Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Հոկտեմբեր 29,2002 00:00

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ Կիրակի հոկտեմբերի 27-ն էր: Երեք տարի առաջ այդ օրն աշխարհի ուշադրությունը սեւեռված էր ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած աննախադեպ սպանդի վրա, ինչն ավելի ուշ գնահատվեց իբրեւ պետական հեղաշրջման փորձ, հայրենիքի դավաճանություն: Այս գնահատականներն, իհարկե, ուղիղ անհամեմատական էին Հանրային հեռուստատեսության շաբաթվա վերլուծականին: «Օրակարգն» 99-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցածին անդրադարձավ հպանցիկ, մինչդեռ ասելիքի հիմնական մեխը «27»-ն ու մեր երկրի զարգացման հարցում դրա թողած հետեւանքները չէին, այլ՝ մոսկովյան իրադարձություններն էին ու ընդհանրապես տեռորիզմի պատմությունն իր տարբեր ելեւէջներով, որի փայլուն գիտակի ու գիդի դերում ինքը՝ Տիգրան Նաղդալյանն էր: Սա է, ըստ էության, պետական բարձրագույն իշխանությունների վերաբերմունքն ու գնահատականը «27»-ին: Իսկ «Հոկտեմբերի 27»-ին նախագահ Քոչարյանի եւ ՀՀ համապատասխան մարմինների ձեռնարկած գործողություններն ավելի զավեշտական ու անտրամաբանական թվացին՝ մոսկովյան իրադարձությունների հետ կապված ՌԴ նախագահի եւ իշխանությունների ձեռնարկած միջոցառումների ֆոնի վրա: Ի՞նչ քայլեր արեցին ՌԴ իշխանությունները Մոսկվայի Թատերական տունը ահաբեկիչների կողմից գրավելուց հետո: ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, փակվեց Կարմիր հրապարակը, ուժեղացվեց պետական իշխանության մարմինների, ճանապարհների, կայարանների, օդակայանների հսկողությունը: ՌԴ նախագահը հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, Ռուսաստանի բոլոր խոշոր տարածաշրջաններում եւս խորհրդակցություններ անցկացվեցին, անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկվեցին: Ուժեղ պաշտպանության տակ վերցվեցին տնտեսական կարեւոր օբյեկտները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները եւ այլն: Անմիջապես ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական բնույթի միջոցառումներ, խուզարկություններ եւ ձերբակալություններ սկսվեցին կովկասյան ազգությունների բնակիչների շրջանում: Իսկ որո՞նք էին եղել ՀՀ իշխանությունների քայլերը ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցածից հետո: Դրանք սահմանափակվել էին միայն ԱԺ տարածքով: Բացի ահաբեկիչ Հունանյանի հետ առերես հանդիպումից եւ վերջինիս անվտանգության երաշխիքներ տալուց, ինչն աննախադեպ է աշխարհի պատմության մեջ, ՀՀ նախագահը որեւէ այլ գործողություն չէր ձեռնարկել: Վերջինս ոչ «Հոկտեմբերի 27»-ին, ոչ դրան հետեւած հաջորդ օրերին այդպես էլ Անվտանգության խորհրդի նիստ չհրավիրեց: Տարօրինակ է, բայց նա հարկ չէր համարել քննարկել երկրում տեղի ունեցածն ու դրա առնչությամբ ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցառումները: Քաջատեղյակ աղբյուրների վկայությամբ, այդ օրն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ էլ չձեռնարկվեցին նույնիսկ այն ժամանակ, երբ պատգամավորներից հայտնի էր դառնում, որ ահաբեկիչների պարագլուխը բանակցություններ է վարում քաղաքական այս ու այն գործչի, զինված ջոկատների ներկայացուցիչների հետ, երբ արդեն հայտնի էր, որ ահաբեկիչները որոշակի ուժերի էին սպասում, որ վստահ էին, թե օժանդակ ուժեր են գալու օգնության: Որ նման միջոցառումներ չեն ձեռնարկվել՝ վկայում են նաեւ քրգործի նյութերի այն ցուցմունքները, թե «27»-ի գիշերը ԱԺ-ին հարող տարածքում Հունանյանի համախոհներ են վխտացել՝ համոզելով, թե նա հայրենասեր տղա է, որ նրան օգնել է պետք եւ այլն: Զինդատախազությունը միայն հետո էր փորձել տեսագրություններ նայել եւ պարզել դրանց ինքնությունը: Հանրապետության կարեւորագույն նշանակության օբյեկտները, մայրաքաղաքի ելքերն ու մուտքերը վերահսկողության տակ էին վերցվել բացառապես պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի նախաձեռնությամբ եւ հրամանով, ինչի համար փոխանակ շնորհակալ լինելու՝ Քոչարյանն այդպես էլ դժգոհ մնաց: ԱԱՆ նախարար Սերժ Սարգսյանն էլ, որն ի պաշտոնե պատասխանատու էր կատարվածի համար, բավարարվել էր ԱԺ նախագահի հանգստի սենյակում լինելով, նրա տեղակալներն էլ հիմնականում սահմանափակվել էին՝ ԱԺ տարածքում լինելով եւ ահաբեկիչների հետ բանակցություններ վարելով, խոսք տանել-բերելով: Օպերատիվ-հետախուզական ոչ մի միջոցառում չէր ձեռնարկվել ճշտելու, թե ովքե՞ր են կանգնած ահաբեկիչների թիկունքին, կա՞ն արդյոք կազմակերպիչներ, օժանդակ ուժեր: Այդ ամենը կարող է միայն մի բան վկայել. պետության առաջին դեմքերը համոզվածություն են ունեցել, որ ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը սահմանափակվելու է միայն դահլիճում տեղի ունեցածով: Պետք է ենթադրել, որ այդ համոզվածությունն էլ որոշակի տեղեկատվության արդյունք պետք է լիներ: Ինչո՞ւ Ռ.Քոչարյանը «27»-ը հինգ «ռոմանտիկների» նախաձեռնություն եւ «ուչաստկովիի» գործ համարեց. ոչ ամոթից կամ այն պատճառով, որ ժամանակին տաք հետքերով հնարավոր չէր եղել օժանդակ ուժերին ի հայտ բերել, այլ ի սկզբանե նման միջոցառումների կարիք ընդհանրապես չէր եղել, որովհետեւ նախագահը, թերեւս, լիովին վերահսկել էր իրավիճակն ու գրպանում պատրաստ ունեցել հետագայում տված իր այդ որակումները: Միակ բանը, որ, ի տարբերություն մոսկովյան դեպքերի, բարեբախտաբար տեղի չէր ունեցել, այն էր, որ թույլ չէր տրվել գործի դնել մոսկովյան «Ալֆա» ջոկատին: Ի դեպ, քաջատեղյակ պաշտոնյաներից մեկի վկայությամբ, «27»-ին էլ այդ ջոկատն առաջարկել էր օդափոխիչներով գազ մղել ԱԺ նիստերի դահլիճ, ինչպես արվեց Մոսկվայում: Թե ի՞նչ կարող էր լինել դրա արդյունքը՝ կարելի է պատկերացնել՝ հետեւելով մոսկովյան պատանդների ճակատագրին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել