ԲԱՐԻ ԱԿՆԹԱՐԹ Հոկտեմբերի 20-ին Հայաստանում ձեւավորվեց հերթական ոչ լեգիտիմ իշխանությունը՝ ի դեմս «Կենտրոնի» համայնքապետ Գագիկ Բեգլարյանի: Դրանում համոզվելու համար պարտադիր չէ տիրապետել ընտրակեղծիքների տեխնոլոգիաներին, քանի որ ընտրությունների կեղծված լինելը ակնհայտ է դառնում անգամ ամենապարզ թվաբանական հաշվարկի դեպքում: Բանն այն է, որ բազմաթիվ ընտրատեղամասերում ընտրողների մասնակցության դինամիկայի վերաբերյալ տվյալներով ստացվում է, որ ընտրողները քվեարկել են կայծակնային արագությամբ՝ այս «մարզաձեւում» սահմանելով համաշխարհային սոսկալի ռեկորդ: Օրինակ՝ թիվ 15/4 ընտրատեղամասում ժամը 14-ին ընտրություններին մասնակցել են 250 ընտրողներ: Ժամը 17-ին ընտրություններին մասնակցածների թիվը կազմել է 850: Այսինքն՝ 3 ժամում քվեարկել են 600 ընտրողներ, որից ելնելով եզրակացնում ենք, որ 1 ընտրողը քվեարկությունը կատարել է 18 վայրկյանում: Ակնհայտ է, որ այս թիվը պարզապես նկարել են, քանի որ ֆիզիկապես հնարավոր չէ 18 վայրկյանում գրանցվել, քվեաթերթիկ ստանալ, մտնել ընտրախցիկ, նշել որեւէ թեկնածուի անվան դիմաց, մոտենալ քվեատուփին եւ գցել քվեաթերթիկը: Նշենք, որ «ամենաարագաշարժ» ընտրողները բնակվում են 15/4 եւ 15/34 (այստեղ նույնպես 3 ժամում 600 բնակիչ է ընտրել) տեղամասերի տարածքում: Մյուս ընտրատեղամասերում ապրում է հայի ալարկոտ տեսակը: Այսպես, թիվ 15/33 ընտրատեղամասում մեկ քվեարկությունը միջին հաշվով տեւել է 19 վայրկյան: Իսկ 15/12 տեղամասի բնակիչներին ընդհանրապես կարելի է դատի տալ ծուլության համար: Այստեղ մեկ բնակիչը քվեարկության վրա ծախսել է 47 վայրկյան ժամանակ: Այլ տեղամասերում արձանագրվել են միջին ցուցանիշներ. թիվ 15/25 տեղամասում, օրինակ՝ մեկ ընտրողի քվեարկությունը տեւել է 32 վայրկյան, 15/11-ում՝ 43, 15/15-ում՝ 44 վայրկյան եւ այլն: Ընտրողների մասնակցության դինամիկայի վերաբերյալ տվյալներում միակ տրամաբանական բանն այն է, որ մինչեւ ժամը 17-ը մարդիկ ավելի արագ են ընտրել, քան ժամը 17-ից հետո: Այս տվյալները, իհարկե, ծիծաղելի են: Սակայն փաստն այն է, որ այս թվերի հիման վրա է «Չոռնի» Գագոն 21 հազար ձայն ստացել: Ակնհայտ է, որ ցանկացած նորմալ երկրում միայն այս փաստաթուղթը բավարար կլիներ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու եւ նոր ընտրություններ անցկացնելու համար: www.taregir.am