Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նոր հանգամանք «27»-ի գործում

Հոկտեմբեր 25,2002 00:00

Նոր հանգամանք «27»-ի գործում Երկրորդ դատական նիստն էր, ինչ ցուցմունքներ էր տալիս տուժող, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը։ Նա ծանր վիրավորվել էր թեւից, վիրահատությունը տեւել էր 3,5 ժամ։ Ոճրագործության օրը ներկայացնելով, նա հետաքրքիր մի հանգամանք բացահայտեց դատարանի համար։ Մինչեւ երեկ լսելով թե՛ ամբաստանյալների ցուցմունքները, թե՛ դատարան ներկայացած 81 տուժողներին, տպավորություն էինք ստացել, որ ահաբեկչական խմբից ամբաստանյալ Կարեն Հունանյանն է հանգուցյալ վարչապետին սպանելուց հետո ինքնաձիգի խզակոթով հարվածել նրան։ Տուժող Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ սահմռկեցուցիչ տպավորություն է թողել հատկապես այն, որ Կարեն Հունանյանից հետո Նաիրի Հունանյանն էլ է հարվածել հանգուցյալին։ Փաստորեն, դիակը անարգվել է 2 անգամ։ Ի դեպ, Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը վկայակոչեց գործում առկա փորձագիտական եզրակացության մասին, ըստ որի, Ն. Հունանյանի ինքնաձիգի խզակոթի վրա եղել են արյան հետքեր։ Հ. Նաղդալյանի կարծիքով, «ցիրկային հագուստը», որի տակից երեւում էր զենքը, հնարավոր չէր չնկատել անցագրայինից անցնելիս։ Նկարագրելով իր հագուստն այդ օրը՝ սեւ պիջակ, կիսաշրջազգեստ, նա հայտնեց, որ օրը տաք էր, իսկ հանդերձարանում միշտ լինում էր որեւէ մեկը։ Այսինքն, տուժողի կարծիքով, ահաբեկչի արտաքինը կասկածելի է եղել։ Հետաքրքիր մի դրվագ էլ ներկայացրեց նա։ Ոճրագործությունից հետո նա Ազգային ժողովում տեսել էր նախկին քաղաքագլուխ Վահագն Խաչատրյանին, ինչպես նաեւ Տեղեկատվության վարչության նախկին պետ Տիգրան Հակոբյանին։ «Սրանք էս ինչ շո՞ւտ իմացան, հայտնվեցին,- մտածեցի ես,- դռան հետեւում տեսա մարդկանց, որոնց չէին թողնում եւ շատ զարմացա, որ նրանք էլ այդտեղ էին»։ Հերմինե Նաղդալյանն ասաց նաեւ, որ փոխհրաձգություն ինքը չի տեսել եւ որեւէ մարդու էլ չի տեսել, որը կրակեր դահլիճից։ Տուժողը դիմելով դատարանին՝ հայտնեց, որ տեսել է 6 մարդու սպանություն, որ ահաբեկիչների համար գոյություն չուներ ոչ հայ կին եւ ոչ հայ մարդ հասկացությունները, որ ինքը տեսնելով կրտսեր ահաբեկչին դահլիճ ներխուժելիս, հասցրել է ասել՝ «Վազգեն, զգույշ», բայց չի ավարտել խոսքը, քանի որ արդեն վիրավոր էր։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել