Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՁԵՎԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ

Հոկտեմբեր 25,2002 00:00

ՁԵՎԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ Կառավարությունը (կամ պետեկամուտների նախարարությունը) մինչեւ հիմա չի էլ վերլուծել, հաշվարկել, թե հայտարարագիր ներկայացրած շուրջ 6000 պաշտոնյաները միասին վերցրած ինչքան հարստություն ունեն։ Սա «ամենաանշառ» թիվն է, որ լավագույն դեպքում գաղտնի է պահվում։ Իրականում, մեր պաշտոնյաների մտքով անգամ չի անցել հաշվել այդ, ինչպես նաեւ՝ միլիոնատեր պաշտոնյաների թիվը կամ որոշել, թե նրանցից ով է ամենահարուստը։ Մինչդեռ ակնհայտ է, որ թե՛ կառավարությունում, թե՛ Ազգային ժողովում ունենք պաշտոնյաներ, որոնք հարուստ են եւ որոնք չեն էլ թաքցնում, որ հարուստ են։ Իսկ ՊԵ փոխնախարար Արմեն Ալավերդյանը կամ կառավարությունը, չգիտես ինչից ելնելով, որոշել են, որ «միլիոնատերերն այս հայտարարատուների մեջ չեն, այլ մասնավոր բիզնեսում», փայլուն իմանալով, որ մեծահարուստ բիզնեսմենների ամենաքիչը կեսը կամ նախարար է, կամ պատգամավոր։ Իսկ մյուսները լա՜վ էլ բիզնեսմեն են, բայց՝ «ընդհատակյա»։ Պարոն Ալավերդյանն ավելացրեց. «Ճիշտն ասած, ինձ չի հետաքրքրել, որ նստեմ-հաշվեմ»։ «Պարոն Ալավերդյան, Ձեզ չի հետաքրքրել, բայց պետությա՞նն էլ չի հետաքրքրել»,- հետեւեց «Առավոտի» հարցը։ Վերջապես, հո պետությանը չի՞ թվում, որ լրագրողներն այս թվերով ու տեղեկություններով հետաքրքրվում են ժամանցի համար։ Վերջապես, այդ թվերից կարող է, չէ՞, ամեն մեկը համապատասխան վերլուծություն անել, ասենք, եթե երկրի հարստության ողջ ունեցվածքի մեծ մասն է կենտրոնացած բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում, ապակենտրոնացման քայլեր մշակվեն։ Սա իսկական սոցիալական պետության պարագայում, որը մեր երկրում առաջիկայում չենք էլ պատկերացնում։ Պարզվում է, կառավարությունը չգիտի էլ, թե իրականում նման օրենքներն ինչի համար են ընդունվում։ Ա. Ալավերդյանի խոսքերից դատելով՝ «թափանցիկության, հրապարակայնության համար»։ Սակայն ինչ է մնում այդ «թափանցիկությունից ու հրապարակայնությունից» անորոշության ու անճշտության պարագայում։ Պարզվում է, մինչեւ հիմա նախարարությունը ոչ միայն չի վերլուծել ներկայացված տվյալները, այլեւ չի ստուգել ու համապատասխան հետեւություններ չի արել։ Այսինքն, մինչեւ այժմ պարզ չէ, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ունեցվածքի մասին ճի՞շտ, թե՞ կեղծ տեղեկություններ են ներկայացրել։ Այս ողջ ընթացքում նախարարությունն ընդամենը «աշխատանքներ է կատարել պարզելու, թե ովքեր պիտի հայտարարագրեր տային, որ չեն տվել։ Հիշեցման թերթիկներ են ուղարկվել»։ Այն էլ ուշացնողների նկատմամբ, որոնք հիմնականում փոխկապակցված անձինք են, որեւէ սանկցիա, վարչական վարույթ չի կիրառվել, որովհետեւ «օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դեպքեր են եղել»։ «Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դեպքերն» էլ «Սուրբ ծննդյան, Ամանորի տոներն» են, որոնք նշելու համար մեր պաշտոնյաներին փոխկապակցված անձինք հանրապետությունից բացակայել են։ Այս «սուրբ» գործի համար էլ հայրենիքը որոշել է նրանց չպատժել օրենք չկատարելու համար։ Բացի այդ, հո կանխամտածված կամ չարամտորեն չե՞ն արհամարհել օրենքը, որ պատժվեն (միայն այս դեպքում են սանկցիաները կիրառվում)։ Հարցն այն է, որ կանխամտածված ու չարամտորեն խախտման դեպքեր չեն էլ փնտրվում։ Արմեն Ալավերդյանի խոսքերով, հայտարարագրերում նշված տեղեկությունների՝ իրականությանը համապատասխանությունն առայժմ չի ստուգվել։ Ինչ վերաբերում է արտասահմանյան կապիտալի շուկաներում հայաստանցի պաշտոնյաների ունեցվածքին, ապա «դա բոլորիս հետաքրքրող հարց է, բայց այս փուլում այդ խնդիրը չենք կարող լուծել»։ Այս ամենի մի մասն օրենքից է դուրս մնացել, մի մասը՝ կառավարությունը չի դեռեւս կարեւորել, ծախսերի հայտարարագրման մասին դեռ չեն էլ մտածում, բայց գործադիր իշխանությունը երեկվա իր նիստում սրանք լրացնելու փոխարեն որոշում է ընդունել հայտարարատուների ցանկն ընդլայնելու մասին, բայց ոչ այն աստիճանի, որ «կրթաթոշակով ու կենսաթոշակով ապրողներն էլ ընդգրկվեն դրանում, եկամտի չափի որոշակի շեմ կսահմանվի, որից բարձր ունեցողները կընդգրկվեն»։ Ա. Ալավերդյանը կարեւորում է, որ նշած խնդիրների լուծմանն օրենքը կհասնի փուլ առ փուլ, մի քանի տարուց։ Երեւի՝ երբ պաշտոնյաներն իրենց եկամտի ձեւակերպման համար համապատասխան քանակի զոքանչ ու աներ գտնեն։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել