Ո՞Վ ԷՐ ԱՆՀԱՅՏ ԱՆՀԱՏԸ «Էս գարաժները կառուցվել են ոչ թե Գագիկ Բեգլարյանի, այլ հարեւանների դաբրոյով, էդ խեղճ մարդը դրա հետ հեչ կապ չունի»,- լսեցինք Քոչարի 9 եւ 11 շենքերի բակում հավաքվածներից այն պահին, երբ էքսկավատորը հողին էր հավասարեցնում մի քանի օրում բակում հայտնված ավտոտնակները։ Տարօրինակորեն որպես բնակիչներ ներկայացածներին առաջինը ցնցել էր ոչ թե ավտոտնակ ունենալու երազանքի փլուզումը, այլ «Առավոտի» համարում զետեղված հայտարարությունը, թե ավտոտնակները կառուցվում են նորընտիր թաղապետի հովանավորությամբ։ Նույնքան տարօրինակ էր 5-7 «գարաժատերերից» միայն մեկի առկայությունը, որն, ի դեպ, բավականին թեթեւ տարավ իր ծախսերի ու չարչարանքի կորուստը։ Չգիտես ինչու, բոլորի անունից խոսելու համար մատնացույց էին անում ամբողջովին «մեդալապատ», ճմրթված համազգեստով մի ծերուկի, նա էլ Բեռլինի գրավումից խոսեց, բանաստեղծություն արտասանեց, բայց ոչ «գարաժ»-ներից էր տեղյակ, ոչ էլ նրանց տերերից։ Ըստ պատմածների, կառուցումը սկսվել է հոկտեմբերի 17-ին, մինչեւ ընտրական կիրակին։ Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետական վերահսկողության վարչության պետ Հրաչյա Մուրադյանի ներկայացմամբ, «մեզ ահազանգել են բնակիչները հենց հիմքը փորելու օրը, մեր աշխատակիցները գնացել-խոսել են, որ դադարեցվի, բայց նրանք շարունակել են աշխատել գիշերով»։ Նշենք, որ մեր թերթում տպագրված լուսանկարն արված է ցերեկով եւ պարզորոշ երեւում է, որ կառուցումն ընթացել է ոչ միայն «գիշերով»։ Հոկտեմբերի 25-ին, դարձյալ ըստ Հ. Մուրադյանի, կրկին զգուշացում է արվել, թեպետ զգուշացնողները (ու՝ ոչ մեկը) չգիտեին, որ հաջորդ առավոտյան փաստը հրապարակայնություն է ստանալու եւ իշխանական համապատասխան օղակները «ձայնային» արագությամբ քանդման հրաման են արձակելու։ Ապօրինի շինություններ մեր քաղաքում կառուցվել ու կառուցվելու են, բայց դրանք միշտ էլ ունեն իրենց զորավոր հովանավորը, հայտնի, թե՝ անհայտ։ Այս դեպքի համար այդ «դեմքն» այլեւս կորցրեց իր հետաքրքրությունը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ