Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Տաքսի, տաքսի՝ երթուղային

Հոկտեմբեր 25,2002 00:00

Տաքսի, տաքսի՝ երթուղային Մայրաքաղաքի բնակչությունը եւ մարզերից Երեւան ժամանող քաղաքացիները օգտվում են տրանսպորտի միջոցներից (ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ)՝ չդժգոհելով ոչ սպասարկման եւ ոչ էլ իշխանափոխությունից հետո ուղեվարձի բազմապատիկ թանկացումից: Վերջին տարիներին քաղաքում սկսեցին երթեւեկել երթուղային տաքսիները, որոնց թիվը արագ մեծացավ։ Այժմ քաղաքը եւ քաղաքամերձ տարածքները 118 երթուղիով սպասարկում է 2350 միկրոավտոբուս։ Ըստ քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանի, բոլոր վարորդներն ունեն վարորդական աշխատանքի փորձ, անցել են մրցույթով, ստացել համապատասխան թույլտվություն, մամուլի միջոցով բնակչությունը տեղեկացվել է բոլոր ուղղությունների մասին, իսկ ուղեվարձի արժեքը սահմանել է երթուղին սպասարկող տնտեսվարող սուբյեկտը։ Քաղաքի տրանսպորտի աշխատանքը կամաց-կամաց սկսեց ղեկավարվել նրանց կողմից, նրանց ցանկությամբ։ Հետո սկսեցին ներգործել նաեւ քաղաքային տրանսպորտի աշխատանքների վրա, ձգտելով մեկուսացնել նրանց իրենց գծերից։ Օրինակ, դեպի Զեյթուն թաղամաս նախկինում գնում էր 50 դրամանոց թիվ 52 ավտոբուսը։ 2 տարուց ավելի է, այն գծից հանվել է, բայց փոխադրող տրանսպորտ այդ գծի վրա այդպես էլ չեղավ։ Կամ Չարբախից մինչեւ Զեյթուն՝ Արշակունյաց, Մաշտոցի պողոտաներով, Հաղթանակի զբոսայգով շատ կանոնավոր աշխատում էր 50 դրամանոց թիվ 24 ավտոբուսը։ Սակայն այս տարվա հունվար ամսից խիստ պակասեց նաեւ այդ ավտոբուսների քանակը, որի հետեւանքով մարդիկ 30-40 րոպե կանգառներում սպասում են։ Այժմ այն լրիվ հանված է գծից։ Մեքենաների թվի պակասումը պրն Բարսեղյանը բացատրեց ավտոբուսների պակասով։ Եթե ավտոբուս չկա, մի՞թե հնարավոր չէ այդ երթուղով աշխատելու համար 50 դրամանոց ուղեվարձով տրամադրել միկրոավտոբուս։ Քաղաքի տրանսպորտի տարբեր միջոցների թերությունների մեջ առաջինն այն է, որ շատ փողոցներ, պողոտաներ անչափ ծանրաբեռնված են (Մաշտոց, Արշակունյաց, Կոմիտասի, Կասյան, Խանջյան, Տիգրան Մեծի), իսկ մի շարք փողոցներ ու պողոտաներ թերբեռնված են (Նալբանդյան, Տերյան, Հ. Քոչարի, Հանրապետության, Օրբելի, Հալաբյան)։ Ծանրաբեռնվածությամբ աշխատող փողոցներում դժվարությունները շատ են, պատահարները՝ անպակաս։ Քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի մտածել, գտնել հնարավորություններ՝ ապահովելու փողոցների համաչափ ծանրաբեռնվածությունը։ Անհրաժեշտ է նաեւ վերանայել երթուղային տաքսիների ուղղությունը, որպեսզի ապահովվի տրանսպորտի համաչափ քանակ՝ քաղաքի բոլոր շրջաններ։ Օրինակ, Մաշտոցի պողոտայից Հաղթանակի զբոսայգի, Թբիլիսյան խճուղով աշխատում էր միայն թիվ 24 ավտոբուսը (50 դր.)։ Նույն ուղղությամբ ոչ մի երթուղային տաքսի (50 դր.) չկա։ Թիվ 33 եւ 19 ավտոբուսները (50 դր.) գալիս են Խանջյան փողոցից, բարձրանում Աբովյան փողոցով։ Քիչ չեն այն դեպքերը, երբ վարորդները կամայականորեն, հատկապես երեկոյան ժամերին, բարձրացնում են ուղեվարձը կամ փոխում երթուղու ուղղությունը։ Հաճախ էլ խախտելով երթեւեկության կանոնները, միմյանց նկատմամբ են վազանց կատարում։ Օգտվելով հսկողության բացակայությունից, քաղաքում աշխատում են թույլտվություն չունեցող վարորդներ։ Քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունը խիստ միջոցներ պետք է ձեռնարկի, որ կարգավորվի քաղաքի մարդատար ուղեւորատրանսպորտի աշխատանքը եւ ապահովվի բնակչության նորմալ սպասարկումը, չմոռանալով, որ Երեւան ժամանող յուրաքանչյուր ոք նրա մասին կարծիք կկազմի օգտվելով քաղաքային տրանսպորտից։ ՎԱՐԴՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել