Թումանյանի ընտանիքի նամականին Վերջերս «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից լույս ընծայվեց հույժ արժեքավոր մի ժողովածու՝ «Թումանյանի ընտանիքի նամականին», որը բանաստեղծի թոռնուհու՝ բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանի տքնաջան աշխատանքի արգասիքն է։ Սա մի բացառիկ աշխատություն է, որն իր նախօրինակը չունի։ Գոնե մեզ հայտնի չէ որեւէ հայ գրողի ընտանիքի նամականու հրատարակություն։ Մյուս կողմից, այս գիրքը շահեկան է բազմաթիվ առումներով։ Նախ՝ այն գալիս է հարստացնելու թումանյանագիտությունը, ընդլայնելու մեր իմացությունը մեծ գրողի կյանքի ու գործի վերաբերյալ, առավել ամբողջական դարձնելու մեր պատկերացումը դարաշրջանի հասարակական-քաղաքական, գրական-մշակութային կյանքի վերաբերյալ։ Ապա՝ այս նամակները բացահայտում են Թումանյանի ընտանիքի հետաքրքրությունների շրջանակը։ «Նամականին» ժանրային առումով եւս բացառիկ գիրք է։ Այստեղ ամեն մի նամակը մի նովել կամ պատմվածք է, որոնք ամբողջության մեջ կերտում են այն ջերմ ու մտերմիկ միջավայրի կենդանի պատկերը, որում ապրել եւ ստեղծագործել է ամենայն հայոց բանաստեղծը։ Այս նամականու մի առանձնահատկությունն ու արժանիքն էլ այն է, որ յուրաքանչյուր նամակագիր, բացելով իր սիրտը, մի տեսակ կերտում է իր կերպարը։ Թումանյանի ընտանիքի անդամները միանգամայն տարբեր խառնվածքի ու բնավորության տեր մարդիկ են. նրանց իրար հետ չես շփոթի։ Պետք է ասել եւ այն, որ այս գրքում մի ընտանիքի պատմության միջոցով արտացոլված ենք գտնում նաեւ մեր ժողովրդի պատմությունը՝ իր ամենաողբերգական ժամանակաշրջանում՝ 20-րդ դարի սկզբին եւ ստալինյան բռնապետության տարիներին, որոնց զոհ գնացին նաեւ Թումանյանի 3 որդիները՝ Մուշեղը, Արեգը եւ Համլիկը, որոնք բարձր պաշտոնների հասած աշխատողներ էին, իսկ Արտավազդը զոհվել է 1918 թվականին՝ Վանի նահանջի ժամանակ։ Այնպես որ, «Թումանյանի ընտանիքի նամականին» կարող է հարուստ նյութ մատակարարել նաեւ մեր պատմաբաններին, որոնք այնտեղ բազմաթիվ նոր, կարեւոր փաստեր ու մանրամասներ կգտնեն։ Ընթերցողի սեփականությունը դարձած այս նամակներում բացահայտվում է նաեւ Թումանյանի ընտանիքի կատարած մեծ գործը գրողի ժառանգության հրատարակության, ուսումնասիրության եւ ժողովրդականացման, նրա տուն-թանգարանի ստեղծման եւ այլ բնագավառներում։ Առհասարակ, այսպիսի ժողովածուներ կազմելն այնքան էլ հեշտ գործ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Զգացվում է, թե ինչպես է հեղինակը փայփայել ու գուրգուրել ամեն մի նամակը, դրանք լրացրել համակողմանի ծանոթագրություններով։ Ուշագրավ եւ կարեւոր են նաեւ գրքին կցված կենսագրական տեղեկությունները Թումանյանի զավակների մասին եւ գրողի տոհմածառի պատկերը։ Մի խոսքով՝ գործն արված է սերունդների առջեւ պատասխանատվության մեծ զգացումով եւ վեր է ամեն գովեստից։ ՍԱՄՎԵԼ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ