Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել

Հոկտեմբեր 26,2002 00:00

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ԱՄՆ-ը Հայաստանին վերջին 10 տարվա ընթացքում հատկացրել է շուրջ 1,1 միլիարդ դոլարի ֆինանսական գնություն՝.հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը։ Դեսպանը տեղեկացրեց, որ սկզբնական շրջանում մեր երկրին հատկացվող օգնությունը տրվում էր սննդի, վառելիքի, կացարանների տեսքով, այսինքն՝ այդ օգնությունը ավելի շատ մարդասիրական բնույթ ուներ։ Տարիների ընթացքում այդ օգնությունը վերաճեց զարգացման ծրագրերի։ Դեսպան Օրդուեյը փաստեց այն հանգամանքը, որ Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի մշակման համար սերտորեն համագործակցում են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կառավարությունները, ինչպես նաեւ՝ այլ գերատեսչություններ եւ հասարակական կազմակերպություններ։ Դեսպանը առանձնացրեց Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորհրդի դերը։ Պարոն Օրդուեյը ընդգծեց, որ ԱՄՆ Կոնգրեսը յուրաքանչյուր տարի Հայաստանին հատկացնում է հսկայական ֆինանսական աջակցություն, եւ այդ գործում, ըստ դեսպանի, մեծ դեր ունի նաեւ Ամերիկայի հայ համայնքը։ Նրա հավաստմամբ, երկու երկրների տնտեսական համագործակցության արդյունքում իրագործվել են արդյունավետ ծրագրեր։ Անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ օգնություն է տրամադրվում Հայաստանի ռազմական ոլորտին, ԱՄՆ դեսպանը տեղեկացրեց, որ այս ոլորտում իրենց օգնությունը սկսվել է անցած տարվանից։ Երկու երկրների պաշտպանության նախարարների փոխայցելություններից հետո որոշվել է համագործակցության առաջին փուլում աջակցել ռազմական ոլորտում կապի զարգացմանը։ ԱՄՆ կառավարությունը այս ոլորտում կարեւորում է նաեւ խաղաղարար գումարտակի ստեղծումը եւ հայ սպաների վերապատրաստումը։ Անդրադառնալով հարավկովկասյան երեք հանրապետությունների նկատմամբ ԱՄՆ դիրքորոշմանը, դեսպան Օրդուեյը ընդգծեց, որ Միացյալ Նահանգների ռազմական համագործակցությունը երեք երկրների համար ունի նույնատիպ նպատակներ եւ խնդիրներ։ Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունները, դեսպան Օրդուեյը նշեց, որ ԱՄՆ կառավարությունը այս երկու երկրներին օգնություն հատկացնելիս փորձում է պահպանել հավասարակշռությունը։ Անշուշտ, ասուլիսի ընթացքում անհնարին էր չանդրադառնալ Մոսկվայում կատարվող ահաբեկչական գործողություններին։ Դեսպանը քննադատեց կատարվող ահաբեկչությունը, նշելով, որ Միացյալ Նահանգները մշտապես դեմ է եղել ահաբեկչության ցանկացած ձեւի՝ որ երկրում էլ այն կատարվի։ Ինչ վերաբերում է չեչենական պատերազմը այս եղանակով ավարտելու ահաբեկիչների պահանջին, պարոն Օրդուեյը կարծիք հայտնեց, որ անհնար է ռազմական գործողությունների միջոցով լուծել հարցը։ Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել