Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲԱՍՈՎԻ ԽԱՂԸ ՉԱՆՑԱՎ

Հոկտեմբեր 26,2002 00:00

ԱԲԱՍՈՎԻ ԽԱՂԸ ՉԱՆՑԱՎ Սեպտեմբերի 23-28-ը ԵԽ ԽՎ նստաշրջանն էր։ Ինչպես հայտնի է, բացի նստաշրջանի բուն աշխատանքներից, պատվիրակությունների անդամները տարբեր հանձնաժողովների են անդամակցում։ Այդ օրերին անցկացվում էր Եվրախորհրդի մշակույթի, կրթության եւ գիտության հանձնաժողովի նիստը։ 2001թ. հոկտեմբերին այս հանձնաժողովի արտագնա նիստ կայացավ Երեւանում, որն իր օրակարգում ուներ նաեւ մշակութային ժառանգության պահպանության, մշակութային ընդհանուր իրավիճակի խնդիրները։ Երեւանում քննարկվեց Կովկասյան տարածաշրջանի մշակութային իրավիճակի մասին նյութը եւ Եվրախորհրդի նշյալ հանձնաժողովի քարտուղարության կողմից առաջարկություն եղավ, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանում մշակութային իրավիճակի մասին զեկույցը կազմի հանձնաժողովի անդամ Ալի Աբասովը։ Վերջինս Ադրբեջանի ժողինստիտուտի (այժմ՝ ակադեմիա) ռեկտորն է։ Սեպտեմբերի 23-28-ը Եվրախորհրդում մշակույթի հանձնաժողովի աշխատանքների ընթացքում քննարկվեց Աբասովի կազմած զեկույցի նախագիծը, որում իբրեւ թե ներկայացված են Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մշակութային իրավիճակները։ Այս մասին զրուցեցինք պատվիրակության անդամ Աշոտ Գալոյանի հետ, որը Աբասովի զեկույցի դեմ ներկայացրել է իր փաստարկները։ Ըստ պարոն Գալոյանի, երեւանյան հանդիպումից հետո հայկական պատվիրակությունը Աբասովի զեկույցի համար Հայաստանի մշակույթի, գիտության եւ կրթության մասին ծավալուն նյութեր է տրամադրել. «Բայց այն, ինչ մենք ստացանք Ստրասբուրգում որպես այս աշխատանքի արդյունք, չէր համապատասխանում Եվրախորհրդի կողմից առաջադրված չափանիշներին, նպատակին։ Բավական է ծանոթանալ այս զեկույցին եւ կհամոզվեք, որ շատ քաղաքականացված, միակողմանի, ոչ հավասարակշիռ զեկույցի նախագիծ է։ Կան, օրինակ, աբսուրդի հասնող տեղեկատվություն նաեւ Ադրբեջանին վերաբերող մասում, ուր Ադրբեջանը ներկայացնելով որպես մշակույթ կրող տարածք, ժողովուրդ եւ երկիր, Աբասովը փառաբանում է մուղամը, ասելով, որ ամերիկյան «Voyager» արբանյակով 1977թ. տիեզերք է հանվել 90 րոպեանոց ձայնասկավառակ, որտեղ մուղամը հնչել է 2 րոպե եւ 20 վայրկյան։ Դրանով նա փորձում է Եվրախորհրդին զարմացնել, թե ինչ մեծ նվաճումներ ունի Ադրբեջանը։ Հայաստանին վերաբերող նյութում շատ ձեւական, վիճակագրական գնահատականներ են՝ քանի գրադարան, քանի թանգարան, քանի բուհ ունենք այս պահին»։ Ա. Գալոյանը մշակույթի հանձնաժողովում ներկայացնում է հայկական կողմը։ Նրա կարծիքով, զեկույցի հիմնական սխալն այն է, որ Աբասովը, քաղաքականացնելով նյութը, փորձում է ավելի շատ ցույց տալ «իրենց շաբլոնային մոտեցումները թե տարածքների, թե փախստականների վերաբերյալ, այլ ոչ թե խոսում մշակութային իրավիճակի ռեալ պատկերի մասին, որը հնարավորություն կտա Եվրախորհրդին մտորել, թե ինչպես պահպանել մշակութային ժառանգությունը, ինչպես վերականգնել մշակութային հուշարձանները, պետությունների ուշադրությունը հրավիրել մշակութային կոթողների պահպանության խնդրին»։ Աբասովի զեկույցի թերությունները անկարելի է գնահատել որպես միամիտ վրիպումներ։ Անհնար է խոսել որեւէ ժողովրդի մշակութային ժառանգության մասին եւ չներկայացնել նրա դարավոր ամենաարժեքավոր գանձարանը, ինչպես, օրինակ, այս զեկույցում տող անգամ չկա մեր Մատենադարանի մասին։ Այստեղ Աբասովի կողմից շատ սուբյեկտիվ են օգտագործվում նաեւ վիճակագրական տեղեկությունները, ուր ոչ թե ներկայացվում է ռեալ, օբյեկտիվ իրավիճակը, այլ միակողմանի մեկնաբանություններ են տրվում կամ խմբագրվում է իրականությունը։ Աբասովի սուբյեկտիվությունը նկատելի է նաեւ «Ազգային փոքրամասնությունների մշակույթն ու կրթությունը» հատվածում, ուր նշված է. «Հայաստանը բազմազգ պետություն է, որտեղ տարբեր ազգեր են ապրում վաղուց ի վեր, թեեւ, ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանը համարվում է մոնոէթնիկ պետություն… Անկախության ձեռքբերումից եւ էթնիկական կոնֆլիկտներից հետո երկրում նվազել է ազգային փոքրամասնությունների թիվը, որոնց վրա բացասական ազդեցություն է թողնում նաեւ արտագաղթը։ Օրինակ, ռուսական համայնքը կրճատվել է 60%-ով, ադրբեջանականը, որը 1918թ. տվյալներով երկրի բնակչության 45%-ն էր կազմում (575 հազար մարդ), 1979թ. երեք անգամ նվազել էր, իսկ այսօր ոչ մի ադրբեջանցի չկա Հայաստանում»։ Եվ Աբասովը ներկայացնում է Հայաստանում ապրող այլ ազգերի թվացանկը։ «Ադրբեջանական եւ վրացական հատվածում կան գովքի եւ մեծարման երանգներ։ Այս զեկույցը չի կարող հանդիսանալ Հարավային Կովկասի մշակութային իրավիճակի մասին երկխոսության սկիզբ եւ կամուրջ։ Պետք է գտնվի համագործակցության եզրեր թե՛ մշակույթի եւ թե՛ հուշարձանների պահպանության առումով։ Մշակույթը երկխոսության անմիջական հնարավորություն է տալիս։ Նախավերջին հատվածում Աբասովը խոստովանում է, որ զեկույցը պատրաստելու ընթացքում մեծ պրոբլեմ է ունեցել այն հարցում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ներկայացված նյութերում կային լուրջ հակասություններ, մի դեպքում ադրբեջանցիներն են մեղադրում հայերին իրենց հուշարձանների ոչնչացման մեջ, մյուս կողմից՝ հայերը։ Ավելի ճիշտ կլիներ, եթե նա փաստերով խոսեր, մոտավոր դատողությունները Եվրախորհրդին չեն հետաքրքրում եւ վերացական մեղադրանքների ժամանակն անցել է։ Ընդ որում, Մատենադարանի պարագան շատ էական է, քանի որ այնտեղ պահպանված հինավուրց արձանագրությունները հնարավորություն են տալիս ուսումնասիրել մեր եւ հարեւան ժողովուրդների պատմությունը եւ դա մեր էությունն է։ Մենք դարերի ընթացքում կարողացել ենք ստեղծել, արարել եւ պահպանել ուրիշինը։ Ինչպե՞ս կարող էր Աբասովը անտեսել մեր այս ձեռքբերումը, որի մասին նյութեր էինք տրամադրել»,- ասում է Ա. Գալոյանը։ Ա. Գալոյանը զարմացել էր, որ վրացական կողմից որեւէ ակտիվություն չնկատվեց այս հարցի շուրջ եւ նույնիսկ անտեղյակ էին զեկույցի քննարկման մասին։ «Ինձ որպես հայ մարդու, պատգամավորի եւ պատվիրակության անդամի, շատ կարեւոր է, որ այս զեկույցը նախ համապատասխանի երկրի մշակութային իրավիճակին, փաստագրական եւ վիճակագրական մասով իրատես եւ անաչառ լինի։ Եվ մի լուրջ պրոբլեմ, որ նկատեց Եվրախորհրդի քարտուղարությունը. սա Եվրախորհրդի հեղինակության հարցն է, քանի որ նման զեկույցները, հետազոտությունները վերջնականում դառնում են փաստաթուղթ ապագա քաղաքականության համար եւ նման փաստաթղթերը կարող են շատ վտանգավոր լինել»։ Սա նկատելով, Եվրախորհուրդը կոնկրետ քայլեր ձեռնարկեց եւ օրերս տեղեկացանք, որ Աբասովի նախագիծը եւ իր թեկնածությունը մերժվել է եւ այն պետք է վերակազմակերպվի։ Զեկույցի միայն 16,5 էջերը Ադրբեջանի մասին են, Վրաստանինը՝ 8,5 էջ, Հայաստանինը՝ 12,5 էջ։ Աբասովը Եվրախորհրդի զեկույցը կազմելիս հարազատ է մնացել ադրբեջանական պետական քարոզչությանը՝ աղավաղելով կամ խմբագրելով մի ազգի պատմական եւ մշակութային կենսագրությունը, ակնհայտ փաստերը։ Նա քաղաքական խաղերի դաշտ է դարձրել Եվրախորհրդի զեկույցը եւ չփաստարկված տողեր է գրել, սփռել, ինչպես, օրինակ, թե Ադրբեջանի Հանրապետության մշակութային կառույցների վնասվածքները կամ ավերածությունները արդյունք են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի։ Նա նաեւ անուն առ անուն թվում է ադրբեջանցի մշակույթի գործիչներին, սկսած՝ Բյուլ-Բյուլից, Ռաշիդ Բեյբութովից եւ այլն, նշելով, որ նրանք ընդգրկված են համաշխարհային արվեստի ոսկե էջերում, սակայն հանկարծ մոռանում է հայազգի մշակույթի մեծ գործիչներին եւ հայ ժողովրդի մեծագույն նվաճումները։ Շնորհիվ հայ պատվիրակության, Եվրախորհուրդը քայլեր ձեռնարկելով թերեւս դեմ կանգնեց ադրբեջանական միակողմանի քարոզչամեքենային։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել