Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 26,2002 00:00

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ Երեք հայացք Հարավային Կովկասին Աշխարհաքաղաքական ինչ շահեր են այսօր բախվում, հատվում կամ գուցե զուգորդվում Հարավային Կովկասում: Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ռեգիոն» կենտրոնը ներկայացնում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի վերլուծաբանների կարծիքները: Այսօրվա թեման է՝~«Աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում»: Աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում Ռաուֆ Ռաջաբով – Ադրբեջանի «Սիմուրգ» մշակութային ընկերակցություն (Ադրբեջան) Սեպտեմբերի 11-ից հետո Հարավային Կովկասում ԱՄՆ ազդեցության ուժգնացումը խաթարում է աշխարհաքաղաքական ուժերի եւ շահերի հավասարակշռությունը, ինչը դիմակայության հավելյալ գործոն է, անհնարին է դարձնում Հարավային Կովկասում ազգամիջյան հակամարտությունների արագ եւ լիակատար կարգավորումը: Ռուսաստանը առաջիններից մեկն էր, որ արձագանքեց ԱՄՆ նախագահ կրտսեր Ջ. Բուշի կոչին եւ միացավ հակաահաբեկչական գլոբալ գործողությանը: Սա իհարկե դրական քայլ է, ուղղված` ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդմանը: Ռուսաստանը ԱՄՆ-ին տրամադրեց թալիբների ռազմավարական օբյեկտների տեղադրվածության մասին անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաեւ ճիշտ ժամանակին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերեց «Հյուսիսային ալյանսին»: Այս ամենը եւ ուրիշ գործոններ դաշնակիցներին թույլ տվեցին իրականացնել սրընթաց եւ հաջող հակաահաբեկչական գործողություն Աֆղանստանում: Սակայն հետագայում ակնհայտ դարձան որոշ իրարամերժ գործոններ: Նախ, «լեգիտիմացվեցին» Չեչնիայում Ռուսաստանի գործողությունները: Եթե մինչեւ սեպտեմբերի 11-ը դրանք առաջացնում էին ԱՄՆ-ի, Եվրամիության, Թուրքիայի համընդհանուր բողոքը, ապա դրանից հետո թուլացավ Չեչնիայում ռազմական գործողությունների քննադատությունը: Չնայած պետք է նաեւ ընդունել, որ Չեչնիան Ռուսաստանի տարածքն է, եւ ոչ ոք իրավունք չունի կասկածելու նրա տարածքային ամբողջականությունը: Սա միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների նորմա է: Երկրորդ, սեպտեմբերի 11-ից հետո ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանի վրա ավելի կոնկրետ տեսք է ընդունում: Բացի ֆինանսական միջոցներից, որոնք ներդրվում են նավթային ու տրանսպորտային տարբեր ծրագրերում, ԱՄՆ-ն սկսեց ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասի երկրներին: Եվ սա չէր կարող չդառնացնել Ռուսաստանին: Երրորդ, հնարավոր է ՆԱՏՕ-ի դեպի հարավ տարածումը: Այստեղ տեղին է մտաբերել Ս. Սեստանովիչի արտահայտությունը. «ՆԱՏՕ-ի կենտրոնական ուղղությունը դարձավ «կենտրոնական թեւ», իսկ հարավայինը` «թեւային կենտրոն»: ՆԱՏՕ-ին անդամագրվելու Վրաստանի ցանկություն, Հայաստանում ռուսական ռազմակայանների առկայություն. բոլոր թվարկված հանգամանքները չեն կարող դրականորեն ազդել Հարավային Կովկասում իրավիճակի վրա: Իմ խորին համոզմամբ, հարավկովկասյան երկրներն ունեն երկու տարբերակ. 1. տարածաշրջանի լիակատար ապառազմականացում, 2. բոլոր երեք երկրների ՆԱՏՕ-ին միաժամանակյա անդամագրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել