Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԷԻՆ ԱՎԵԼԻ ՎԱՂ

Հոկտեմբեր 25,2002 00:00

ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԷԻՆ ԱՎԵԼԻ ՎԱՂ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ սկսվեց թուրքագետ, ճանաչված լրագրող Մուրադ Բոջոլյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նախագահող դատավորն էր Մնացական Մարտիրոսյանը, մեղադրանքը պաշտպանում էին Գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը, Գլխավոր դատախազության վարչության դատախազներ Ավագ Ավագյանն ու Արամ Ամիրզադյանը։ Տեղեկացնենք, որ Մուրադ Բոջոլյանի պաշտպանն է Հայաստանի փաստաբանների միության անդամ, փաստաբան Հովիկ Արսենյանը։ Դատարանը նախ ճշտեց ամբաստանյալի ինքնությունը։ Պարզվեց, որ բարձրագույն կրթությամբ Մ. Բոջոլյանը ունի 3 երեխա (մեկը՝ անչափահաս), վերջին շրջանում աշխատել է «Փեթակ» առեւտրի կենտրոնում իբրեւ անհատ ձեռներեց։ Պաշտպան Հովիկ Արսենյանը հանդես եկավ միջնորդությամբ։ Նա նկատեց, որ քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին սահմանադրական իրավունքներից զրկելը կամ դրանք սահմանափակելը։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր օրենքով սահմանված կարգով հեռախոսային խոսակցությունները լսելուն։ «Նկատի ունենալով, որ պաշտպանական կողմը իրավունք չուներ նախաքննության ընթացքում ծանոթանալ գործերին եւ պաշտպանական կողմը միջնորդությամբ հանդես չի եկել վարույթն իրականացնող մարմնում, ասեմ, որ 1999-ից սկսած, մեղադրական հակվածությամբ փորձել է նյութեր պատրաստել եւ անպայմանորեն հայրենիքի դավաճանության մեջ մեղադրել իմ պաշտպանյալին»,- ասաց պաշտպանը։ Նա հայտնեց, որ սույն քրեական գործով դեռ 1999-ի մարտի 4-ին ազգային անվտանգության նախարարությունը, որպես հետաքննական մարմին, միջնորդել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին գաղտնալսումներ անելու համար, ինչը բավարարվել է դատարանի կողմից։ «Քրգործում բազմիցս են այդպիսի միջնորդությունները եւ բավարարումները»,- շարունակեց պաշտպանը եւ ապա նկատեց, որ այնուամենայնիվ չկա հիմքը, թե ինչ նյութեր են եղել։ Պաշտպանը նաեւ հայտնեց, որ նյութերը ուղարկվել են ԱԱՆ քննչական վարչություն, ուր հարուցվել է քրեական գործ. «Ուսումնասիրելով բոլոր գաղտնալսման գրառումները, այնտեղ հիմք չկար քրգործ հարուցելու համար։ Այսպիսով, քրգործ է հարուցվել՝ ղեկավարվելով Քրդատ 176 հոդվածով (քրեական գործ հարուցելու առիթները)։ Ըստ պաշտպանի, այդ գաղտնալսումներով որեւէ ապացույց ձեռք չի բերվել եւ արդյունքում հարուցվել է քրեական գործ, իրականացվել քրեական հետապնդում։ Մուրադ Բոջոլյանի պաշտպանը միջնորդեց, որ քրեական գործը կարճվի եւ իր պաշտպանյալի նկատմամբ դադարեցվի քրեական հետապնդումը։ Մեղադրողները նախ փորձեցին տեղից ինչ-որ ռեպլիկներ ուղղել պաշտպանին՝ հարկ չհամարելով կանգնել, իսկ մեղադրող Աղվան Հովսեփյանը, մեջբերելով Քրդատ 284 հոդվածը (Օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննարկման կարգը), ասաց բառացիորեն հետեւյալը. «ԱԱՆ համապատասխան ծառայությունները գործել են համապատասխան կանոնադրությամբ եւ ոչ թե Քրդատով։ Հավանաբար մեղադրողները նկատի ունեն մասնավորապես երրորդ կետը, ըստ որի, «սույն հոդվածով նախատեսված օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու համար հիմք է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշումը, որում պարունակվում է միջնորդություն այդ միջոցառումների իրականացման թույլտվություն ստանալու վերաբերյալ»։ Խորհրդակցական սենյակից դուրս գալով, դատավոր Մնացական Մարտիրոսյանը անհիմն եւ մերժման ենթակա համարեց միջնորդությունը, ավելին, ասաց, որ ապացույցները դեռ չեն հետազոտվել, չեն գնահատվել եւ գործը կարճելու հանգամանքները բացակայում են։ Պաշտպան Հ. Արսենյանը հայտարարեց, որ ոչ մի անդրադարձ չեղավ Քրդատ 105 հոդվածին (որպես ապացույց չթույլատրվող նյութերը), որն էլ դրվել է իր միջնորդության հիմքում։ Հրապարակվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Մ. Բոջոլյանը Զինգե ծածկանուն է ունեցել, «կենսաորոշիչ տվյալներ», հավաքագրվել է Թուրքիայի տարբեր հետախուզական ծառայությունների կողմից, համագործակցել նրանց հետ, տեղեկություններ հաղորդել ԼՂՀ եւ ՀՀ ներքաղաքական, քաղաքական, տնտեսական ոլորտների մասին։ Ըստ մեղադրականի, նա ֆաքսերով, նամակներով համագործակցել է ստամբուլյան հետախուզական ծառայությունների հետ, կապ հաստատել հայտնի գործակալ Ռեմզի Օսկանի հետ, վարձատրվել եւ ստացել տարբեր չափի գումարներ։ Մուրադ Բոջոլյանն իրեն մեղավոր չճանաչեց, ավելին, նկատեց, որ մեղադրողներն իրեն ավելի բարձր են գնահատել, քան Ռիխարդ Զորգեին։ Երեկ 5 վկաներից դատակոչվել էր մի անկապ վկա՝ «Հայ-քրդական բարեկամություն» հասարակական կազմակերպությունից։ Վկա Ժենյա Ամիրյանը հայտնեց, որ յուրաքանչյուր ոք կարող էր իրենց կազմակերպություն գնալ եւ գալ, եւ չէր հիշում, թե ինչ է զրուցել Մուրադ Բոջոլյանի հետ։ Մ. Բոջոլյանը հայտնեց, որ 1 կամ 2 անգամ է հանդիպել «վկայի» հետ եւ բացի հոսանքը կտրվելու եւ «ԻնԽ-ի աշխատանքը վատ է» մոտիվներով խոսակցություն չի ունեցել։ Ի դեպ, մնացած վկաները, ինչպես հայտնեցին, անորոշ ժամանակով բացակայում են հանրապետությունից, լինելով… «Քրդական բանվորական շարժման անդամներ»։ Վկա Ղուկասովը, որի մասին ակնարկվեց, որ հայտնի չէ, թե որտեղ է, տեղեկացնենք, որ ՍՍՀՄ ռազմական հետախուզության ՀՍՍՀ- ում գտնվող ստորաբաժանման ղեկավարն է եղել։ «Ինչո՞ւ վառեցին Մուրադ Բոջոլյանին» հարցիս պաշտպան Հովիկ Արսենյանն ընդամենն պատասխանեց. «Դա թշնամու վարքագիծ է եւ նպատակն էր Բոջոլյանին դարձնել թիրախ»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել