Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նախադպրոցական դաստիարակությունն այստեղ չի կարեւորվում

Հոկտեմբեր 25,2002 00:00

Նախադպրոցական դաստիարակությունն այստեղ չի կարեւորվում Տավուշի մարզի Բերդի թիվ 2 մսուր-մանկապարտեզն Արցախյան պատերազմի տարիներին հրետակոծվել է 2 անգամ։ Ըստ որում, երկու անգամ էլ իրար հաջորդող թվականների նույն օրը՝ դեկտեմբերի 29-ին, ամանորյա հանդեսների ժամանակ։ Սակայն, ի հեճուկս ազերիների, մանկապարտեզը չավերվեց, կանգուն է մինչ այսօր եւ ծառայում է իր նպատակին։ Այն թեեւ իր շահագործման ընթացքում չի նորոգվել, փոխվել է միայն տանիքը, այնուամենայնիվ, գտնվում է սրտացավ ձեռքերում եւ ունի բավարար շենքային պայմաններ։ Այստեղ, եթե նախկինում եղել են 280-ից ավելի երեխաներ, ապա արտագաղթի, ծնելիության նվազման պատճառով նրանց թիվը նվազել է 2 անգամ։ 30 հոգանոց սպասարկող կոլեկտիվն արդեն 22 տարի ղեկավարում է Մելանյա Խաչատրյանը, որը այդ համակարգում է 1966 թվականից։ Ինչպես հավաստիացնում են մանկապարտեզի սաների ծնողները, այստեղ երեխաների դաստիարակությունը ամուր հիմքերի վրա է դրված։ Այդ է պատճառը, որ ամենաաղքատ ընտանիքն անգամ երեխային ուղարկում է մանկապարտեզ, մի կերպ հայթայթելով ամսական հազար դրամ վարձավճարը։ Մանկապարտեզն «Աշխատանք ծնողների հետ» ծրագրով առաջինն է ճանաչվել, եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոլեկտիվին նվիրել է հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, գրենական պիտույքներ։ Ինչպես տեղեկացրեց տիկին Մելանյան, կոլեկտիվի անդամներն արդեն 11 ամիս է չեն ստացել հասանելիք 7-8 հազարական դրամ աշխատավարձը։ Քաղաքապետարանը պատճառաբանում է, թե միջոցներ չունի, մինչդեռ վարիչը կարծում է, որ դա պարզապես նախադպրոցական դաստիարակությունը չկարեւորելու խնդիր է, քանի որ ավելի մեծ գումարներ ճարվում են, իրենց կարծիքով ավելի անհրաժեշտ խնդիրների համար։ Այս պայմաններում անգամ մանկապարտեզի կոլեկտիվը աշխատում է մեծ նվիրումով, ոչ ոք չի մտածում ազատվելու մասին, ասենք՝ ազատվեցին, ո՞ւր պետք է գնան, երբ մարզում ոչ մի աշխատատեղ չկա։ Տիկին Մելանյան նույնիսկ մտածում է բարձրացնել վարձավճարը, որպեսզի իր միջոցներով հոգա աշխատողների կարիքները, սակայն այս դեպքում էլ առաջ է գալիս սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրը։ Իսկ սոցիալապես անապահով է այսօր քաղաքի բնակիչների 80 տոկոսից ավելին։ Ըստ վարիչի, մանկապարտեզը տարիներ շարունակ հովանավորվել է՝ հատկացվել են գյուղմթերքներ, կաթնամթերք, գորգի գործարանը նույնիսկ գորգապատել է կառույցի սենյակները։ Սակայն այսօր այնպիսի հոգեբանություն է ձեւավորվել, որ բոլորն էլ կամա թե ակամա աշխատում են միայն իրենց համար։ Աղքատը ի վիճակի չէ օգնելու, իսկ հարուստը մտածում է միայն էլ ավելի հարստանալու մասին։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ Հ. Գ. Տեղեկացնենք, որ նախկին քաղաքապետը ընտրությունների արդյունքում չանցավ։ Հուսանք, որ նորն ավելի սրտացավ կգտնվի եւ քաղաքապետարանի սուղ միջոցներից բաժին կհանի նաեւ մանկապարտեզին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել