Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ ոճ

Հոկտեմբեր 29,2002 00:00

Հատուկ ոճ Մոսկվայի Թատերական տանը շուրջ 57 ժամ ծավալված դրամատիկ իրադարձությունները հանգուցալուծում ստացան, երբ Ռուսական հատուկ ծառայությունները «Ալֆա» ջոկատի մասնակցությամբ դիմեցին կտրուկ գործողությունների՝ գրոհելով շենքն ու ոչնչացնելով ահաբեկիչներին: Գործողության արդյունքում, ռուսական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ գրոհից առաջ դահլիճում բաց թողնված գազից խեղդվածների թիվն առաջիկա օրերին կարող է 200-ից ավելի լինել: Որ պատանդների ազատ արձակելու գործողությունն ուղեկցվել է հատուկ միջոցների կիրառմամբ, ռուսական իշխանությունները սկզբում՝ հերքել, ապա՝ հաստատել էին՝ հավաստիացնելով, սակայն, թե պատանդների մահվան պատճառն ամենեւին էլ դահլիճում օդափոխիչներով բաց թողնված գազը չէ: Ժամանակը սակայն սրբագրում է նաեւ այդ հանգամանքը: Երեկ ռուս իրավապաշտպանները, ի դեմս «Մեմորիալ» կազմակերպության, հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մեղադրում են ՌԴ նախագահին եւ Անվտանգության դաշնային ծառայությանը (ԱԴԾ)՝ մարդկանց կյանքը միանգամայն արհամարհելու մեջ, որի հերթական վկայությունն, ըստ իրավապաշտպանների, հիշյալ գործողությունն է: «Շենքի գրոհի արդյունքում զոհվել են մարդիկ. փաստորեն պատանդներից յուրաքանչյուր յոթերորդը զոհվել է ոչ ահաբեկիչների ձեռքից: Շենքից դուրս բերվածները գտնվում են քիմիական զենքի օգտագործման արդյունքում ծանր թունավորման վիճակում»,- հայտարարել են իրավապաշտպանները՝ շեշտելով, թե ՌԴ նախագահն ու ԱԴԾ գործողությունները, որոնք հրաժարվել էին բանակցություններից եւ շենքը գրոհելու հրաման էին տվել, արդարացում չունեն: «Մեմորիալն» այդ քայլն ու ձեռնարկված գործողությունները համարել է վկայություն այն բանի, որ Ռուսաստանի իշխանությունները շարունակում են դիմել «ճԽ-ծԽԹԺ-Խթը-Ղհը»-ի գործելաոճին: Ըստ իրավապաշտպանների՝ այդ օրերին տեղեկատվությունը վերահսկողության տակ է վերցվել, իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող ԶԼՄ-ներին կամ սպառնացել են, կամ փակել, լրագրողները՝ չեզոքացվել, տարածվել է ապատեղեկատվություն ահաբեկիչների մտադրությունների, Մասխադովի դերի, Մոսկվայում հակապատերազմական ցույցերի շարժառիթների վերաբերյալ եւ այլն: Իրավապաշտպաններն այդ շարքում ամենագլխավորը համարել են այն, որ ոչ մի ճշմարիտ տեղեկատվություն չի տրվում զոհերի մասին, անհայտն են մնում նրանց անունները. «Այսօր երկիրը փակուղուց կարող է դուրս բերել միայն Անվտանգության դաշնային ծառայության հեռացումը պետության կառավարման ղեկից, որի գործունեությունը միշտ մահ եւ ոչնչացում է սփռում»: Ի դեպ, Ռուսական հատուկ ծառայությունները շարունակում են գաղտնի պահել, թե կոնկրետ ինչ հատուկ միջոց եւ ինչ գազ է օգտագործվել Թատերական տունը գրոհելիս: Այդ մասին նրանք հրաժարվում են ասել նույնիսկ պատանդներին բուժող բժիշկներին, ինչը հնարավորություն կարող էր տալ համապատասխան հակադեղամիջոցներով մարդկանց դուրս բերել ծանր վիճակից: ԱԴԾ-ում հայտարարել են միայն, թե տվյալ միջոցը «Ալֆա» ջոկատի հաստիքային զենքերի թվին չի պատկանում: Հատուկ ջոկատի մարտիկներից մեկը հայտարարել է, թե արտառոց ոչինչ չկա, երբ օտագործված գազի բնույթի մասին նույնիսկ բժիշկներին ոչինչ չի ասվում. «Եթե ամեն բժիշկ իմանա, թե մեր գաղտնի ծառայություններն ինչ հատուկ միջոցներ են օգտագործում եւ համապատասխանաբար ինչ միջոցներ պետք է ունենալ դրա ազդեցությունը թուլացնելու համար, դա այլեւս կլինի ոչ թե հատուկ ծառայություն, այլ՝ բարեգործական ինչ-որ բան»: Զուգահեռաբար արտերկրի ԶԼՄ-ներն են քննարկում Թատերական տան գրոհի ժամանակ օգտագործված գազի տեսակի թեման: Ենթադրություններ են արվում, թե պատանդների ազատմանն ուղղված գործողության ժամանակ օգտագործված միջոցը եղել է քիմիական զենք: Բրիտանական «Դեյլի տելեգրաֆը»՝ վկայակոչելով զինվորական մի փորձագետի, հաղորդել է, որ օգտագործված միջոցը կարող էր պատկանել BZ տեսակի միջոցին, որն օգտագործել են ամերիկացիները դեռ Վիետնամում: Պատրաստեց Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել