ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ Է Ինձ հայտնի չէ՝ արդյոք իրոք մոնտաժվե՞լ է այն տեսագրությունը, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարվել էր ԱԺ նիստերի դահլիճում: Բայց վստահաբար կարող եմ պնդել՝ բավականին աղճատված է իմ ձայնագրության սղագրությունը, որը միացվել է քրգործի նյութերին: Հիշեցնեմ, որ դա մինչեւ ժամը 18:15-ը կատարվածի միակ իրեղեն ապացույցն է: Ահաբեկչության օրն արված շուրջ մեկ ժամանոց ձայնագրությանս բնօրինակը 1999-ի հոկտեմբերի 29-ին, երբ ինձ առաջին անգամ հարցաքննեցին Զինվորական դատախազությունում, հանձնեցի քննիչ Արսեն Բաբայանին: Սակայն մինչ այդ արդեն հասցրել էի կրկնօրինակել այդ ձայնագրությունը: Եվ ահա տարիներ անց, երբ ձեռքս ընկավ այդ ձայնագրության վերծանությունը, որ կցված է «27»-ի գործի նյութերին, տեսա, որ սղագրությունը որոշակիորեն խեղաթյուրված է: Աղճատումներն առաջին հայացքից գուցե կարող են անմեղ թվալ եւ կատարվածի իրական պատկերը բացահայտելու առումով՝ ոչ էական: Այսպես. թեեւ ԱԱՆ Օպերատիվ-տեխնիկական վարչության աշխատակիցները, որոնք կատարել են վերծանումը՝ ամենայն մանրամասնությամբ են մեջբերել բոլոր այն հայհոյանքները, որ ԱԺ նիստերի դահլիճ ներխուժելով տեղացել էին ահաբեկիչները, բայց նրանց ականջից վրիպել է, որ հենց այդ առաջին պահերին իսկ է Նաիրի Հունանյանը պահանջում է իրեն կապել Տիգրան Նաղդալյանի հետ: «Դուք գիտեիք՝ էս ժողովուրդն անտե՞ր ա: Շուտ արա Տիկոյի…»,- արտահայտությունը, որ բացակայում է սղագրությունից, հնչում է առաջին իսկ կրակոցներին գրեթե համընթաց: «Ռեսպուբլիկա Արմենիայի» թղթակից Գոհար Սարգսյանի բավական պարզ լսելի խնդրանքները լրագրողներին դուրս թողնելու վերաբերյալ՝ աղճատվել են անընդհատ: «Նաիրի, արի էս կողմ, արի մեզ դուրս տար»-ը գրանցվել է իբրեւ «Նաիրի, արի, վերցրու: Նաիրի, հանգիստ»: Արդեն լրագրողներին դուրս թողնելուց հետո Հունանյանի հետեւյալ՝ «Շուտ արեք, դուրս եկեք ու ամբողջ ժողովրդին՝ դեպի ներս: Ո՞վ չի թողնի: Էդ ամբողջ միլիցա-մուլիցա ասեք, շուտ, սաղ ժողովրդին՝ դեպի ներս» արտահայտությունը, գործի նյութերում արձանագրվել է այսպես. «Ո՞վ չի թողնի: Էնտեղից է, մուտքից է, ասեք՝ շուտ, սաղ ժողովրդին՝ ներս»: ՆԳ նախկին նախարարի հասցեին սպառնալիքը՝ «Դերո, մի հատ տես՝ Էդ Աբրահամյան Սուրիկն ո՞ւր է: Չես կարողանում ասես գա՞, թե՞ կյանքից ձեռ է քաշել», մի փոքրիկ սխալի պատճառով այն տեսքն է ստացել, ըստ որի՝ Հունանյանը Բեջանյանին էր սպառնում. «Թե՞ կյանքից ձեռ ես քաշել»: «Հայրենիք» հեռուստաընկերության նախկին աշխատակցուհի Մարիա Պապյանի խոսքերը սղագրության մեջ վերագրվել են ինձ, Անդրանիկ Մարգարյանի ասածները՝ Դերենիկ Բեջանյանին, Լեոնիդ Հակոբյանի ելույթը՝ Ռուբեն Հակոբյանին, Ֆրունզե Խառատյանի ասածը՝ Լեոնիդ Հակոբյանին եւ այլն: Մի խոսքով՝ կատարյալ շիլաշփոթ է: Լսվում է՝ «Նաիրի», ԱԱՆ-ն արձանագրել է՝ «հայրիկ», լսվում է՝ «Զինված մարդ չկա», գրել են՝ «Զինված մարդ կա»: Կարող էինք խեղաթյուրումների բազմաթիվ նման օրինակներ մեջբերել, որոնք առանձնակի էական նշանակություն գործի համար թերեւս չունեն, բայց արտառոց են, եթե հաշվի առնենք, որ ԱԱՆ աշխատակիցներն այդ ձայնագրության վերծանումը պիտի որ կատարած լինեին մասնագիտական սարքավորումներով: Իսկ վերոհիշյալ արտահայտությունները պարզորոշ լսելի են, այսպես ասած, անզեն ականջով, սովորական ձայնագրիչների վրա իսկ: Սակայն այս ամենն առանձին հրապարակման նյութ չէր դառնա, եթե աղճատումների մեջ ակնհայտ չլիներ մի հստակ միտում՝ կամ խեղաթյուրվել, կամ ընդհանրապես չեն արձանագրվել հատկապես այն արտահայտությունները, որոնք վերաբերում են որոշակի անձանց: Այսպես, մեծ մասամբ չեն արձանագրվել այն արտահայտությունները, որոնք Նաիրի Հունանյանն ուղղել է ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանին. «Համո, դու խի՞ ես պառկել», «Համո, հավաքեք բոլորին մի տեղ», «Համո, արի», «Հմայակ, Հմայակ ջան, մի րոպե արի ստեղ»: Գերազանցապես չեն սղագրվել նաեւ Հայկ Բաբուխանյանին ուղղված խոսքերը. «Հայկ, արի, ո՞ւր ես» կամ, որ մեկ այլ «Հայկ» կանչին արձագանքում է ահաբեկիչներից մեկը. «Հայկը տեղ ա գնացել»: Ընդհանրապես չի արձանագրվել, որ ահաբեկիչները ներկայումս ՀԺԱՄ կուսակցության նախագահին են նաեւ հորդորում. «Սեյրան Ավագյան, դո՞ւ ինչ ունես վախենալու» կամ ՀՅԴ խմբակցության ներկա ղեկավարին՝ «Աղվան, նստեք»: Անդրանիկ Մարգարյանին ուղղված խոսքը՝ «Անդո, ծիծաղի ժամ չի: Ծիծաղի ժամ չի, ասում եմ», գործի նյութերում այսպես է արձանագրված. «Հան, ծիծաղի ժամ չի: Քեզ ասում եմ՝ հանիր, ծիծաղի ժամ չի էս»: Դուրս է մնացել ԱԺ պատգամավոր Արմեն Հակոբյանի ելույթի այն մասը, երբ նա իր գործընկերներին ամբիոնից կոչ է անում՝ «Հնազանդություն ներկա իրավիճակին»: Կարծում ենք, արդեն էական մանրամասն է այն փաստը, որ ԱԱՆ աշխատակիցները Հունանյանի մի արտահայտություն գրանցել են այսպես. «Մենք մենա՞կ անենք դա: Եկել են թալանելո՞ւ», մինչդեռ նա ոչինչ չէր ասել մենակ գալու մասին, այլ միայն նշել էր. «Մենք դրա համա՞ր ենք եկել, եկել ենք թալանելո՞ւ»: Օպերատիվ-տեխնիկական վարչության աշխատակիցներն իրենց հզոր սարքավորումներով չէին կարողացել լսել, թե ինչպես է Նաիրի Հունանյանն արդեն ժամը 18-ի մոտերքը պարզորոշ գոռում՝ «Ալիկ, Ալիկ» կամ հայտնում. «Ես կանչեցի նոր Ալիկին, որ Ռոբերտ Քոչարյանի հետ…», փոխարենն ամբողջությամբ սղագրել են մի արտահայտություն, որից միայն վերջին երկու բառն է լսվում. «Պահանջում ենք փրչոտ Ռոբին», ու եւս մեկը, որ չի լսվում ընդհանրապես. «Ռոբերտը թող գա՝ խոսենք»: Այս ամենը որոշակի միտումնավորությա՞ն, թե լոկ փնթիության, մասնագիտական անլիարժեք աշխատանքի հետեւանք է՝ դժվարանում ենք մեկնաբանել: Սա գրեթե նույնքան բարդ է, որքան պատասխանելը հետեւյալ հարցին՝ ԱԱՆ վատ աշխատանքի՞ հետեւանքն էր, որ անտեսվել էին անգամ այդ կառույցի գործակալների հաղորդումները (տես, օրինակ՝ Ղազար Սարգսյանի գործում առկա ցուցմունքները), թե Նաիրի Հունանյանը խումբ է հավաքում եւ ցանկանում է հաշվեհարդար տեսնել երկրի ղեկավարների հետ, թե՞ այդ հաղորդումները ծրագրված էին մատնվել «անուշադրության»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ