ԿԵՑՑԵ՛Ն «ԱԶԱՏ», «ԱՐԴԱՐ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Մենք շարունակում ենք հրապարակել ՏԻՄ ընտրություններում արձանագրված խախտումները, որոնք, մասնավորապես ՀՀԿ ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ լրագրողները պեղել, պեղել ու այդպես էլ «չեն գտել»: Ընտրակեղծիքների թեման շարունակենք Կենտրոն համայնքի թիվ 15/37 ընտրատեղամասում արձանագրված խախտումներով: Թիվ 15/37 տեղամաս Թվով վեց վստահված անձինք այս տեղամասում իրենց դիմում-բողոքում հայտնել են, որ այդ տեղամասի հանձնաժողովի նախագահ Գեոլցյան Վազգենը փորձել է սահմանափակել նրանց իրավունքները, նաեւ՝ հակաքարոզչություն ծավալել թեկնածու Ա.Զուրաբյանի դեմ: Նույն տեղամասում եղած տեղական դիտորդ Հրաչյա Գալստյանն է թիվ 15 ԸԸ հանձնաժողովի նախագահ Գ.Քյալյանին տեղեկացնում, որ հանձնաժողովի նախագահը «10:30-11:00 ժամանակահատվածում բազմաթիվ խախտումներ է կատարել. վեճի է բռնվել տարբեր թեկնածուների վստահված անձանց հետ՝ տարբեր միջոցներով խանգարելով վերջիններիս եւ զրկելով քվեարկության ընթացքը տեսողական վերահսկողության տակ պահելու հնարավորությունից»: Թիվ 15/39 տեղամաս «ՏԸՀ նախագահ Ա.Ազարյանից պահանջվել են ընտրությունների ամփոփիչ արձանագրությունները, որը նա մերժել է»,- տեղեկացնում են վստահված անձինք՝ ընդգծելով, թե վերջինս խախտել է Ընտրական օրենսգրքի 30 հ.-ի 1-ին կետի 2-րդ ենթակետը եւ հ. 61-ի 7-րդ կետը: Նա նաեւ «գործավարական մատյանը «պատրաստ չլինելու» պատճառաբանությամբ վստահված անձանց կազմած բողոքները մատյան մուտք չի արել, խախտել է նաեւ ԸՕ հ.61-ի 5-րդ կետը: Թիվ 15/40 տեղամաս Ըստ բողոք-դիմումների, այստեղ հանձնաժողովը խախտել է ԸՕ հ. 30-ի 1-ին կետի 2-րդ ենթակետը՝ վստահված անձանց թույլ չտալով ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին: Վստահված անձանց չի հաջողվել նաեւ ստանալ դրանց պատճենները եւ քաղվածքներ կատարել: Չի տրամադրվել նաեւ ընտրությունների ամփոփիչ արձանագրության պատճեն: Ավելին՝ «Քվեարկությունից հետո հանձնաժողովի նախագահը 4 ժամ ընդմիջում-ճաշկերույթ է հայտարարել՝ անտեսելով վստահված անձանց բողոքները: Նա չհրկիզվող պահարանից հանել է չօգտագործված քվեաթերթիկները եւ փոխանակ օրենքի պահանջով մեկ առ մեկ հաշվելու՝ արձանագրել է դրանց թիվը՝ հիմք ընդունելով նախորդ օրվա տվյալները»: Թիվ 15/41 տեղամաս Հանձնաժողովի նախագահն ու նրա տեղակալը քվեարկությունից հետո հաշվեհարդար են տեսել վստահված անձ Տ.Ռշտունու հետ, որն ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ է նկատել եւ հանձնաժողովին տեղյակ պահել: Պատասխանը, ըստ նրա եղել է «թքած ունեմ» արտահայտությունը: Թիվ 15/43 տեղամաս Խախտվել է ԸՕ հ. 62-ի կետ 10-ը եւ ԿԸՀ՝ 10.05.99թ. արձանագրության կետ 10-ը: Հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել վստահված անձանց ոչ միայն հետեւել քվեաթերթիկների հաշվառմանը, դրանց վրա արված նշումներին: Ըստ վստահված անձանց՝ քվեատուփից հանվել եւ հաշվվել է տրցակով քվեաթերթիկ՝ մոտ 300 հատ, որը քվեարկված է եղել նույն թեկնածուի օգտին: Թիվ 15/45 տեղամաս Թեկնածուներ Ա.Աղինյանի եւ Ա.Զուրաբյանի վստահված անձանց պնդմամբ՝ հանձնաժողովը խախտել է ԸՕ հ. 53-ի 2-րդ կետը: Վերջինիս նախագահը վարվել է այնպես, ինչպես մյուս՝ գրեթե բոլոր հանձնաժողովների նրա գործընկերները. Ս.Գեւորգյանը արտահերթ նիստ է հրավիրել եւ որոշում կայացրել, թե վստահված անձը խանգարում է հանձնաժողովի աշխատանքներին՝ վերջինիս զրկելով օրենքով վերապահված իրավունքներն իրականացնելուց: Թվով 5 վստահված անձինք գրավոր հավաստել են, որ իրենց գործընկերը հանձնաժողովի աշխատանքներին չի խոչընդոտել: Թիվ 15/49 տեղամաս ՏԸՀ նախագահ Ռ.Մարտիրոսյանը, ըստ Ա.Աղինյանի եւ Ա.Զուրաբյանի վստահված անձանց՝ խախտել է ԸՕ հ. 30-ի 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջները՝ թույլ չտալով, որ վստահված անձինք անարգել ծանոթանան ընտրական փաստաթղթերին: Տեղամասում խախտվել է նաեւ ԸՕ հ. 56-ի 2-րդ կետը՝ հանձնաժողովի անդամները կնքված քվեաթերթիկներ են տվել ընտրողներին՝ առանց նրանց տվյալ տեղամասում հաշվառված լինելը ստուգելու: Խախտվել են նաեւ ԸՕ հ.61-ի 7-րդ կետի պահանջները. ամփոփիչ արձանագրությունները՝ թիվ 1, 2, չեն կնքվել այն պատճառաբանությամբ, թե դրանք «ընդհանրապես չեն կնքվում» կամ «կնիքն արդեն փաթեթավորված է»: Ավելին, ժամանակի «սղությունը» վկայակոչելով՝ վստահված անձանց չեն տրվել ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունները: Թիվ 15/50 տեղամաս Ընտրող՝ Կորյունի փ. 1-ին նրբ. 10 շենքի բնակիչ Ա.Աբրահամյանը հայտնաբերել է, որ իր եւ հոր փոխարեն արդեն ստորագրել եւ քվեարկել են: Փոխարենը՝ տեղամասային հանձնաժողովը նրան հնարավորություն է տվել գրանցվել լրացուցիչ մատյանում եւ քվեարկել: Նույն տեղամասի մեկ այլ ընտրող՝ Մյասնիկյան 4/22-ի բնակիչ Ժորա Սիմոնյանը, գալով քվեարկության՝ հայտնաբերել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է, լրացված է միանգամայն այլ անձնագրային տվյալ: Նա հայտարարել է, որ նույնն արվել է նաեւ իր հարեւանների փոխարեն: Սույնի մասին նա դիմում-բողոք է ներկայացրել թիվ 15 ԸԸՀ նախագահ Գ.Քյալյանի անունով: Թիվ 15/51 տեղամաս Վստահված անձինք բազմիցս արձանագրել եւ հանձնաժողովին բողոքել են, թե մարդիկ գալիս եւ քվեարկում են բացակայողների փոխարեն: Նրանք արձանագրել են մասնավորապես Ֆրիկ Վաղարշակյանի հայտարարությունը, որի փոխարեն ընտրացուցակում արդեն ստորագրված է եղել: Հակաքայլն այն է եղել, որ վերջիններիս թույլ չի տրվել իրականցնել օրենքով իրենց վերապահված լիազորությունները: Վստահված անձինք արձանագրել են նաեւ, որ կուտակումներ են եղել տեղամասի մուտքի, քվեատուփի մոտ, նաեւ՝ որ թեկնածուներից մեկի օգտին քարոզարշավ է ընթանում: ՏԻՄ ընտրություններն անվերահսկելի են եղել նաեւ Էջմիածին քաղաքում: Աղաղակող փաստեր կան այս՝ թիվ 26, ընտրատարածքում եղած խախտումների մասին, որոնք, դատելով մեր ձեռքի տակ եղած արձանագրություններից, մինչեւ 5 տարի ազատազրկում են նախատեսում: Այստեղ բացահայտ կեղծիքներ են թույլ տվել ԸԸ հանձնաժողովի անդամներն ու նախագահը: Վերջիններս այդ ընտրատարածքում ընտրությունները չեղյալ չհամարելու համար կեղծել են արձանագրության անճշտությունների չափի վերաբերյալ տվյալները: Այստեղ գրեթե բոլոր տեղամասերի վերաբերյալ կազմվել են կրկնակի արձանագրություններ, որոնցից առաջինով փաստված է քվեաթերթիկների անճշտությունների չափը, մյուսով այն հավասարեցվել է զրոյի կամ զգալիորեն պակասեցվել է: Համաձայն անճշտությունների չափի վերաբերյալ երկու տարբեր օրինակներ ստորագրել են նույն մարդիկ. հանձնաժողովի նախագահ Է.Զաքարյանը, տեղակալ Ռ.Մանուկյանը, քարտուղար Լ.Ավետիսյանն ու հանձնաժողովի անդամները: Այդ արձանագրության առաջին տարբերակով, օրինակ՝ թիվ 26/01 տեղամասում անճշտությունների չափը եղել է 40, երկրորդ տարբերակով՝ 0: Թիվ 26/10-ում՝ նախնական հաշվարկով՝ դրանք եղել են 0, մինչդեռ՝ մեր ձեռքի տակ առկա կնքված եւ ստորագրված քվեաթերթիկը, որը Հ.Աբգարյանի անվան դիմաց նշումով է՝ այլ բան է ասում: Ի դեպ, մեզ հայտնի «կարուսելի» համար բաց թողնված քվեաթերթիկները հարյուրներով հայտնաբերվել են նաեւ թիվ 26/9, 26/18 տեղամասերում: Թիվ 26 ընտրատարածքի տեղամասերի մեծամասնության վերաբերյալ ԸԸՀ կազմած արձանագրությունների մի ստվար հատվածում պարզ թվաբանական հաշվարկներով էլ կարելի է հեշտությամբ ապացուցել, որ դրանք պարզապես նկարված են: Հիշեցնենք, որ թիվ 26-ում առաջադրվել էին Էջմիածնի քաղաքապետ Երվանդ Աղվանյանը եւ գործող վարչապետի աշխատակազմի ղեկավար Հրաչիկ Աբգարյանը՝ ՀՀԿ-ից: Ե.Աղվանյանի կողմնակիցները պնդել էին, որ անճշտությունների թիվն այդ ընտրատարածքում՝ 1777, գերազանցել է «հաղթած» թեկնածուի ստացած ձայները՝ 1378: Նման դեպքերում օրենքով նախատեսված կարգով ընտրությունները պետք է որ անվավեր ճանաչվեին: Սրանք փաստեր են, որոնք արժանի են ավելի լուրջ եւ պատշաճ ուշադրության: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ