Լրահոս
Օրվա լրահոսը

Հողի «գողը» Սասնիկը չէր

Հոկտեմբեր 26,2002 00:00

Հողի «գողը» Սասնիկը չէր Այգեզարդցի Ռադիկ Մարգարյանը, որին գյուղում Նանիկ են ասում, վաղուց էր իր «շապիկը» հագցրել համագյուղացի Սասնիկ Հակոբյանին։ Նրա անօրինական բանկային գործունեության, տոկոսադոլարների զոհերից մեկի՝ Սիլվա Մուրադխանյանի ու ամուսնու սեփականաշնորհված հողին տիրանալուց հետո, դարձել էր Սասնիկի հողակից հարեւանը։ Նանիկը իր հողային բոլոր գործողությունները նոտարով էր հաստատում։ Գնված հողատարածքը եղել է 8200 քմ եւ ունի իր վկայականը, համապատասխան փաստաթղթերը։ Սակայն Նանիկի համար այդ ամենը «հետո ինչ» էր, քանի որ կար Էդիկ եղբայրը, որն աշխատում էր գյուղապետարանում, եւ գյուղապետ Մարգարիտ Պողոսյանը, որոնք օգնում էին նրան՝ կեղծ փաստաթղթեր ձեռք բերել։ Երբ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանմունքում չէին ձեւակերպում առքուվաճառքը, Ռադիկ Մարգարյանը գյուղապետարանից մի տեղեկանք տարավ, որ ինքը համաձայն է «հողը գնել պակասով»։ Ձեւակերպումներն ավարտելուց հետո այն գրանցեց մոր անունով։ 2000թ. սեփականաշնորհված հողերի քարտեզագրումներ անցկացվեցին։ Նրանք նույնպես գտան, որ նշված հողատարածքը 8200 քմ է ու տվեցին համապատասխան վկայական։ Այսօր այդ տարածքն ունի 2 վկայական։ Օգտվելով կեղծ վկայականից, Ռադիկ Մարգարյանը քաղհայց ներկայացրեց Արարատ մարզի առաջին ատյանի դատարան, թե «իմ հողակից հարեւան Սասնիկ Հակոբյանը զավթել է սեփականաշնորհված հողիս 700 քմ հողատարածքը»։ Դատավորը կադաստրի մասնագետի հետ անձամբ եկավ ու չափեցին Սասնիկի հողատարածքը, «հայտնաբերեցին», որ 400 քմ-ն ավելի է ու վճիռ կայացվեց այն վերադարձնել «տուժած տիրոջը»։ Մինչ Նանիկը իր հաղթանակն էր տոնում, ՀՀ վերաքննիչ դատարանը Սասնիկի բողոքի հիման վրա դատարան հրավիրեց պատասխանողին։ Հիմք ընդունելով սեփականաշնորհման վկայականը, դատարանը մերժեց առաջին ատյանի վճիռը։ Նանիկը բողոքեց ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատին։ Վերջինս ոչ միայն հաստատեց ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը եւ ուժի մեջ թողեց. այն ենթակա չէր բողոքարկման։ Սասնիկի հողը չափելու, փաստերը ճշգրտելու համար գյուղ ուղարկեց մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արտավազդ Օրդոյանին եւ ճանաչված իրավաբան Վարուժան Գրիգորյանին։ Ստուգողները հայտնաբերեցին, որ կադաստրում Ռադիկ Մարգարյանի նշված հողատարածքի վերաբերյալ առկա է երկու վկայական՝ տարբեր չափագրումներով, որ օրինականը 2000թ. քարտեզագրման տվյալներն են՝ 8200 քմ։ Պարզվեց նաեւ, որ Սասնիկ Հակոբյանը հողատարածքների սահմանը չի խախտել եւ ավել հող չունի։ Սահմանը խախտել է Ռադիկը եւ զավթել հարեւանի խաղողի սնման տարածքը։ Գյուղապետ Արթուր Մանուկյանը հայտնեց, որ Մասիսի առաջին ատյանի դատարանից ստացել են Ռադիկ Մարգարյանի քաղհայցը նույն հողի պահանջի մասին։ Այս անգամ հողի «գողը» միայն Սասնիկը չէր, այլ նաեւ 10 հազար քմ հեռավորության վրա գտնվող (ոչ հարակից) հողատեր Դերենիկ Մանուկյանը, որը ժամանակավորապես բացակայում էր հանրապետությունից։ Հայցվորը պահանջում էր երկուսի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականները անվավեր ճանաչել եւ վերադարձնել իրեն պատկանող 700 քմ հողը։ Առաջին նիստը Մասիսի առաջին ատյանի դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանը երկու կողմերին հաշտեցնելու մթնոլորտում անցկացրեց։ Նա Սասնիկին առաջարկեց կամովին 400 քմ ետ գնալ, հետնամասով մտնել հարեւան Դերենիկ Մանուկյանի հողը։ 400 քմ-ն պետք է հանձնվեր հայցվորին։ Քանի որ Սասնիկը ավել հող չուներ, առաջարկությունը չընդունեց եւ խնդրեց դատարանին ծանոթանալ մարզպետարանի կողմից ստացված տվյալներին։ Թեեւ մարզպետարանից պատասխանը ստացվել էր, բայց նիստը մեկը մյուսի ետեւից հետաձգվում էր. մեկ՝ հայցվորի ծանուցագիր չստանալու, մեկ՝ նրա շահերի պաշտպանի զբաղվածության պատճառով։ Նիստը փակ դռների ետեւում էր։ Չորրորդ անգամ էինք գնում Մասիսի առաջին ատյանի դատարան։ Փակ դռների ետեւում էր հայցվոր Ռադիկ Մարգարյանը, նրա շահերի պաշտպանը եւ տարածքային կադաստրի նույն մասնագետը, որ հրաշքով 400 քմ «ավել» հող էր հայտնաբերել Սասնիկ Հակոբյանի հողատարածքում։ Իմ այն հարցին, թե «ե՞րբ է նիստը սկսվելու», դատավորի օգնականը պատասխանեց՝ «շուտով»։ Քիչ հետո, փակ դռների ետեւից դուրս եկան «արտոնագրված» նիստի մասնակիցները։ «Չարտոնագրվածները» միայն ես ու Սասնիկ Հակոբյանի կինն էինք, որը նույնպես հողի սեփականատերն էր։ Նիստին չմասնակցելուց ես ոչինչ չկորցրի։ Ինձ հայտնի էին բոլոր փաստերը։ Գյուղապետարանում, ծխամատյանում հայտնաբերել էի (թիվ 31) Ռ. Մարգարյանի զբաղեցրած հողատարածքի նախկին տերերի, 2 առանձին ծխերի անօրինական միացումը, որ Սամվել եւ Սիլվա Մուրադխանյանները մինչ սեփականաշնորհումը վաճառել են իրենց տնամերձ հողը (ներքին կարգով), որի այսօրվա սեփականատերն է համագյուղացի Ռաշիդի ընտանիքը։ Այդ մասին գրավոր վկայություն է տվել նախկին հողատեր Սիլվա Մուրադխանյանը։ Վերջինս նույնպես հաստատում է, որ իր ընտանիքը ստացել է 6000 քմ սեփականաշնորհված հող, սկեսուրը՝ 2200 քմ, հետեւաբար, ընդհանուրը եղել է 8200 քմ։ Դեռեւս 2000թ. քարտեզագրողները ճշգրտել են փաստը եւ տվել համապատասխան վկայական։ Այնպես որ, «9100 քմ-ի տվյալները ուժի մեջ չեն»՝ ինչպես հայտնեց նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրային պետական կոմիտեի Իրավաբանական վարչության պետ Վ. Հակոբյանը։ Առկա է նաեւ փաստաթուղթ, որ 100 քմ սեփականաշնորհված հողը Սասնիկ Հակոբյանին տրվել է անհատույց։ Եվ վերջին փաստը. նույն դատավորի պահանջով կոմիտեի քարտեզագրողները կատարեցին 3 հողակտորների չափումներ։ Պարզվեց, որ հայցվոր Ռադիկ Մարգարյանի հողատարածքում առկա է 500 քմ ավել հող։ Հետաքրքիր է՝ դա ո՞ւմ հողն է… ԺԵՆՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել