Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԵՆ

Հոկտեմբեր 26,2002 00:00

ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԵՆ Ուսանողները կներգրավվեն քարոզարշավում Մինչ ինտերակտիվ շփումներին անցնելը եւ մինչ հասկանալը, թե ուսանողներն ինչպես են վերաբերվում քաղաքականությանը, որ այսօր վարում են իշխանությունները, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բժշկական համալսարանում հավաքված ուսանողներին հավաստիացրեց, որ վերջին՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ակնհայտորեն տարբերվում էին մյուսներից՝ ճնշումների բացակայության, ուժային կառույցների չեզոքության առումով, որ դրանք ամենաթափանցիկն էին եղած ընտրությունների մեջ, որեւէ թեկնածուի համար ճանապարհ չի հարթվել, քարոզարշավը քաղաքակիրթ ձեւով է տարվել, թերություններ եղել են միայն կապված ցուցակների եւ մասամբ՝ ընտրակաշառքի հետ: Նախագահը չմոռացավ հիշեցնել տնտեսության 11 տոկոս աճի մասին, որը երկրի կայունության, իրականացված բարեփոխումների բավարար ծավալի, ներդրումային բարենպաստ իրավիճակի ու ամենակարեւորը՝ այն 44 հազար աշխատատեղերի ու ժողովրդի տրամադրության փոփոխության արդյունքն է. դեպրեսիվ վիճակում ազգը ոչինչ չի կարող անել: Որքանով է ազգը դեպրեսիայից դուրս եկել հոկտեմբերի 27-ից հետո, չենք կարող չափել, բայց նախագահի համար էլ իր կյանքի ամենածանր օրը 1999 թվականի հոկտեմբերի 27-ն էր, նույնիսկ «ավելի ծանր, քան Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ օրերը»: Իսկ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը, ըստ նախագահի, իրականացվում է Օրենսդրությանը համապատասխան: Մոսկվայի վերջին իրադարձությունների հետ կապված, նա հայտնեց իր մտահոգությունը՝ նկատելով, որ որեւէ զիջում կարող է խրախուսել ահաբեկչությունը, միեւնույն ժամանակ՝ չպետք է թույլ տալ նաեւ անմեղ զոհեր: Վերադառնալով 11 տոկոս աճին, Ռ. Քոչարյանը կոչ արեց տեմպը չկորցնել եւ ընտրությունները հաշվի չառնելով՝ շարունակել բարեփոխումները, չընկնել նախընտրական պոպուլիզմի մեջ, որովհետեւ պոպուլիզմի մեջ ընկած ցանկացած անձ վտանգավոր է երկրի համար: Իսկ պոպուլիզմն էլ թուլության նշան է, «ուժեղ է նա, ով ասում է այն, ինչ կարող է անել, ինչն իրատեսական է»… Նախագահի քաղաքական հենարաններն են Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն, իսկ մեր փոքրիկ երկրի համար այսքան շատ կուսակցությունների առկայությունը Ռ. Քոչարյանի կարծիքով խոչընդոտում է երկրի կայունությանը, բայց նա ոչինչ անել չի կարող: Ոչինչ չի կարող անել նաեւ ոչ պետական բուհերի բժշկական ֆակուլտետների հետ, որոնց լիցենզավորումն անցել է բավական մեծ խախտումներով: Խնդիրն այն է, որ այստեղ իրավական խախտումներ չկան, պարզապես «ժամանակին սխալ քայլեր ենք արել, իսկ հիմա մնում է՝ նրանց համար խիստ պայմաններ դնենք»: Սա միակ թերացումը չէ: Նախագահը խոստովանեց, որ հարկային եւ մաքսային ոլորտները խիստ կարիք ունեն բարեփոխումների, եւ որ այստեղ մենք հետ ենք մնացել: Ուսանողներից մեկը մի պատմություն հիշեցրեց, որ թագավորներն իրենց խորհրդականներին գլխատում կամ նույնիսկ քառատում էին սուտ խոսելու համար, եւ հետաքրքրվեց՝ արդյոք նախագահն իր խորհրդականներին գլխատելու կամ քառատելու ցանկություն ունեցե՞լ է երբեւէ (եթե մի կողմ դնենք Եվրախորհրդի համապատասխան պահանջը. որովհետեւ նախագահը հավաստիացրեց, որ մենք եվրախորհրդի պահանջներին լիովին համապատասխանում ենք): Այստեղ նախագահը գերադասեց լռել, «թե չէ՝ կոպիտ բաներ կասեմ»: Ամեն դեպքում՝ խորհրդականները թող զգուշանան. նախագահին հարցն ակնհայտորեն դուր էր եկել: Լավատեսական լուրերից Ռ. Քոչարյանն ընդգծեց ներգաղթի փաստը. միայն դպրոցներ այս տարի ներգաղթել է 2000 երեխա՝ Ռուսաստանից, Արաբական երկրներից, ԱՄՆ-ից: Մասնագետների ներգաղթ է նկատվում նաեւ շինարարական բնագավառում, որոնք մեզ պետք կգան դպրոցաշինության գործում՝ Լինսի հիմնադրամի հետ ճանապարհաշինությունը 2003 թ. հաջողությամբ ավարտելուց հետո: Ընտրությունների շեմին նախագահը նմանատիպ հանդիպումներ ուսանողության հետ դեռ կունենա, մանավանդ որ նա ինքը հայտնեց, որ 98 թ. նախագահական ընտրությունների ժամանակ իր ընտրական շտաբում երիտասարդությունը լուրջ դերակատարություն է ունեցել: Գալիք ընտրություններում էլ նախագահը մտադրություն ունի նրանց ներգրավել նախընտրական արշավի մեջ. «Իմ հաշվարկները, նրանց հետ կապված, շատ լուրջ են»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել