ԲԱ ՁԵՐ ԳՈՐԾԻ ԱՆՈՒՆՆ Ի՞ՆՉ Է «Ջրիկ» մարդու մասին չարժե խոսել, իսկ ջրիկ կարագի մասին, կարծում ենք, ավելորդ չի լինի։ Մանավանդ որ, դժվար չէ այն ձեռք բերելը, եթե, իհարկե, չես վախենում սեփական ստամոքսը փորձության ենթարկելուց։ Դիցուք, այցելելով «Փեթակ» կամ «Սուրմալու» տոնավաճառներ (եւ ոչ միայն), կարող ես ձեռք բերել փնտրածդ ջրալի կարագը։ «Բրիկետ ա, քուր ջան, իմպորտնի կարագ ա, երեխեքիս էլ եմ սրանից տանում»,- կվստահեցնի հաշվիչով մի կերպ գումարում-հանում կատարող, հազիվ տառաճանաչ վաճառողը ու քեզ կմեկնի 2,5 կիլոգրամանոց, սպիտակ թղթով փաթեթավորված կարագը։ Իսկ վրան ընդամենը կով է նկարված՝ վճիտ աչքերով ու մի քանի կարմրատառ անգլերեն նախադասություն՝ կարագի բաղադրության վերաբերյալ (արտադրության տեղի ու ժամկետի մասին, բնականաբար, ոչ մի նշագրում)։ Իսկ եթե փորձես «մաքուր» կարագը «մաքուր» յուղի վերածել, ապա 2,5 կգ-ից ուղիղ 1 լիտր պարզ ջուր կստանաս։ Այնքա՜ն զուլալ, որ կարող ես թեյ պատրաստել մեղրահացիդ համար։ ՀՀ մաքսային կոմիտեի լրատվական ծառայությունից ընդամենը հայտնեցին, որ հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հանրապետություն է ներկրվել 747 տ կարագ՝ 11 կազմակերպությունների կողմից։ Նույն ծառայությունը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստան մտնող կարագը հիմնականում բերվում է Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Իրանից, Արաբական Էմիրություններից, Նիդեռլանդներից ու Լիտվայից։ Ներկրվող կարագի տեսականու վերաբերյալ մեզ ինֆորմացիա չտրամադրվեց, այն պատճառաբանությամբ, որ իբր մաքսային կոմիտեն այժմ «եվրոպական չափանիշներին համապատասխան՝ ընդհանրացված է ամփոփում տվյալները, դրա համար էլ չի նշվում, թե ինչպիսի կարագ է ներկրվել»։ Նույնիսկ հետաքրքրվեցին ջրալի կարագով, չլինի՞ թե շփոթվեն, իրենք էլ գնեն։ Ուշագրավ էր ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության եւ սերտիֆիկացման վարչության վարքագիծը։ Փորձեցինք պարզել, թե որքանով է վերահսկելի շուկաներում վաճառվող այս սննդատեսակը, եւ արդյոք այն համապատասխանո՞ւմ է սահմանված չափանիշներին։ Ակնկալում էինք պատասխան, բայց առաջարկություն ստացանք։ Այն էր՝ Հայպետստանդարտի վերահսկողության ծառայության աշխատակիցներին կողմնորոշելու համար՝ գնալ նշյալ շուկաները եւ հեռվից մատնացույց անել այն վաճառողներին, ովքեր զբաղվում են նման կարագի վաճառքով։ «Ախր երկու շուկաներն էլ մեծ են,- պատճառաբանեց լրատվական ծառայության ղեկավարը,- հո չե՞նք կարող բոլոր կարագները ստուգել»։ Ու քանի որ Հայպետստանդարտի վերահսկողության ծառայությանը լրագրողական հուշում էր անհրաժեշտ, որոշեցինք մի առաջարկություն էլ մենք անել՝ ստեղծել «Հայլրագստանդարտ» պայմանական անվանմամբ մի ծառայություն, որը ժամանակ առ ժամանակ իր գործը թողած Հայպետստանդարտի գործը կանի։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ