«ԱՆՈՂՈՔ» ԼՌՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ – 1 Վերջերս իշխանական թերթերը հաճախ են անդրադառնում հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր172Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածին: Առիթը համարում են հոդվածի 5-րդ տարին լրանալը: 5-րդ տարին լրանում է ավելի ուշ, սակայն ահա շտապում են: Ինչո՞ւ: Շտապելն ունի շատ կարեւոր եւ առարկայական պատճառ: Վերջին մեկ-երկու տարում անակնկալ, իսկ ավելի ճիշտ՝ ակնկալելի, մեծացել է հետաքրքրությունը առաջին նախագահի հիշյալ հոդվածի նկատմամբ: Այս տարիներին այն տարբեր առիթներով նաեւ հրապարակվել է (մեր ունեցած տեղեկություններով մոտ 10.000 օրինակ), սակայն փնտրողների քանակն անընդհատ աճում է: Իսկ ամենահետաքրքիրը, ավելի ճիշտ՝ տխուրը, այն է, եւ շատերն էլ խոստովանում են, որ այն ժամանակին ուշադիր չեն կարդացել, կամ նույնիսկ՝ ընդհանրապես չեն կարդացել: Հետաքրքրության կտրուկ մեծացման ընդհանուր բացատրությունն ակներեւաբար մեկն է. հոդվածը քաղաքական հստակ վերլուծություն լինելուց բացի, ըստ էության նաեւ քաղաքական կանխատեսում էր: Հնարավոր լավագույն ճանապարհը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի համար համարելով փուլային տարբերակով հակամարտության խաղաղ կարգավորումը եւ խաղաղության հաստատումը, հստակ նկարագրվում էին նաեւ այն անկասկածելի հետեւանքները, որոնք անխուսափելի կլինեն պայմանագրի կնքումից խուսափելու, ստատուս քվոն պահպանել ձգտելու դեպքում: Այսօր արդեն շատ բան կա համեմատելու եւ տեսնելու, որ ժամանակին արված քաղաքական հաշվարկներն ու կանխատեսումները ճշգրիտ էին եւ արդարացված, որ դրանք այսօր իրականանում են: Եվ ահա այդ պատճառով այդքան մեծացել է հետաքրքրությունը հինգ տարի առաջ հրապարակված հոդվածի նկատմամբ: Բայց, հասկանալի է, որ այդ հետաքրքրությունը բնավ «սպորտային» չէ: Դա նշանակում է փաստերի եւ իրողությունների ճնշման տակ հասարակության աճող անհանգստություն սեփական ճակատագրի նկատմամբ եւ աստիճանական վերակողմնորոշում: Վերակողմնորոշում դեպի 1997-ին առաջարկված ճանապարհը, որ ժամանակին ոմանք կտրականապես մերժեցին, ոմանք չհասկացան, իսկ շատերը՝ ապակողմնորոշվեցին: Առաջին նախագահի ակնկալած քաղաքական բանական բանավեճի փոխարեն` նրա գաղափարական ընդդիմության կողմից էժանագին «հայրենասիրական» դիրքերից բարձրացրած վայրենի վայնասունն այն ժամանակ խլացրեց ու կուրացրեց հասարակությանը: Եվ ահա հինգ տարի անց, նախընտրական այս եռուն շրջանում «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածն սկսել է անողորմաբար աշխատել նույն այդ վայնասուն բարձրացրած ուժերի դեմ: Ու սարսափած՝ իշխանա-դաշնակցական-ռամկավարական մամուլը շտապում է ժամանակից երկու ամիս առաջ «նշել» «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի հնգամյա հոբելյանը՝ եւս մի անգամ «ջախջախել» նրա գաղափարները։ Նոյեմբերին կարող է եւ ուշ լինել, քանի որ հանրապետության քաղաքական կյանքում ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմություն խաղացողների, ե՛ւ իրական ընդդիմության, ե՛ւ փաստորեն ողջ հասարակության համար թիվ մեկ խնդիրը դարձել է՝ կառաջադրի՞ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, թե՞ ոչ հարցը: Ու քանի դեռ հարցին վերջնական պատասխան չի տրված, ահա, իշխանական թեւի գործիչներն ու մամուլը սարսափած են դրական պատասխանի հեռանկարից ու փորձում են կասեցնել այդ ճանապարհը հարթող, այսօր իրենց դեմ այնքան դաժանորեն աշխատող այս հոդվածի ընթացքը: Սարսափած են այնքան, որ վերջին ամիսներին մի կողմ դրեցին անգամ առաջին նախագահի մասին իրենց ամենօրյա հայհոյական որակումները, պիտակավորումներն ու զանազան անապացույց մեղադրանքներն ու մեծ զգուշավորությամբ միայն մի միտք են կրկնում. «Նա լուրջ քաղաքական գործիչ է եւ նման քայլի չի գնա», կամ՝ «Նա կառաջադրվի միայն հասարակական լայն պաշտպանության դեպքում, իսկ նման պաշտպանություն առայժմ չկա»: Ընդ որում՝ այս միտքը կարող է ծառայել որպես յուրատեսակ լակմուսի թուղթ. երբ այն արտասանում են նաեւ օրվա իշխանությանը «ընդդիմացող» որոշ ուժեր եւ գործիչներ, դրանով, կարծես, մատնում են իրենց պատվիրված ընդդիմություն լինելը, իրենց իրական դերն ու դերակատարությունը: Պարզ է, որ վերոհիշյալ «քննադատական» հոդվածներին ըստ էության չենք անդրադառնա: Դրանք իրենց կատարման մակարդակով նույնքան անորակ են, որքան 1997-ի վերջին ամիսներին տասնյակներով տպագրվող, կեղծ հայրենասիրական ու «հերոսական» դիրքերից արվող բարբաջանքները, եւ ոչ մի կապ չունեն ո՛չ քաղաքականության, ո՛չ քաղաքական մտքի, ո՛չ քաղաքական հաշվարկի ու վերլուծության հետ: Պարզապես արձանագրենք, որ, ի տարբերություն 5 տարի առաջ հրապարակվածների, դրանց ներքին, բովանդակային խեղճությանն ավելացել է արտաքին խեղճացվածությունը, ագրեսիվությունը տեղի է տվել հանդուրժողականությանը: Նրանք, ովքեր ամբողջ 8 տարի, եւ հատկապես 1997-ի վերջում, նախագահի հրաժարականն էին պահանջում, այսօր հրաժարականը համարում են… «դասալքություն», նրա ծրագիրը «դավաճանական» հայտարարողներն ընդունում են, որ այն կմնա հայ քաղաքական մտքի պատմության մեջ («Հայոց Աշխարհ»), գտնում են, որ նա անկեղծորեն խաղաղության կողմնակից էր, եւ ոչ թե ծախում էր Ղարաբաղը, պարզապես սերբերի օրինակը տեսնելով, զգուշանում էր, որ նույն ճակատագիրը կարող է ունենալ նաեւ Ղարաբաղը («Ազգ»): Եվ այնուամենայնիվ, ի հեճուկս ամբողջ հասակով ցցվող իրողությունների, դրանք անհույս մի վերջին փորձ են՝ ցույց տալու, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին իբր սխալվել է իր կանխատեսումներում եւ հաշվարկներում: Առաջին նախագահի քաղաքական ընդդիմությունը նրա դեմ պայքարելու համար մի հիմնական միջոց ու այդ միջոցի կիրառման հարուստ փորձ ունի: Խոսքը վերաբերում է նրա մտքերը «փոքրիկ սրբագրումներով» խեղաթյուրելուն եւ դրա վրա մեղադրանքներ ու հերյուրանքներ կառուցելուն: Այս մեթոդը նրա դեմ գործադրվել է դեռ Շարժման տարիներից եւ շարունակվում է մինչեւ այսօր: Երբեմն չափն անցել են այնքան, որ նրա երդվյալ ընդդիմախոսներից մեկը մի անգամ ուղիղ եթերում չհամբերեց. «Ես այդ մարդուն չեմ սիրում ու չեմ ընդունում, բայց նա այդպես չի ասել, իսկ ինչպես որ ասել է, դրան լրիվ համաձայն եմ»: Կարելի է բերել այդօրինակ խեղաթյուրումների առնվազն 3-4 տասնյակ օրինակների ցանկ: Այս փաստը մի կողմից խոսում է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ իր գրավոր ու բանավոր խոսքի (նաեւ քաղաքական քայլերի) նկատմամբ չափազանց ուշադիր ու պատասխանատու վերաբերմունքի մասին, այնքան, որ դրանցում դժվար է լինում շահարկման համար ճեղքեր գտնել: Մյուս կողմից բնութագրում նրա քաղաքական «ընդդիմության» էությունն ու բարոյական կերպարը, որը, մանրադիտակով անգամ կառչելու տեղեր փնտրել-չգտնելուց հետո, դիմում է սովորական, էժան կեղծիքի ու խեղաթյուրումների: Նույն մեթոդին դիմում են նաեւ այսօր, երբ պնդում են, թե նա իր ընդդիմախոսներին համարում էր պատերազմի կողմնակիցներ, կամ՝ ահա, ի հեճուկս նրա կանխատեսումների, պատերազմ չսկսվեց: «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի չնախապաշարված ընթերցողի համար դժվար չէ հասկանալ դրա հիմնական գաղափարը, որ հետեւյալն է: Պատերազմներն ավարտվում են կամ կողմերից մեկի լիակատար հաղթանակով, կամ ինչ-որ մի պահի՝ «հակամարտության հագեցման փուլում», երբ երկու կողմի համար էլ անիմաստ է այն շարունակել, որոշակի պայմաններով հաշտություն է կնքվում եւ վերականգնվում է խաղաղությունը: Ղարաբաղյան հակամարտության մեջ առաջին տարբերակը չէր, քանզի կողմերից ոչ մեկը լիակատար կապիտուլյացիայի չէր ենթարկել մյուսին: Միայն զինադադար, ընդմիջում, «պաուզա» էր հաստատվել: Զինադադարը պատերազմի ավարտ չէ եւ կարող է ունենալ երկու շարունակություններից մեկնումեկը. կա՛մ կողմերն այն օգտագործում են «շունչ քաշելու», պատերազմը շարունակելուն նախապատրաստվելու համար, կա՛մ անհրաժեշտ ժամանակն են ստանում խաղաղության բանակցությունների եւ պայմանագրի նախապատրաստման համար: Երրորդ տարբերակ չկա. որքան էլ երկար ձգվի «պաուզան», միեւնույն է, այն մի օր պետք է հանգի ելքերից մեկին կամ մյուսին՝ վերջնական խաղաղության պայմանագրի, կամ պատերազմական շարունակության: Եթե խուսափում ենք երկրորդից, բնականաբար, մտածված կամ ակամա կանգնում ենք առաջին ճանապարհի վրա: Այս ամենը հանրահայտ տեսություն է եւ ընդհանուր՝ ցանկացած հակամարտության համար: Սա, եթե նկատի ունենք պատերազմի ռազմական կողմը, զինված առճակատումները: Բայց պատերազմներն ունեն նաեւ մի այլ կողմ՝ տնտեսականը, մասնավորապես արտահայտված տնտեսական շրջափակումներով: 1994-ի մայիսին պատերազմը ժամանակավորապես դադարեց, առկախվեց միայն ռազմական առճակատումների մասով: Տնտեսական մասով, որ բնավ ավելի պակաս կարեւոր չէ, այն շարունակվում էր եւ շարունակվում է մինչեւ այսօր: Ուրեմն եւ պայմանագրի կնքումից խուսափելը այլ բան չէր, քան ռազմական իմաստով օդում կախված, իսկ տնտեսական իմաստով հողի վրա՝ մեր տնտեսական կյանքում եւ կենցաղում ամրորեն նստած պատերազմի շարունակում: Ուրիշ ի՞նչ կերպ կարող էին կոչվել այս ճանապարհի ջատագովները: Իսկ ինչ վերաբերում է պատերազմը նաեւ մեզ համար ավելի հասկանալի՝ ռազմական իմաստով վերսկսվելու հնարավորությանը, ապա դրա համար Ադրբեջանին երեք պայման է անհրաժեշտ. ա) Հայկական կողմի նկատմամբ տնտեսական եւ ռազմական գերազանցություն, որ նա հաջողությամբ ձեռք է բերում, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանն արագ տեմպերով հետ է մնում նրանից: Ցանկացած «մարտունակ բանակ», եթե նրա թիկունքում մրցունակ տնտեսություն չկա, մի քանի օր հետո դառնալու է թնդանոթի միս: բ) Սեփական երկրում հասարակական կարծիքի ապահովում հօգուտ ռազմական գործողությունների վերսկսման. ըստ հրապարակված տվյալների՝ Ադրբեջանի բնակչության 80%-ը կողմ է խնդիրը պատերազմի միջոցով լուծելուն: գ) Միջազգային հանրության սանկցիա, ինչը ավելի պարզորոշ դժվար էր արտահայտել, քան վերջերս կարեւորագույն միջազգային փաստաթղթերում Հայաստանը «ագրեսոր» եւ «օկուպանտ» համարելը: Անհրաժեշտ այս պայմաններից եւ ոչ մեկը Ադրբեջանը չուներ 1997-ին եւ չէր ունեցել մինչեւ այդ: Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրի իրականացման դեպքում նա այդ պայմաններից ոչ մեկը չէր ունենալու նաեւ այսօր եւ երբեւէ։ Եվ ընդամենը քաղաքական իրատեսություն ու հաշվարկ էր պետք տեսնելու համար, որ պայմանագրի բացակայության դեպքում նա դրանք ունենալու էր առաջիկա տարիներին: Այդ «պարտվողական» հաշվարկ-կանխատեսումն էր, որ 5 տարի առաջ արեց հանրապետության առաջին նախագահը եւ համարեց, որ խաղաղություն կնքելու ճշգրիտ պահն է: Ուրեմն, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածը վերնագրում էր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն», կամ հրաժարականի հայտարարության մեջ արձանագրում, թե «արժանապատիվ խաղաղության կուսակցությունը» պարտություն կրեց, ամենեւին չէր ասում, թե իր ծրագրին ընդդիմացող ուժերը պատերազմի սիրահարներ են: Դա ընդամենը նշանակում էր, որ այդ ճանապարհը (եթե դրանով առաջնորդողներն անգամ խաղաղության հրեշտակներ լինեն) պահպանում է պատերազմական իրավիճակը, տանում է դեպի պատերազմ: Եվ եթե նրանք ավելի ուշ հասկանան էլ (կամ նրանց ստիպեն հասկանալ) դրա կորստաբերությունը, ապա որքան ուշ, այնքան ստիպված կլինեն մեծ զիջումներ անել: Իսկ եթե այդպես էլ չհասկանան ու գնան մինչեւ վերջ, ապա այդ վերջը լինելու է այն, որ շարունակվող դաժան տնտեսական պատերազմին գումարվելու է նաեւ ռազմական առճակատմամբ պատերազմը, այս անգամ՝ մեզ համար անիմաստ ու կորստաբեր: Սակայն ավանդական քաղաքական մտքի կրողները անհանգստանալու բան չունեն: Առաջին անգամ չէ, որ նրանք պետք է բախվեն նման իրականության: Դատելով մեր պատմության ընթացքում նմանօրինակ դեպքերի համար հայ հասարակության վրա նրանց «սաղացրած» բացատրություններից եւ արդարացումներից, այդ դեպքում նորը հնչելու է այսպես. «Մենք թույլ չտվեցինք, որ արյունով գրաված հողերը հենց այնպես հետ տան: Մենք դրանք զիջեցինք հերոսաբար՝ միայն ավելի մեծ արյունով, եւ դրանով իսկ բարոյական կարեւոր հաղթանակ տարանք»: ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ