Օրենսդիրը նախատեսել է Իսկ իրավապահները չեն կատարում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բացահայտեցին «Ընտրական օրենսգրքի» մի շարք թերություններ, որոնց օրենսդրական կարգավորումն անհրաժեշտ է առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ: Խոսքը մասնավորապես վերաբերում է վստահված անձանց, դիտորդների եւ լրագրողների իրավունքների սահմանափակմանը: Ի տարբերություն նախորդ «ԸՕ»-ով ընձեռված հնարավորությունների, այս անգամ նրանց թույլ չէին տալիս հետեւել ձայների հաշվման գործընթացին: Իսկ քվեարկության ընթացքում էլ վստահված անձինք միայն հեռվից կարող էին հետեւել կատարվողին եւ որեւէ հնարավորություն չունեին կանխել ընտրակեղծիքները: Մինչդեռ գերազանցապես իշխանության վերահսկողության ներքո գտնվող ընտրահանձնաժողովների գործունեությունն ընդդիմությունը հույս ուներ վերահսկել վստահված անձանց ու դիտորդների միջոցով: Արդյոք տեղի ունեցածը չպիտի՞ խթան հանդիսանա, որ անհրաժեշտ շտկումներ արվեն «ԸՕ»-ում՝ մեր այս հարցին ի պատասխան՝ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Հարցադրումների հետ միանշանակ համաձայն եմ: Ինքս՝ որպես ընտրող, ականատես եմ եղել որոշ խախտումների: Դրանից հետո երկու եզրակացություն եմ արել, որոնք՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, արդեն սեղանիս վրա են: Առաջին հարցն էլի ընտրացուցակների հստակեցման անհրաժեշտությունն է: Երկրորդը, որն ամենակարեւորն է՝ վստահված անձանց, դիտորդների առնչությամբ իրոք արձանագրվեցին խայտառակ փաստեր: Հանձնաժողովների նախագահների, ըստ էության, միանձնյա որոշումներով՝ ցանկացած պատրվակով հրավիրում էին ՆԳ մարմինների ներկայացուցիչներին եւ վստահված անձանց, դիտորդներին եւ լրագրողներին, փաստորեն, մեկուսացնում ընտրական գործընթացից: Ես նախապատրաստում եմ մի օրենսդրական նախաձեռնություն, որ ընտրական գործընթացում վստահված անձինք, դիտորդները եւ լրագրողները լինեն պաշտպանված: Քվեաթերթիկը ստանալու, գրանցվելու, նաեւ՝ ձայների հաշվման ժամանակ՝ ողջ գործընթացի սկզբից մինչեւ վերջ պիտի մասնակցեն նրանք: Շատ կարեւոր է, որ մենք օրենքում ամրագրենք նաեւ այն բացառիկ դեպքերը, երբ հանձնաժողովի նախագահը կարող է հրավիրել ՆԳ մարմինների աշխատակիցներին, օրինակ՝ երբ հանձնաժողովում զենք են հանել: Այսինքն, միայն ծայրահեղ իրավիճակներում նրանք կարող են ոստիկանության միջոցով մեկուսացնել այդ մարդկանց»: «ԸՕ»-ում արդեն իսկ կան շատ դրույթներ, որոնց իրականացումը կարող էր առավել արդար դարձնել ընտրությունները: Ասենք՝ արգելվում է ընտրողներին բաժանել դրամ, սննդամթերք, ապրանքներ, անվճար ծառայություններ մատուցել եւ այլն: Սակայն այս ընտրություններում անթաքույց բաժանվում էր ընտրակաշառք, վստահված անձինք վկայեցին բազմաթիվ ընտրակեղծիքների մասին, որոնց համար, ի դեպ, օրենքով նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Մինչդեռ այդ մասին բազմաթիվ հրապարակումներն առիթ չդարձան, որ իրավապահները որեւէ մեկին ենթարկեն պատասխանատվության՝ «ԸՕ»-ի դրույթները խախտելու համար: Ուրեմն, արդյոք հնարավո՞ր չէ օրենքում նախատեսել պատասխանատվության այնպիսի մեխանիզմներ, որ իրավապահ կամ արդարադատության որեւէ մարմին չկարողանա շրջանցել դրանք. մեր այս հարցին ի պատասխան՝ Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Ընտրական օրենսգիրքն» անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ընտրություններն ազատ, արդար եւ օրինական անցկացնելու համար: Որպես այդ օրենսգրքի համահեղինակ, նաեւ՝ ընտրական կեղծիքների համար պատասխանատվության սահմանման վերաբերյալ օրենքի հեղինակ՝ նշեմ, որ մենք ամբողջն ամրագրել ենք, թե հետեւյալ խախտումների համար նախատեսվում են այս կամ այն պատիժները: Ասենք՝ քվեատուփը հափշտակելու համար սահմանել ենք մինչեւ 5 տարի ազատազրկում: Օրենսդիրն իր պարտականությունը կատարել է, եւ մենք այստեղ այլեւս անելու բան չունենք: Բայց ամբողջ ցավն այն է, որ մինչ այժմ Հայաստանում որեւէ քաղաքացի չի ենթարկվել պատասխանատվության ընտրակեղծիքների համար: Օրենսդիրն օրենքում նախատեսել է, մնացածը կատարողների, իրավապահ մարմինների գործն է, այսինքն՝ նրանք թերանում են իրենց աշխատանքում: Եվ սա նպաստում է, որ շարունակվեն ընտրակեղծիքները»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ