Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է մեր արտադրությունը

Հոկտեմբեր 26,2002 00:00

Ո՞ւր է մեր արտադրությունը «Հայաստանի «էքսպորտը» գեշ ու այլանդակ կառուցվածք ունի»,- համոզված է տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, նկատի ունենալով այն, որ մեր երկրից արտահանվող ապրանքանիի մեջ մեծ տոկոս կազմողները ալկոհոլային խմիչքն է, ծխախոտը, մետաղի ջարդոնը։ Արտահանման «այլանդակ» կառուցվածքը չի գեղեցկանում նաեւ 54% կազմող թանկարժեք մետաղյա իրերի տեսականուց։ Իր այս մտահոգությունը նա հայտնեց երեկ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ։ «Կովկասյան ցանկացած երկիր այնքան մեծ չէ, որ կարողանա ձեւավորել առանձին տնտեսական կապեր կամ համագործակցել մեծ աշխարհի հետ»,- կարծում է Էդուարդ Աղաջանովը, հետեւություն անելով, որ 3 հանրապետությունները միասին պետք է մշակեն տնտեսական համագործակցության ծրագրեր եւ ուղղություններ։ Ավելին, որպեսզի Եվրահամայնքի աչքին կշիռ ունենանք, պետք է ստեղծենք տարածաշրջանային օղակ՝ Իրանի եւ Թուրքիայի հետ համատեղ։ «Մաքուր» տնտեսագիտական հաշվարկներով ծնված այս կարծիքին սառը ջուր լցրեց քննարկման մյուս մասնակից Արսեն Ղազարյանը. «Դուք մոռանո՞ւմ եք մեր քաղաքական խնդիրները հարեւան երկրների հետ, քանի դեռ դրանք լուծված չեն, ինչպե՞ս կարող ենք համագործակցել»։ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը նաեւ հիշեցրեց տնտեսագետին, որ «ոչ ճանապարհ ունենք, ոչ էլ՝ հեռանկար տրանսպորտային նորմալ կապերի, ավելին, ում հետ էլ քաղաքական դաշինք ունենք՝ տնտեսականը չունենք, ասենք՝ ՌԴ-ն, մեր համատեղ արտադրությունը միայն «Արմենալն» է»։ Պարզվեց նաեւ, որ հենց քաղաքական գործոնների ազդեցությամբ այսօր կասկածի տակ է «Նաիրիտի» վերականգնումը, որովհետեւ Արեւմուտքից ոչ մեկը չի ֆինանսավորում այդ ծրագիրը։ «Նրանք ավելի շուտ փող են դնում Վրաստանի եւ Ադրբեջանի վրա, քան՝ մեր»,- ասաց Ա. Ղազարյանը։ Պարոն Աղաջանովը փորձեց պարզաբանել, թե ո՞ւմ հետ կապենք մեր երկրի տնտեսական զարգացումը, ըստ այդմ տարբերակելով երկու ուղի՝ Եվրամիություն կամ ՌԴ պլյուս Իրան։ Ասածը «համեմելով» թվերով ու տոկոսներով, տնտեսագետը հասավ մի արդյունքի, որն արձանագրեց խոր տխրությամբ. «Ցավով պիտի ասեմ, որ մեր երկրի տնտեսական զարգացման միտումը գնում է դեպի Եվրամիություն (ինչպես եւ Վրաստանինն ու Ադրբեջանինը) եւ մենք աստիճանաբար կորցնում ենք Իրանի հետ ունեցած խոշոր համագործակցությունը»։ Սակայն նրա տխրությունը «փարատեց» ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին, ասելով, որ Հայաստանի հետ Իրանի տնտեսական համագործակցությունը վերջին 2 տարում նկատելի աճել է, աշխուժացել է ուղեւորատրանսպորտային երթեւեկությունն ու, ընդհանրապես, այժմ կապերն ավելի լավ որակ են ձեռք բերել՝ առեւտրից տեղափոխվելով արտադրություն։ Ինչ վերաբերում է Եվրամիություն եւ Ռուսաստան-Իրան տարբերակմանը, ապա «համաձայն չեմ դրան, մենք այսօր հիանալի համագործակցում ենք Եվրահամայնքի հետ համատեղ բազմաթիվ ծրագրերով եւ չէի ուզի, որ մեզ առանձնացնեիք իրենցից»։ Հեռանկարների մասին նույնպես դիտարկում կար. «Հայաստանն էլ, Կովկասն էլ, որքան էլ զարգանան, չեք կարող սպառողական ապրանքներ արտահանել Եվրոպա, ճանապարհն անցնում է Իրանով եւ Ռուսաստանով (առայժմ), ուստի ուղղվածությունը պետք է լինի արտադրական համագործակցություն մեզ հետ, եւ դա ճիշտ ուղի կլինի»։ Դեսպանը նաեւ զգուշացրեց, որ ինչքան էլ Աղաջանովն ուզում է, որ երկիրը զարկ տա մեքենաշինական ու քիմիական արտադրությանը, թող չմոռանա, որ Իրանն այժմ ունի լավ զարգացած քիմիական արդյունաբերություն եւ հեռանկարում դառնալու է տարածաշրջանի քիմիական խոշոր կենտրոն, ինչը սահմանակից Հայաստանին մրցակցային բարենպաստ պայմաններ չի խոստանում։ Այս քարը նետված էր «Նաիրիտի» սեփականատիրոջ ուղղությամբ, քանի որ դեսպանը հենց նրան խորհուրդ տվեց հաշվի առնել սույն հանգամանքը։ Հայաստանի արտաքին տնտեսական կապերի եւ տարածաշրջանային համագործակցության շուրջ ծավալված քննարկումը կտրուկ ավարտ ունեցավ (իմաստային առումով), երբ հաջորդ զեկուցող Թաթուլ Մանասերյանը ներկայացրեց արտաքին տնտեսական կապերի գործող համակարգը, այն է՝ 4-5 հոգանոց խումբ, տեղավորված արտաքին գործերի նախարարությունում։ «Այդպիսի համակարգ այսօր չկա, բյուջեում արտաքին տնտեսական կապերը խթանելու տող չի նախատեսվում, ռազմավարություն չկա, հայեցակարգ չկա»։ Ասել է, թե ամեն ինչից առաջ այս մասին է պետք մտածել։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել