ժողովրդի բարոյականն ու հոգեբանականը այն է միայն, ինչը նրա հավաքական հոգու մեջ դրել են նրա ղեկավարները։

Սա նշանակում է, որ հասարակությունը, եւ առաջին հերթին մտավորականությունը, երկրի քաղաքական ղեկավարության (լինի դա նախագահ թե պատգամավոր) ընտրության հարցերում անտարբեր եւ կրավորական կեցվածք ընդունելու իրավունք չունի։ Իշխանությունների բարոյական դիմանկարի պատասխանատուն մտավորականությունն է։

Թոքվիլը անցյալ դարի վերջում իր «Դեմոկրատիան ԱՄՆ-ում» աշխատության մեջ, վերլուծելով Միացյալ Նահանգներում ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման պատմական ընթացքը, ի թիվս մի շարք օբյեկտիվ գործոնների, որոնք բարենպաստ անդրադարձ են ունեցել այդ երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացի վրա՝ դրանց սկզբնական փուլում, առանձնացնում է մի կարեւոր գործոն եւս։ Դա պատմական այն փաստն է, որ 1600-ականների սկզբում Եվրոպայից Նոր Երկիր առաջին արտագաղթողների թվում մեծ զանգված էին կազմում մայրցամաքում հալածվող եւ հետապնդվող մաքրամոլները, որոնք տարբերվում էին արդարության ու բարոյականության իրենց իդեալներով եւ ընդգծված հավատարմությամբ հետամուտ էին լինում բարոյական նորմերի պահպանմանը կյանքում։ Մաքրամոլների առկայությունը՝ հատկապես Հյուսիսային Նահանգներում, հանգեցրեց նրան, որ ձեւավորվող նոր հասարակական օրգանիզմում բարոյական արժեքների ազդեցությունը վճռորոշ էր։ Եվ թեեւ 1650 թ. ընդունվեցին հանրային կյանքը կարգավորող առաջին օրենքները, այդուհանդերձ հասարակությունը դեռ երկար ժամանակ իրական կյանքի իր որակումներում ղեկավարվում էր բարոյական գնահատականներով (բարոյական այս կամ այն նորմի ոտնահարումը որեւէ մեկի կողմից հանրությունը դիտում էր ոչ պակաս, իսկ երբեմն նույնիսկ ավելի պախարակելի արարք, քան օրենքի խախտումը):

Այսինքն, արդարությունն ու բարոյականությունը կամ բարոյական արժեքների համակարգի ձեւավորումը հասարակական կյանքում ունի կառուցվածքաստեղծ նշանակություն եւ բովանդակություն։ Այն սկիզբն է ամեն ինչի, որն ունի հանրային նշանակություն։ Մեծ իմաստով դրանով է պայմանավորված մեր առօրյայի, մեր կենցաղի, մեր կառավարման, մեր գործարարության, մեր ընտանիքի, մեր սերունդների, մեր աշխարհընկալման եւ օտարի հետ մեր հարաբերությունների որակը։ Բարոյականությամբ է պայմանավորված ժողովրդի արժանապատվությունը եւ նրանով է չափվում նրա հավակնելու իրավունքը։ Որովհետեւ բարոյականություն՝ նշանակում է արդարություն եւ ճշմարտություն, լինել բարոյական, նախ եւ առաջ նշանակում է լինել արդար եւ ճշմարտամիտ, հետեւաբար՝ պատասխանատու եւ ուժեղ: Եվ այս ամենում մեծ է հասարակության եւ, առաջին հերթին, մտավորականության դերն ու պատասխանատվությունը։

Ցավոք, այսօրվա մեր իրականությունը շատ հեռու է այդ սկզբունքներից։ Մեր կյանքին այսօր ավելի բնորոշ է դարձել խաբելը, գցելը, շողոքորթելը, քծնելը, չկամենալը, չարախնդալը, ուրիշի անհաջողությամբ ուրախանալը, սեփականը ամեն ինչից վեր դասելը, սեփական նպատակին հասնելու համար ցանկացած միջոց արդարացված համարելը եւ այլն։ Ընդ որում, ոչ այն պատճառով, որ մեզանում ոչինչ բարոյական այլեւս չի պահպանվել, այլ որովհետեւ հաճախ իրական կյանքը, իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունները, մեզանից յուրաքանչյուրին ստիպում են ընտրություն կատարել մեր առօրյա հոգսերի եւ կենսական անհետաձգելի պահանջների լուծմանը օրինական ճանապարհներով հասնելու անասելի դժվարությունների եւ «մի փոքր անօրինական» ճանապարհով, բայց, մեծ հավանականությամբ, դրանց լուծմանը հասնելու հնարավորությունների միջեւ։ Այսինքն, իրականում հանրության մեջ ամրապնդվում է այն մտայնությունը, որ արդարության ու բարոյականության եւ թվացյալ հաջողության միջեւ վերջինի օգտին կատարած ընտրությունը արդարացված է։ Այս կվազիպրագմատիզմով պայմանավորված կենսափիլիսոփայությունը մեզանում բնորոշ է ոչ թե «թույլերին», այլ «ուժեղներին»։ Իսկ ավելի ճիշտ՝ «ուժեղներն» են այդ գաղափարախոսության կնքահայրերն ու հետեւողական իրականացնողները։ Եվ այդ «ուժեղները» միայն քաղաքական եւ պետական այրերը կամ չինովնիկները չեն, միայն օլիգարխները չեն, այդ սկզբունքին, ցավոք, հետեւում է նաեւ մեր մտավորականության տպավորիչ զանգվածը։ Ահա թե ինչու շատ կարեւոր է, որ մտավորականությունն իրեն զգա իր ժողովրդի ապագայի իդեալի պատասխանատուն եւ տերը, հետեւաբար եւ իր Երկրի ու Պետության թե դրականի եւ թե բացասականի պատասխանատուն։

Բոլոր դեպքերում, անցումային շրջանում Անկախ պետության կերտման հնարավորության հեռանկարի նկատմամբ մեր հասարակության հավատն ու ոգեւորությանը միշտ պայմանավորված կլինի նրանով, թե բոլոր ժամանակների մեր իշխանություններն ու իշխանավորները որքանով կկարեւորեն եւ կիմաստավորեն այն թեզը, որ Պետությունը իր ժողովրդի նկատմամբ չի կարող եւ իրավունք չունի լինել անբարո, անարդար եւ անպատասխանատու։

Ինչու՞ է ազգաբնակչության հիմնական մասը հիասթափված ազատական տնտեսական քաղաքականությունից

«Հաջողության հավակնող տնտեսական ցանկացած քաղաքականություն սկսվում է նրա նկատմամբ ազգաբնակչության վստահությունից, քանի որ հենց մարդը իր հոգեբանությամբ, հոգսերով, հույսերով, պլաններով եւ նույնիսկ մոլորություններով պետք է լինի այդ քաղաքականության կենտրոնում։ Առանց բնակչության վստահության՝ գիտականորեն ողջամիտ ճանաչված ցանկացած քաղաքականություն նույնիսկ օդից կախված կմնա» (Լ. էրհարդտ)։

Տնտեսական քաղաքականության այս բնութագրումը կարող է դառնալ ելակետային՝ այն մոտեցումների համար, որոնց պետք է բավարարի անցումային փուլի արդյունավետ քաղաքականությունը։ Քաղաքական իմաստնությունը թելադրում է, որ անցումային փուլի ամենահրատապ խնդիրը պետք է լիներ այն, որ մերժելով մի կողմից վայրի, տարերային շուկայական եւ մյուս կողմից կենտրոնացված պլանավորման եւ բաշխման տնտեսական մոդելները, գտնել ազատության եւ հավասարության միջեւ այնպիսի հաշվեկշիռ, որը հասարակության ներսում կապահովեր արդարություն, իսկ տնտեսական համակարգը կդարձներ արդյունավետ։ Դրան հասնելու ամենագլխավոր նախապայմանը, ինչպես ցույց է տալիս մի շարք երկրների փորձը, լիակատար ազատ մրցակցության ապահովումն է, այնպիսին, որը մոնոպոլիաների, կառավարության, քրեածին-մաֆիոզ կառույցների եւ լոբբիստական խմբերի ճնշման ու ազդեցության տակ ենթակա չէ ձեւախեղման։

Այդ նույն փորձը ցույց է տալիս, որ տնտեսական մոդելը, որը առավելագույնս համապատասխանում է մարդկանց բնականոն պահանջների բավարարմանը, սոցիալական շուկայական տնտեսական համակարգն է։ Այդ մոդելի սոցիալականությունը երաշխավորվում է նրանով, որ ոչ թե կառավարությունը կամ մոնոպոլիաներն են թելադրում ինչ, ինչպես եւ երբ արտադրել, այլ գնորդը, որպես վերջնական սպառող։ Այլ կերպ ասած, պետք է գործի ոչ թե մարդը տնտեսության համար, այլ տնտեսությունը մարդու համար սկզբունքը, որով պայմանավորված է ցանկացած տնտեսական համակարգի սոցիալական բնույթը։

Ընտրության եւ նախաձեռնության ազատություն – ահա սա է սոցիալական արդարության հիմնարար եւ անկյունաքարային նախապայմանը։ Իսկ այդ խնդիրը կարող է լուծել միայն «շուկան»։ Սակայն ոչ տարերային շուկան, որի «անտեսանելի ձեռքը» ընդունակ չէ ազատության եւ հավասարության տեսակետից կարգավորիչ դեր կատարել, քանի որ վայրի շուկան միշտ չէ, որ կարող է ապահովել կապիտալի արդյունավետ օգտագործումը։ Ընդ որում, արդյունավետությունը տվյալ դեպքում պետք է ընկալել ոչ թե կոնկրետ ներդրումների շահութաբերության, այլ երկրի ամբողջական սոցիալ- տնտեսական համակարգի արդյունավետության տեսանկյունից։ Այսինքն, կապիտալի օգտագործման արդյունավետությունը երկրի տնտեսական համակարգի արդյունավետության հոմանիշը չէ, այն ինքնին չի երաշխավորում ազգային հարստության, այսինքն նյութական եւ ոչ նյութական բարիքների սպառման աճ։ Վայրի շուկայի պայմաններում արտադրության աճը, որպես կանոն, չի հանգեցնում սպառման աճին եւ շղթան այդ երկուսի միջեւ հաճախ խզվում է, որովհետեւ այդ տնտեսական համակարգում կապիտալը չի կրում սոցիալական ֆունկցիա, այլ կողմնորոշված է բացառապես սեփական շահույթն առավելագույնի հասցնելու նպատակին (օգտագործելով անազնիվ մրցակցության բոլոր հնարավոր հնարքները, շուկայում գների սահմանման կարտելային համաձայնությունները եւ այլն), արդյունքում՝ եկամուտների գերակշիռ մասը բաժին է ընկնում հասարակության շատ նեղ խմբին, իսկ վերջիններս, իրենց սպառման անսահմանափակ ձգտումների պարագայում անգամ, չեն կարող փոխարինել հանրության մնացած սեկտորի սպառման ներուժը։ Այսինքն, ինքնահոսի թողած շուկան վերջին հաշվով դատապարտված է սպառելու ինքն իրեն՝ որպես շուկայական տնտեսական համակարգ, քանի որ անխուսափելիորեն հանգեցնում է կապիտալի եւ արտադրության կենտրոնացմանը՝ սահմանափակ սուբյեկտների ձեռքում։ Տնտեսության մոնոպոլիզացիան, ըստ էության, խաթարում է պահանջարկի եւ առաջարկի ազատության վրա խարսխված գնագոյացման ինստիտուտը, ոչնչացնում է ազատ մրցակցությունը, սպառնում ազատական քաղաքական – տնտեսական համակարգին։

Այդուհանդերձ, շուկան ամենակատարյալն է տնտեսական պրոցեսների կարգավորման գոյություն ունեցող բոլոր գործիքների մեջ։ Սակայն միայն պետությունն է ընդունակ շուկան փրկել ինքն իրենից, քանի որ պետության վրա դրված է ոչ թե յուրաքանչյուրի, այլ հասարակության ընդհանուր բարօրության ապահովման հոգսը եւ, իր այդ առաքելության իրականացմամբ, պետությունը, ըստ էության, շուկային հաղորդում է սոցիալական բովանդակություն եւ ուղղվածություն։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ տնտեսական կյանքի վրա պետության ազդեցության հնարավորությունների տեսականին բավականին լայն է, սակայն դրանից հարկավոր է օգտվել անչափ զգույշ, որպեսզի չսպանել ոսկե ձվեր ածող հավին։ Այդ գործիքները հիմնականում մակրոտնտեսական կարգավորման (ֆինանսական, վարկային, վալյուտային, հարկային, մաքսային) քաղաքականության գործիքներն են, եւ ոչ թե առանձին արտադրությունների մանր-մունր հովանավորությունը։

Այս ամենի հետ մեկտեղ, պետության սոցիալական բնույթը ոչ մի ընդհանուր եզրեր չունի հասարակություն մեջ ֆիլանտրոպիայի կամ խնամակալական տրամադրությունները խրախուսելու հետ։ Այն հանդիսանում է պետության օրգանական բաղադրիչը, քանի որ տնտեսության արդյունավետությունը պետության համար ինքնանպատակ չէ, այլ իր քաղաքացիների նյութական եւ հոգեւոր պահանջները բավարարելու միջոցներից մեկը։ Օրինակ, ետպատերազմյան Գերմանիայում հիմնական սննդամթերքի գների նկատմամբ պետական հսկողությունը վերացվեց միայն 1958 թ., երբ ապահովվեց գերմանական մարկի փոխարկելիությունը։ Տրանսպորտային եւ փոստային ծառայությունների տարիֆները բարձրացվեցին 1966թ, երբ հանվեցին կապի միջոցներին հատկացվող պետական դոտացիաները։ Բավականին երկար պահպանվեցին դոտացիաները գազի, էլեկտրաէներգիայի եւ քարածխի վրա։ Բավականին երկար ժամանակ գործում էր «Ամեն մեկին» ծրագիրը, որով նախատեսվում էր շատ նեղ տեսականիով ամենաանհրաժեշտ ապրանքների տրամադրումը ազգաբնակչությանը՝ ցածր եւ մատչելի գներով։ Այսինքն՝ պետության հիմնական խնդիրը պետք է լինի իրեն պատասխանատու զգալ քաղաքացիների սոցիալական հոգսերի նկատմամբ եւ առավելագույնս օգտագործել պետական հնարավորությունները իրավիճակը մեղմելու համար՝ առանց մասնավոր մրցակցության ոլորտում որեւէ միջամտության։

Մի կարեւոր հիմնադրույթ եւս, որով էականորեն պայմանավորված է շուկայական տնտեսության սոցիալական բովանդակությունը։ Հանրային գիտակցության մեջ պետք է արմատավորել սահմանադրական նորմի մակարդակով ամրագրված այն դրույթը, որ սեփականությունը ծնում է ոչ միայն իրավունք, այլեւ պատասխանատվություն։ Ցանկացած սեփականության, եւ առաջին հերթին մասնավոր սեփականության, ինստիտուտ պետք է ծառայի նախ եւ առաջ ընդհանուր բարօրությանը։ Սա այն առանցքային հարցադրումն է, որով շուկայական տնտեսական համակարգում ապահովվում է կապիտալի սոցիալական բնույթը՝ ծառայեցնելով այն նյութական եւ ոչ նյութական բարիքների սպառման, հետեւաբար եւ ազգային հարստության աճի ապահովման խնդրին։ Այսինքն, տնտեսության մեջ սեփականության մասշտաբային փոփոխությունների պարագայում առանձնահատուկ կարեւորություն է ստանում հասարակության ներսում եկամուտների արդարացի վերաբաշխման մեխանիզմների ձեւավորման խնդիրը։ Կապիտալի աճը, նրա շահութաբերությունը միայն ա՛յդ դեպքում կարող են հանգեցնել ընդհանուր սպառման աճին, հետեւաբար եւ ընդհանուր բարօրության ու կենսամակարդակի բարձրացման։ Այս առանցքային խնդրի խեղաթյուրումով պետք է բացատրել այն փաստը, որ մեզ մոտ ՀՆԱ-ի 9,6 % աճի պայմաններում ազգաբնակչության 68 %-ը գտնվում է չքավորության շեմից ներքեւ։

Ամփոփելով վերոշարադրյալը, կարելի է տալ արդյունավետ տնտեսական քաղաքականության հետեւյալ բնութագրումը՝ պետության տնտեսական քաղաքականությունը պետք է խարսխված լինի ազատ մրցակցության եւ քաղաքացի – պետություն փոխադարձ պատասխանատվության վրա, իսկ տնտեսական համակարգը պետք է լինի սոցիալական կողմնորոշմամբ, բայց իր էությամբ՝ շուկայական։

Ընդ որում, գործնական մեծ կարեւորություն է ստանում այն պահանջների ձեւակերպումը, որոնց պետք է բավարարի անցումային փուլի արդյունավետ տնտեսական քաղաքականությունը։

Տնտեսական քաղաքականությունը պետք է քաղաքացիների համար լինի հասկանալի եւ ընկալելի (հետապնդվող նպատակների եւ ակնկալվող արդյունքների առումով), քաղաքական գործիչները պետք է մարդկանց համոզեն դրա ճշմարտացիությունը, քաղաքականությունը պետք է հետեւողական լինի, քանի որ վայրիվերումներն ու տարուբերումները ցանկացած քաղաքականության վատագույն տեսակն է, այն պետք է լինի թափանցիկ եւ ազնիվ, եւ վերջապես՝ պետք է ճիշտ մշակված լինի դրա մարտավարությունը, այսինքն` քաղաքականությունը ոչ միայն պետք է կողմնորոշված լինի դեպի երկարաժամկետ վերջնական արդյունքները, այլեւ բնակչության սպասումների տեսանկյունից ողջամիտ ժամանակներում համոզիչ շոշափելի էֆեկտի ապահովմանը։

Ահա սա է անցումային փուլում պետության տնտեսական քաղաքականության միջազգային պրակտիկայի հայեցակարգային համառոտ բնութագրումը։ Եվ եթե փորձենք այս պահանջների տեսանկյունից վերլուծել մեր սոցիալ-տնտեսական իրականությունը, որը ներկայացվում է որպես ազատական տնտեսական քաղաքականության հիման վրա ձեւավորվող տնտեսական համակարգ, ապա ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ցույց կտա, թե որքանով է այն շեղված վերը շարադրած սկզբունքներից։ Ընդ որում, շեղումներ կարելի է արձանագրել ոչ միայն եւ ոչ այնքան հայեցակարգային քաղաքական մոտեցումներում, որքան, եւ հատկապես, դրանց գործնական կիրառման փուլերում՝ կառավարման բարձր եւ միջին օղակների մեկնաբանություններում եւ գործողություններում։ Այդ շեղումները, որոնց արդյունքում խեղաթյուրվել է պետության դերն ու պատասխանատվությունը՝ նրա սոցիալական բովանդակության առումով, եւ որոնք վտանգում են տնտեսական համակարգի շուկայական էությունը՝ հանգեցնելով անարդարության ու անհավասարության եւ որոնք հանգեցրել են նրան, որ ազգաբնակչության հիմնական զանգվածը (ըստ էության 68%-ով զրկված է իր տարրական հոգսերը սեփական ուժերով հոգալու կարողությունից, հենց հանդիսանում են հանրության լայն հատվածի մեջ ազատական տնտեսական համակարգի նկատմամբ օրեցօր խորացող հիասթափության եւ վաղվա օրվա նկատմամբ անվստահության էս անորոշության ձեւավորման պատճառը։

Մի դիտարկում եւս։ Վերջին տարիներին քաղաքական բանավեճերում, հրապարակային վերլուծություններում եւ մեկնաբանություններում, հատկապես պետական այրերի ու քաղաքական գործիչների պարագայում, իսպառ վերացել են տեսությունից բխող հայեցակարգային հարցադրումները։ Միամիտ կլիներ ենթադրել, թե դա պայմանավորված է նրանով, որ այդ հիմնադրութային մոտեցումները մեզանում այնքան են արմատավորվել, որ այս կամ այն քաղաքական կամ տնտեսական խնդիրը գործնականում հիմնավորելու կամ մեկնաբանելու համար տեսական հայեցակարգային հիմնավորումների անհրաժեշտություն այլեւս չի զգացվում։ Իհարկե, տեսական մեկնումների եւ հիմնավորումների պահանջարկ այսօր էլ կա։ Տեսական բանավեճերի բացակայությունը ավելի շուտ պայմանավորված է մեր քաղաքական ընտրանու հիմնական զանգվածի փորձառության ու կրթական որակներով եւ պատասխանատվության սեփական ընկալմամբ։ Փորձել վերակենդանացնել տեսական բանավեճերը մեր քաղաքական իրականությունում՝ թերեւս դա էր այս շարադրանքի տեսական բնույթի պատճառը։

Ինչու՞ է մեզանում արժեզրկվել «իշխանություն» հասկացությունը կամ ինչու՞ մեր երկրում իշխանությունների անհաջողությունը շատերին հրճվանք է պատճառում

Հարցի պատասխանը, որքան էլ ակնհայտ, այդուհանդերձ, շատ հրատապ է, եթե փորձենք այդ հարցը ծնող պատճառներին անդրադառնալ համակարգային բնույթի արատների վերհանման նպատակով։

Նախ, առաջին եւ ամենաակնհայտ պատասխանն այն է, որ հանրության հիմնական զանգվածը վերջին տասը-տասներկու տարիների ընթացքում իշխանությունների գործունեության արդյունքում չի տեսնում որեւէ քիչ թե շատ շոշափելի արդյունք, դրական տեղաշարժ՝ իր եւ իր մերձավորների կյանքում։ Ազգաբնակչության հիմնական հատվածի համար իշխանությունների վարած քաղաքականությունները ամենատարբեր ոլորտներում մնացել են անհասկանալի՝ հետապնդվող նպատակների եւ ակնկալվող հանրային արդյունքների տեսանկյունից։ Իշխանությունների հրապարակած կարգախոսներն ու ծրագրերի մեծ մասը ոչ միայն արդյունավետ չի իրագործվել, հետեւաբար եւ տեսանելի արդյունք չի տվել շոշափելի ժամանակահատվածներում, այլեւ հանրությունը հաճախ չի արձանագրել դրանց իրականացմանն ուղղված քիչ թե շատ հետեւողական գործունեություն ծավալելու իշխանությունների ձգտումը։

Արդյունքում, հողի եւ արտադրության միջոցների լայնամասշտաբ սեփականաշնորհումից հետո էլ, ներդրումների համար բավականին բարենպաստ օրենսդրական պայմաններ ապահովելուց հետո էլ, պատերազմում հաղթելուց հետո էլ, Սահմանադրություն ընդունելուց հետո էլ, Սփյուռքից եւ օտար պետություններից ֆինանսական տպավորիչ աջակցություն ունենալուց հետո էլ, նոր արտադրություններ եւ աշխատատեղեր բացելուց հետո էլ, կայուն դրամավարկային եւ ինֆլյացիոն մթնոլորտ ձեւավորելուց հետո էլ, արտահանման ծավալներում զգալի տեղաշարժ ապահովելուց հետո էլ, ներմուծմանը փոխարինող տեղական արտադրությունները հետեւողական խթանելուց հետո էլ, ՀՆԱ-ի 9,6 % աճ ապահովելուց հետո էլ, այսօր՝ տասը տարի անց, մենք արձանագրում ենք, որ ազգաբնակչության 68 %-ը իր կենսամակարդակով, այսինքն` իր հոգսերը հոգալու տարրական կարողություններով, գտնվում է աղքատության շեմից ցածր վիճակում։ Այսինքն, իշխանությունների «ահռելի ջանքերը», ուղղված հասարակական կյանքն ու առօրյան բարենորոգելուն, այդ 68 %-ի համար շոշափելի արդյունք չեն տվել կամ, որն ավելի ճիշտ է, նրանց հետ ուղղակի առնչություն չունեն։

Գուցե դա հետեւանք է այն բանի, որ տնտեսական վիհը, որում հայտնվել էինք մենք Սովետմիության փլուզումից հետո, այնքան խորն էր, որ նույնիսկ այդչափ ջանքերից հետո էլ արդյունքները դեռ շատերի հաճար օբյեկտիվորեն շոշափելի չէին կարող լինել։ Իրավիճակի նման պատճառաբանությունը միգուցե եւ ընդունելի լիներ եւ հիմք՝ իշխանություններին ըմբռնումով վերաբերելու համար, եթե, ցավոք, իրականությունը չթելադրեր մեկ այլ մեկնաբանություն։

Իրականում գնալով ծաղկում է ստվերային տնտեսությունը, եկամուտների եւ ունեցվածքի ճչացող անարդարացի բախշման հետեւանքով խորանում է շերտավորումը հասարակության մեջ, ոչ միայն աճում է խզումը առավելագույն եւ նվազագույն եկամուտների միջեւ, այլեւ եկամուտների գերակշիռ մասը բաժին է ընկնում հասարակության ավելի նեղացող սեկտորին։ Գնալով նեղանում են գործարար կյանքի այն ոլորտները, որտեղ գործում է ազատ եւ առողջ մրցակցությունը՝ շուկայական պայմաններում տնտեսության եւ սոցիալական արդարության ամենագլխավոր կարգավորիչ ինստիտուտը։ Գործարար աշխարհը ընտելացել եւ ղեկավարվում է խաղի չգրված անարդարացի «կանոններով»։ Շարունակում է անվրեպ գործել հակաշուկայական այն համակարգը, որում մրցակցության մեջ ուժեղ է ոչ թե նա, ով մրցունակ է իր գործնական որակներով, տնտեսական ճիշտ որոշումներ կայացնելու ունակությամբ, այլ նա, ով ունի ուժեղ քաղաքական տանիք, «անձեռնմխելի» է եւ վեր՝ օրենքից։

Արդյունքում, մանր գործարարները դուրս են մնացել հատկապես այն սեկտորներից (սննդարդյունաբերություն, ծառայությունների մատուցում եւ այլն), որտեղ բարձր է կապիտալի շրջանառելիությունը եւ համեմատաբար համեստ սկզբնական կապիտալով կարելի էր սեփական «գործ դնել»: Այդ ոլորտները, ոչ առանց իշխանավորների աջակցության, հայտնվել են տնտեսական «օլիգարխների» լիակատար տնօրինության տակ: Այսինքն, անցած տարիների ընթացքում իշխանությունների գիտակցված կամ ոչ գիտակցված գործունեության արդյունքում, ըստ էության, չեզոքացվել է միջին խավը եւ շարքային քաղաքացիների ճնշող հատվածը զրկվել է արժանապատիվ ապրելու եւ սեփական ուժերով իր նվազագույն հոգսերը հոգալու կարողություն ձեւավորելու հնարավորությունից:

Իհարկե, այս տխուր արդյունքը կարելի էր բացատրել անցումային շրջաններին բնորոշ այնպիսի օբյեկտիվ գործոնով, ինչպիսին է իշխանությունների՝ ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու եւ ճշգրիտ որոշումներ կայացնելու փորձառության պակասը, եթե դրա հետ մեկտեղ հանրությանը նկատելի լիներ ժողովրդի հիմնական հատվածի հոգսերի եւ պրոբլեմների նկատմամբ այդ նույն իշխանությունների եւ իշխանավորների սեփական պատասխանատվության գիտակցումն ու դրանց մեղմացմանն ուղղված սրտացավ եւ հետեւողական քայլեր կատարելու պատրաստակամությունը:

Ընդհակառակն, անկախության՝ անցած տարիների եւ ոչ մի փուլում չմարեց ցանկացած գնով իշխանական կառույցներում հայտնվելու՝ շատ շատերի անթաքույց ձգտումը, քանի որ նրանց մեծ մասի համար իշխանական լծակները մնացել են միակ «ամենառացիոնալ» գործիքը սեփական կենցաղը բարելավելու, «ուժեղներին» ծառայելու միջոցով նաեւ անձնական խնդիրները կարգավորելու համար: Ընդ որում, սկսած 1995թ. Ազգային ժողովի ընտրություններից, նման ձգտում սկսեցին դրսեւորել նաեւ տարբեր տրամաչափի ոչ քաղաքական հեղինակություններ եւ ստանալով իշխող ուժի «դաբրոն», իսկ երբեմն նույնիսկ նրա ցուցակներով, ներխուժեցին քաղաքականություն: Հետագայում Ազգային ժողովի 1999թ. ընտրություններում այդ ներխուժումը ստացավ ավելի մեծ ծավալներ եւ անթաքույց բնույթ:

Իսկ Հոկտեմբերի 27-ից հետո առ այսօր ընկած ժամանակահատվածում իշխանությունների ձեւավորման խնդիրները լուծվել են՝ ծառայեցնելով դրանք բացառապես կառավարելիության նպատակներին՝ ոչ միայն անտեսելով քաղաքական համակարգերի ձեւավորման տարրական սկզբունքները, այլեւ շրջանցելով իշխանությունների պատասխանատվությունը երաշխավորող հանրային ինստիտուտները:

Ցավոք, թե վերեւներում եւ թե ներքեւներում, մենք դեռ չենք հասկացել, որ պետության (իշխանությունների) միակ առաքելությունը հասարակության ընդհանուր բարօրության ապահովումն է ու, առանց բացառությունների, բոլորի համար ապրելու բավարար եւ հավասար հնարավորություններ ստեղծելը: Որ իշխանությունները կոչված են հանրային ծառայություններ մատուցելու հասարակությանը, այլ ոչ թե «ընտրանուն», եւ որ հասարակական օրգանիզմի բնականոն գործունեության հիմնական երաշխավորի՝ պետության, այս կարեւորագույն պատասխանատվության ցանկացած խեղում, ցանկացած բացառություն կործանարար է հեռանկարում: Այս պարզագույն իմաստության ընկալման բացակայությունը վերեւներում հանգեցրել է իշխանությունների համատարած անպատասխանատվությանը հասարակության առջեւ, ձեւավորել անպատժելիության եւ ամենաթողության մթնոլորտ իշխանական բոլոր օղակներում եւ օտարել նրանց հանրությունից:

Մյուս կողմից, հասարակական կարծիքը որպես իշխանավորին զսպելու, նրա գործունեության վրա հասարակական ազդեցություն գործելու միջոց եւ մեխանիզմ՝ դադարել է այդպիսին լինելուց՝ նույն իշխանությունների անպատասխանատվության հետեւանքով:

Արդյունքում՝ ձեւավորվել են երկու զուգահեռ աշխարհներ՝ իշխանությունները, իրենց անձնական խնդիրներով եւ հետաքրքրություններով, հանրությունը՝ իր անկանխատեսելի առօրյայով եւ վաղվանով, միմյանց հետ ոչ մի կապ չունեցող, միմյանցով չապրող համակարգեր, մեկը՝ վերեւում, մյուսը՝ նրա տակ: Այդ համակարգերը իրենց գնահատականներով թերեւս մի հարցում են համատեղվում: Երկուսն էլ «իշխանությունների հաջողության կամ անհաջողության» տակ ընկալում են ոչ թե իրականացված քաղաքականության հանրային արդյունավետության որակումը, այլ պետական կառավարման լծակներին տիրելու կամ դրանցից զրկվելու հանգամանքը:

Այդ է պատճառը, որ մեր երկրում որեւէ իշխանության կամ իշխանավորի անհաջողություն հրճվանք է պատճառում հասարակության մեծ մասին, քանի որ նրա հաջողությունը, այսինքն իշխանության ղեկի մոտ երկար մնալը, օգուտ է միայն իրեն՝ իշխանավորին: Այդ է պատճառը, որ այսօր «իշխանություն» հասկացությունը արժեզրկվել է այնչափ, որ շատերի մեջ այն առաջացնում է հակակրանք եւ «ինչ-որ անարդարացիի» հետ կապված մտապատկերացումներ: Գուցե եւ շատ խիստ է ասված, բայց սա է դառը ճշմարտությունը եւ իշխանություններն ու իշխանավորները պետք է լրջորեն մտահոգվեն:

Ինչու՞ է մեզանում արժեզրկվել կուսակցություն կամ քաղաքական գործիչ հասկացությունը կամ քաղաքական համակարգի անհետաձգելի ռեֆորմի մասին

Վերջին ժամանակներս մամուլը նախանձելի պարբերականությամբ եւ ամենատարբեր վերլուծություններով անդրադառնում է տարբեր եւ, առաջին հերթին, խորհրդարանում ներկայացված կամ ներքաղաքական կյանքում կարեւոր դերակատարման հավակնող քաղաքական կուսակցությունների ներկուսակցական կյանքի այսօրվա իրավիճակին, դրանց առաջիկա հնարավոր զարգացումներին: Ընդ որում, անկախ այդ վերլուծությունների բնույթից՝ խայթող, թունոտ, մտահոգ թե բարյացակամ, ներկուսակցական իրադարձությունները ուղղակի կամ անուղղակի կամրջվում են հանրային կյանքում տեղի ունեցող իրադարձությունների, դրանց հնարավոր զարգացումների հետ:

Այս հարցերն առանձնահատուկ քաղաքական երանգ են ձեռք բերում հատկապես նախընտրական ընթացիկ տարում: Այս թեմաները քննարկվում են ոչ միայն մամուլի էջերում, այլեւ դառնում են առօրյա մեր աշխատանքային եւ ընտանեկան զրույցների, իսկ երբեմն նաեւ` բուռն վեճերի առարկա: Մի կողմ թողնելով դրականն ու բացասականը, սեւն ու սպիտակը, կարելի է արձանագրել հետեւյալ իրողությունը. հանրային գիտակցության մեջ գնալով ավելի ու ավելի է կարեւորվում կուսակցությունների դերը պետական շինարարության գործում, նրանց քաղաքական պատասխանատվությունը մեր ժողովրդի ներկայի եւ ապագայի համար: Այդ են վկայում նաեւ ընտրությունների մասին օրենքում հօգուտ համամասնական ընտրակարգի արված փոփոխությունները: Բայց ավելի կարեւոր է այն, որ կուսակցությունները նույնպես չեն խուսափում ստանձնել այդ պատասխանատվությունը՝ համենայնդեպս, նրանք դա հայտարարում են:

Սակայն ի՞նչ է նշանակում ստանձնել պետության կառավարման քաղաքական պատասխանատվությունը: Դա նշանակում է իշխանության անցնելուց հետո (ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կազմելուց, կառավարությունում եւ Սահմանադրությամբ նախատեսված պետական այլ մարմիններում իր կուսակիցներին սահմանված կարգով նշանակելուց հետո) կուսակցության նախընտրական խոստումների եւ հռչակած քաղաքականության իրականացման համար կուսակցության որոշումները պետական կառավարման համակարգի միջոցով կյանքի կոչել:

Այլ կերպ ասած, պետության կարեւորագույն խնդիրների վերաբերյալ կուսակցության ընդունած որոշումներին պետական համակարգի միջոցով օրենքի կամ այլ նորմատիվ ակտի ուժ տալ եւ իրականացնել: Հետեւաբար, հասարակության համար բացառիկ նշանակություն է ստանում այն հանգամանքը, թե ինչպես են ծնվում եւ ընդունվում այդ որոշումները կուսակցությունների ներսում եւ, ինչն ավելի կարեւոր է, ինչպիսի մտավոր, հոգեւոր եւ բարոյական արժեքներ են կրում այն մարդիկ, ովքեր ընդունում են այդ որոշումները եւ հավակնում են վաղը հայտնվել պետական կառավարման համակարգում, ինչպիսի սոցիալական-տնտեսական (անձնական թե հանրային) շահեր են հետապնդում նրանք առօրյա կյանքում: Այսինքն` որեւէ քաղաքացու, հասարակության որեւէ անդամի համար շատ կարեւոր է դառնում, թե ովքեր են ընդգրկված այս կամ այն կուսակցության մեջ, ինչ հետաքրքրություններ են հետապնդում առօրյայում, որքանով են նրանց հետաքրքրությունները համընկնում կուսակցության եւ պետության խնդիրների հետ, ինչպիսի ներկուսակցական կառուցվածքային մեխանիզմների միջոցով են նրանք մասնակցում եւ ազդում քաղաքական որոշումների ընդունմանը, գործնականում որքանով է էական այդ ազդեցությունը (գործում են ներկուսակցական դեմոկրատիայի ինստիտուտները, թե ներկուսակցական կյանքն ամբողջությամբ ենթակայված է լիդերի եւ նրա կուսակցական մերձավորների ավտորիտար ազդեցությանը) եւ այլ, առաջին հայացքից խիստ ներկուսակցական, բայց հասարակության համար քաղաքական կարեւորություն ձեռքբերող հարցեր: Հասարակությունը պետք է կարողանա օբյեկտիվ գնահատել կուսակցությունների` հասարակության ինքնակառավարման այդ յուրահատուկ մեխանիզմների մտավոր եւ բարոյական պոտենցիալը, որպեսզի երաշխավորված լինի քաղաքական ավանտյուրաներից:

Խոսքն այս կամ այն կուսակցության դավանած գաղափարախոսության կամ ծրագրերի մասին չէ, առավել եւս, որ նրանցից շատերի առօրյա վարքագիծը երբեմն ուղղակի հակասում է իրենց իսկ հռչակած ծրագրերին եւ լոզունգներին: Աստված իրենց հետ, յուրաքանչյուրը քաղաքականության մեջ բարոյականության իր պատկերացումներն ունի, եւ դատավորն այստեղ ժողովուրդն է, իսկ ավելի ճիշտ՝ ընտրողը: Խոսքը մեր հասարակության մեջ արդեն արմատներ գցող քաղաքական այն պրոցեսին է վերաբերում, որի անվանումն է «հասարակության կուսակցականացում», եւ որը մի կողմից ուղղակիորեն պայմանավորում է կուսակցությունների պոտենցիալը, մյուս կողմից ակամա կարող է հանգեցնել հենց այդ նույն ընտրողի չեզոքացմանը, նրան` որպես հասարակության ակտիվ եւ շահագրգիռ տարրի ազատ ընտրելու հնարավորությունից զրկելուն:

Առաջին հայացքից ասվածը կարող է թվալ հակասական, բայց փորձենք հիմնավորել: Ցանկացած քիչ թե շատ լուրջ կուսակցություն իր քաղաքական գլխավոր նպատակն է համարում ընտրությունների միջոցով իշխանության գալը: Մեր որոշ կուսակցություններ, իրոք, ձգտում են հասնել իրենց այդ նպատակին, որոշ կուսակցություններ էլ տպավորություն են ստեղծում, թե ձգտում են դրան: Բայց, բոլոր դեպքերում, նրանք մեր հասարակությանն իրենց «լրջությունը» կամ իշխանության գալու իրենց վճռականությունը փորձում են ապացուցել ոչ միայն, իսկ ավելի հաճախ` ոչ այնքան գաղափարախոսությամբ եւ գործունեության կոնկրետ ծրագրերով, որքան իրենց շարքերի մարդաշատությամբ` որքան շատ կուսակցականներ, այնքան հզոր եւ ազդեցիկ կուսակցություն:

Եվ, իրոք, եթե մի պահ պատկերացնենք, որ որեւէ մի կուսակցության հաջողվեր իր շարքերն ընդգրկել, օրինակ, մի չորս-հինգ հարյուր հազար մարդ, ապա գործնականում «իշխող» կոչումը նրա համար երաշխավորված կլիներ ընդմիշտ, որովհետեւ այդ մի չորս-հինգ հարյուր հազար մարդն ընտրություններին, առաջնորդվելով իրենց կուսակցական պատկանելությամբ, ներկուսակցական պարտադրանքով կամ կուսակցական հավատարմությամբ, բայց ոչ իրենց ընտրական կամքի ազատ արտահայտմամբ, իրենց ձայնը կտան «հարազատ» կուսակցությանը: Համոզված եմ, որ այսօր քաղաքական թատերաբեմում գործող կուսակցությունները երազում են այդ մասին: Այլապես դժվար է բացատրել «մարդաորսության» այն տենդագին մրցավազքը կուսակցությունների միջեւ, որ դիտվում է այսօր: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամեն մի հավակնոտ կուսակցություն, եթե հնարավորություն ունենա, ապա իր բջիջը կստեղծի ամենահեռավոր, մի քանի ընտանիքով բնակեցված գյուղում անգամ, էլ չասենք քաղաքների մասին:

Ըստ էության, մեզանում առ այսօր պահպանվել է կուսակցության կառուցվածքի եւ ներկուսակցական կյանքի վերաբերյալ միակուսակցական համակարգի ժամանակներից եկող ստերեոտիպ պատկերացումը: Այդ պատկերացումով էին ղեկավարվում խորհրդարանական մեր կուսակցությունները կուսակցությունների մասին համապատասխան օրենքի ընդունման ժամանակ, որում կուսակցությունների թվաքանակի կրճատման կվազիքաղաքական խնդրին հետամուտ լինելով կամ այդ պատրվակով, ամրագրվեցին կուսակցությունների գործունեության արհեստական սահմանափակումներ (անդամների թվաքանակի նվազագույն սահման, բոլոր մարզերում բջիջներ ունենալու պարտադրանք, ընտրություններում անհրաժեշտ նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում կուսակցության լուծարում եւ այլն):

Մենք դեռ չենք կարողանում հասկանալ, որ կուսակցության քաղաքական հեղինակությունը պայմանավորված է ոչ թե նրա անդամների թվաքանակով, այլ այդ կուսակցության, նրա անդամների հավաքական քաղաքական որակներով, այն է՝ իրավիճակին համարժեք որոշումներ կայացնելու ունակությամբ, նրա անցած քաղաքական ուղիով, կենսագրությամբ ու փորձառությամբ, եւ վերջապես ընտրություններում ազատ ընտրազանգվածի աջակցությամբ եւ վստահությամբ: Սա այն դեպքը չէ, երբ քանակը հանգեցնում է որակի, առավել եւս մեր պարագաներում: Եվ եթե այս երեւույթը այնչափ ծավալվի եւ խորանա, որ վերածվի քաղաքական հոգեբանության եւ ավանդույթի, կուսակցությունների համար իշխանության հասնելու միակ միջոցի, ապա բոլորովին անհեռանկարային չի թվում այն իրավիճակը, երբ բոլորս գնանք ընտրությունների որպես կուսակցականներ (շուրջ մեկ միլիոն ակտիվ ընտրողների միանգամայն հնարավոր է ընդգրկել մի յոթ-ութ կուսակցությունների մեջ), մի կողմ թողնելով մեր նախապատվությունները եւ սոցիալական շահերը:

Այսինքն, այս ուղին վտանգավոր է նրանով, որ մենք կարող ենք կորցնել կամ վերացնել ժողովրդավարական քաղաքացիական հասարակության ամենահիմնական տարրը` ազատ ընտրություն կատարելու ունակ քաղաքացուն, որը ելնելով իր քաղաքացիական, հասարակական, սոցիալական նախապատվություններից, հետաքրքրություններից եւ շահերից, իր ձայնն է տալիս այս կամ այն կուսակցությանը` վստահելով նրան մինչեւ հաջորդ ընտրությունները պետության ճակատագիրը եւ հանրային հոգսերի լուծումը: Ազատ ընտրություն կատարելու ունակ այդ քաղաքացու գոյությամբ է պայմանավորված ցանկացած քաղաքացիական, ժողովրդավարական հասարակության կենսունակությունը: Այդ ազատ քաղաքացին է քաղաքակրթության եւ առաջընթացի երաշխիքը:

Գուցե ոմանք նման մտահոգությունը համարեն չափազանցված: Թերեւս կարելի կլիներ հաշտվել նման գնահատականին, եթե վերը նկարագրված երեւույթը լիներ ընդամենը կուսակցությունների ներքին խնդիրը եւ հանրությանն առնչվեր անուղղակիորեն: Մինչդեռ, ցավոք, այդպես չէ եւ պարզվում է, որ կուսակցությունների այդ, առաջին հայացքից շատ բարի, մղումը կանխորոշում է նրանց քաղաքական գործունեության բնությունն ու տրամաբանությունը եւ կարող է բացասաբար անդրադառնալ հասարակության վրա: Ի՞նչն է հիմք հանդիսանում այդչափ պատասխանատու եզրակացության համար: Կուսակցությունը գաղափարակիրների կամավոր միություն է, այսինքն` որեւէ կուսակցությանն անդամագրվածները, նախ իրենք պետք է լինեն այդ կուսակցության գաղափարախոսության համոզված կողմնակիցները` հավատավորները եւ այդ գաղափարախոսության արժեքները կրողներն առօրյա կյանքում: Այսօր մեր կուսակցություններում միայն լիդերները եւ նրանց շատ նեղ շրջապատն են խորությամբ պատկերացնում կուսակցության ծրագրային հիմնադրույթները (սա էլ կարելի է պնդել որոշակի վերապահումներով):

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031