Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԳՈ ԵՐԹԸ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ «ԴՈՒԲԻՆԿԱՆԵՐՈՎ»

Հոկտեմբեր 26,2002 00:00

ՍԳՈ ԵՐԹԸ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ «ԴՈՒԲԻՆԿԱՆԵՐՈՎ» «Հոկտեմբերի 27»-ի 3-րդ տարելիցը որոշակի ուղղվածություն էր հաղորդել 15 կուսակցությունների երեկվա հանրահավաքին, որին չէր մասնակցում միայն «Ազգային միաբանությունը»: «Հոկտեմբերի 27»-ը կբացահայտվի փետրվարի 19-ի՞ց», «Վարչակարգն է խոչընդոտում «27»-ի բացահայտմանը», «Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը՝ արդար դատավարության երաշխիք», «Մարդասպաններին հովանավորողները նույն մարդասպաններն են», «Դատական ֆարսին՝ ոչ». ահա կարգախոսների ոչ լրիվ ցանկը, որոնք երեկ պարզել էին բազմահազար ցուցարարները: Հանրահավաքի կազմակերպման դեմ մինչեւ վերջին պահն էլ հարուցվել էին արգելքներ: Այսպես. ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, թե թույլ չեն տվել, որ բարձրախոսները բարձրացվեն Մատենադարանի հարթակ, որտեղ, չնայած վաղօրոք հայտարարվածին՝ կայացավ հանրահավաքը. «Ժողովուրդն արդեն տեղյակ էր, որ հանրահավաքը պիտի կայանա Ազատության հրապարակում: Մենք քաղաքապետարանին հանրահավաքի մասին իրազեկել էինք շուրջ մեկ շաբաթ առաջ: Եվ միայն այժմ մեզ տեղեկացրին, թե բարձրախոսներով մեքենան տրամադրելու համար պետք է լինի քաղաքապետարանի եւս մեկ որոշում»: Հանրահավաքի կազմակերպիչները ստիպված էին գործի դնել սեփական՝ շատ ավելի թույլ, բարձրախոսները: Թեեւ միավորման անդամները հավաքվածներին ծանոթացրին նաեւ «16»-ի միասնական հիմնադրույթներին, իրենց ծրագրերին, ելույթների առանցքը, այնուամենայնիվ, «27»-ն էր: Այսպես. «Սոցիալիստական Հայաստան» միավորման քարտուղար Վարդան Խաչատրյանը նշեց, թե իրականացվող դատավարությունը կարելի է համարել ահաբեկչական գործողության շարունակությունը՝ առանձնակի չանդրադառնալով, թե որոնք են այդպես համարելու հիմքերը: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը նշեց, թե «27»-ի ոճրագործությունն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն «անսահմանափակ եւ անվերահսկելի դարձնելուն: Կազմակերպիչների նպատակը մեկն էր՝ Ազգային ժողովում ֆիզիկապես վերացնելով Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին՝ ստեղծել նախադրյալներ ապագա նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի վերընտրության համար, որովհետեւ ակնհայտ է, որ Վազգենի եւ Դեմիրճյանի առկայության պայմաններում Ռոբերտ Քոչարյանը չէր էլ կարող երազել երկրորդ անգամ Հայաստանի Հանրապետության նախագահ դառնալու մասին: Ընդ որում՝ նա գնաց իր զինակից Վազգեն Սարգսյանի հանդեպ դավաճանական քայլին, որին շատ բանով էր պարտական. պատմության ընթացքը ցույց է տվել, որ զինակիցներին դավաճանողներն իրենց անփառունակ գործունեությունն ավարտում են Հայրենիքի դավաճանությամբ»: ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն իր ելույթում նշեց, թե ժողովրդի առնվազն 90 տոկոսն ունի ներքին համոզմունք, կասկած, որ ներկա իշխանությունների «մատը խառն է» «27»-ի կազմակերպմանը, եւ կոչ արեց փոխել այս իշխանությունը, որի օրոք անգամ մարդասպանի լկտիությունն է հերիքում նախագահ առաջադրվելու համար: Նշենք, որ հանրահավաքին ներկա էին «27»-ին զոհվածների հարազատները՝ Անահիտ Բախշյանը, Գրետա Սարգսյանը եւ այլք: Սակայն հարթակից ելույթ ունեցան միայն Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը: Նախ մեջբերենք «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի ելույթից: Արամ Սարգսյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, թե կատարվածը չկանխելու համար ԱԱՆ մեղքը կընդունի միայն այնժամ, երբ պարզվի, թե ոճրագործների հնգյակի ետեւում կան կազմակերպիչներ. «Ու դրանից հետո պահում են ԱԱՆ մեկուսարանում, այսինքն՝ հրահանգում են, թե՝ այնպես արեք, որ այդ 5-ը լինեն, թե չէ իրենք մեղավոր կլինեն: Երբ բացահայտվեց, թե այդ ստահակն ԱԱՆ գործակալ է, կան համապատասխան փաստաթղթեր, պահանջեցինք, որ գոնե եղբայրներին տարանջատեն, որ հոգեբանորեն ազդվեն: Մի եղբորը մե՜ծ դժվարությամբ տեղափոխեցինք ՆԳ մեկուսարան. չէին համաձայնում: Եվ հիմնական ցուցմունքները տրվեցին այդտեղ: Բայց ինձ հանելուց հետո անմիջապես բերվեցին ետ: Ինչո՞ւ»: Մի հանգամանքի վրա էլ ուշադրություն հրավիրեց. «Երբ որ դատարանում ոճրագործը սկսում է ինչ-որ բաներ խոսել՝ նախագահը հանդես է գալիս, թե իր կենդանության օրոք չի լինի մահապատիժ: Կարելի էր դա անել թեկուզ մի շաբաթ հետո: Ակնհայտ միտում է»: Արամ Սարգսյանը կրկնեց այն պահանջը, որ նախօրեին առաջադրել էր իր մայրը, թե Ռոբերտ Քոչարյանը չի վաստակել բարոյական իրավունք՝ կրկին առաջադրել իր թեկնածությունը: Հավաքվածները ծափերով արձագանքեցին այդ պահանջին: Ծափեր հնչեցին նաեւ այնժամ, երբ խոսափողին մոտեցավ ՀԺԿ նախագահը: Ստեփան Դեմիրճյանի խոսքը հակիրճ էր. «Այսօր, երբ ահաբեկչության դեմ պայքարը մարդկության կարեւորագույն խնդիրներից է, Հայաստանի իշխանությունները խոչընդոտում են ահաբեկչության դեմ հանրահավաք եւ երթ կազմակերպելուն: Տեսնում եք, թե ինչ է այսօր կատարվում Ռուսաստանում, այլ երկրներում. այս պայմաններում՝ մեր մոտ ահաբեկիչները հովանավորվում են. դրա վկայությունը նաեւ այսօրվա իշխանության բոլո՛ր գործողություններն են: Եվ այն կասկածները, որ կան հասարակության մեջ՝ հետեւանք են հենց իշխանությունների՛ գործելակերպի»: Թեեւ քաղաքապետարանը հորդորել էր ձեռնպահ մնալ երթ անցկացնելուց, ցուցարարները հանրահավաքից հետո շարժվեցին դեպի Ազգային ժողով: 15 կուսակցությունների պատվիրակությանը, վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ, թույլ տվեցին անցնել խորհրդարանի տարածք եւ ծաղկեպսակ դնել «27»-ի զոհերի հուշաքարին: Որքան մեզ հայտնի է՝ ծրագրված չէր, թե պետք է երթ կայանար նաեւ դեպի նախագահի նստավայր: Սակայն շրջահայաց իշխանավորները «կանխատեսել» էին դրա հավանականությունը, եւ երբ ցուցարարները Բաղրամյան փողոցով վեր բարձրացան՝ նախագահի նստավայրի դիմաց նրանց արդեն սպասում էին սպառազեն ոստիկանները: Նրանց պատնեշի առջեւ հավաքվածներն ասացին այն ամենը, ինչ մտածում էին ներկա նախագահի եւ «27»-ի գործում նրա դերակատարության մասին: Եվ հանդարտված հեռացան: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել