Լրահոս
Օրվա լրահոսը

Պատշարը մեղավոր չէ, որ երգիչ չէ

Հոկտեմբեր 26,2002 00:00

Պատշարը մեղավոր չէ, որ երգիչ չէ Կոչումների մասին ՀՀ գործող օրենքի համաձայն, ժողովրդականի, վաստակավորի կոչում ունեցող բոլոր անձինք պետք է ստանան ամենամսյա լրավճարներ։ Եւրախորհրդին անդամակցող երկիր ենք եւ չգիտենք էլ, որ հենց Եվրախորհուրդն է կտրականապես դեմ այս երեւույթին։ Ընդհանրապես, որեւէ վճար կամ արտոնություն դիտվում է իբրեւ պետության կողմից միջամտություն ստեղծագործական գործունեությանը եւ ստեղծագործողների միջեւ ստեղծում ոչ հավասար պայմաններ՝ բաժանելով նրանց պաշտոնական կամ ոչ պաշտոնական մտավորականության եւ մշակույթի գործիչների։ Այս առումով անհրաժեշտ է վերանայել կոչումների մասին այս օրենքը եւ ստեղծել մի դաշտ, ուր կոչումը կդառնա զուտ բարոյական գնահատանքի ձեւ, ինչպես, ասենք՝ տվյալ երկրի նախագահի շնորհակալագիրը կամ պատվոգիրը։ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը վստահ է, որ դրանով ե՛ւ ավելի ճիշտ կընկալվի կոչում հասկացությունը, ե՛ւ որեւէ արտոնություն չի տրվի կոչումակիր մտավորականի կամ մշակույթի գործչի։ Պարզվում է, որ Հայաստանում այսօրվա վիճակով կա 57 ժողովրդականի կոչում ունեցող եւ 75-ից բարձր տարիքի վաստակավորի կոչման արժանացած 72 անձ։ Սա պետությունից, նույնիսկ 10000-ական ամսավճարների դեպքում, կպահանջի տարեկան մոտ 16 մլն դրամ։ Այսինքն՝ սա յուրօրինակ կենսաթոշակ է։ Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե պետությունն այդ գումարով մի նոր ներկայացում բեմադրի կամ ֆիլմ նկարահանի։ Ընդ որում, քննարկումներ են ընթանում կոչումների թիվն ավելացնելու մասին, ինչպես՝ վաստակավոր տնտեսագետ, ժողովրդական ֆիզկուլտուրնիկ եւ այլն։ Կ. Արիստակեսյանը նկատում է, որ օրենքի նախագծից պետք է հանվեն այդ ամենամսյա լրավճարները եւ օրենքն ուղղակի կոչումներ սահմանի՝ թե ինչ պարագայում կարող են դրանք տրվել։ «Իսկ եթե կառավարությունը կամ որեւէ մեկը ուզում է որեւէ նշանավոր անձի որեւէ բան նվիրել, պարգեւատրել՝ առանց կոչումը նկատի ունենալու, այլ հաշվի առնելով տվյալ անձի ընդհանուր վաստակը, կարող են ցանկացած պահի դա անել։ Այլապես սա նշանակում է նույն քաղաքականությանը վերադառնալ, ինչ խորհրդային տարիներին էր։ Օրենքում դրույթ կա, ըստ որի ժողովրդականի կոչումը տրվում է վաստակավորի կոչում ստանալուց 5 տարի հետո։ Ենթադրենք, որեւէ մեկը այս տարի ստացել է վաստակավորի կոչում եւ նույն տարում հանճարեղ մի գործ է ստեղծում, ուրեմն պետք է 5 տարի սպասե՞նք, կամ եթե 5 տարում ոչինչ չի ստեղծում, պետք է անպայման տրվի՞ ժողովրդականի կոչում»,- ասում է փոխնախարարը։ Իսկ եթե վաստակավորի կոչումով անձը մահանո՞ւմ է. հետմահուն էլ կարգավորված չէ օրենքով։ Փոխնախարարն ասաց, որ այս պահին իր սեղանին կա մոտ 400 դիմում՝ տարբեր մշակույթի գործիչներից, կազմակերպություններից, որոնք կոչումներ, մեդալներ են ուզում։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ հոսք են բացում ամսական այս կոչումաթոշակները եւ կոչումների բազմազանությունը։ «Եթե Նարեկացին կոչում չուներ, մեծ գրող չէ՞ր։ Միանշանակ պետք է հանվեն այդ լրավճարները, որ չհասնենք կոմունիստական ժամանակաշրջանի»,- հավելեց Արիստակեսյանը։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե հայ մշակույթի, գիտության, կրթության գործիչների ստվարագույն մասը, որ առանց այն էլ բոլոր իշխանություններին մի-մի սերենադ են նվիրում, ըմբոշխնում պետական մասնակի հովանավորությունը, ինչպիսի՜ նոր քծնանքի թեմա կունենա։ Սրանով մենք դեմ ենք կանգնում ստեղծագործական եւ մշակութային գործունեության ազատությանը։ Ընդ որում, այս օրենքի թեմայով թե՛ քաղաքապետարանում, թե՛ ստեղծագործական միություններում արդեն նիստեր են հրավիրվում, կոչումների թեկնածուներ առաջադրվում, ցանկեր կազմվում՝ կոչումի թոշակ ստանալու համար։ Եվ, բացի դա, այդ մշակույթի, գիտության (եւ այլն) ոլորտների ներկայացուցիչները, որպես ՀՀ քաղաքացիներ, բոլորի պես ստանում են կենսաթոշակներ։ Ինչո՞ւ պետք է, օրինակ, շինարարի, գրողի կամ դերասանի միջեւ մարդու իրավունքների խտրականություն դրվի։ Առավել եւս, որ սույն օրենքով է՛լ ավելի են արժեզրկվում կոչում, շքանշան, պարգեւ հասկացությունները։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել