Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ԱԿՆՈՑՆԵՐԸ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԵՆ

Հոկտեմբեր 25,2002 00:00

ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ԱԿՆՈՑՆԵՐԸ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԵՆ Քաղաքական շրջանակներում ՏԻՄ ընտրությունների թեման, իհարկե, շարունակում է մնալ գերակշռող: Քաղաքական գրեթե բոլոր ուժերը դրանց անդրադարձել են, ընտրություններին ակտիվ մասնակցած իշխանամետ կուսակցություններն էլ հատկապես սեփական կշիռն ընդգծելու համար հասցրել են շեշտել իրենց հաջողություններն այդ «արդար», «ազատ» ընտրություններում: Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը երեկ կրկնեց յուր կուսակցության այն գնահատականը, թե դրանք անցել են կազմակերպված եւ առանց լուրջ միջադեպերի: Նրան միայն մտահոգել էր այն, որ «ընտրություններն ավարտվել են, բայց, կարծես, մրցակցություն է սկսվել քաղաքական ուժերի միջեւ՝ թե ով է հաղթել, ում է հաղթել, որքանով է հաղթել, ով որերորդ տեղում է: Կարծում եմ, մենք անընդհատ փորձում ենք չեղած տեղից դիվիդենտներ քաղել»: Պրն Վարդանյանի այդ հայտարարությանը սակայն հաջորդեց ՏԻՄ ընտրություններում եւ տեղական կառավարման մարմիններում ՀՅԴ ունեցած կշիռը ներկայացնելն ու ՀՅԴ-ին դիվիդենտներով ապահովելը: Պատգամավորը հերթով թվարկեց. «ՀՅԴ առաջադրած թեկնածուների 77,7 տոկոսը հաղթել է ընտրություններում: Այսօր դրանք ՀՅԴ անդամ մոտ 50 համայնքապետեր են, մոտ 160-170 համայնքապետերի էլ կուսակցությունն այդ ընտրություններում պաշտպանել է»: Իհարկե, դժվար է չհամաձայնել պատգամավորի այն տեսակետի հետ, թե այդ ընտրությունները «փորձություն էին նախագահական ընտրություններից առաջ», որ տեղի ունեցած խախտումներին ԿԸՀ-ն եւ համապատասխան մարմինները պետք է անմիջականորեն արձագանքեն, եւ համապատասխան վերաբերմունք դրսեւորեն նաեւ որոշակի պատասխանատվության արժանի փաստերի առնչությամբ, որպեսզի ՏԻՄ ընտրությունները «լավ շեմ լինեն հաջորդ ընտրությունների համար, որ մարդիկ իմանան՝ ընտրակեղծիքները պետք է պատժվեն նաեւ օրենքի սահմաններում»: Ըստ ՀԺԿ ներկայացուցիչ Ստեփան Զաքարյանի՝ ՏԻՄ ընտրություններն անցել են ճչացող խախտումներով. «Այդ ընտրությունները մեզ շատ բան ցույց տվեցին, եւ պարզ է, որ դրանից դասեր պետք է քաղել»: Նա համամիտ չէր այն տեսակետի հետ, թե այդ ընտրություններում ՀՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել: Ըստ նրա, դա ոչ թե կուսակցության, քաղաքական ուժի հաղթանակի ապացույց է, այլ՝ իշխանության կերակրամանին մոտ գտնվելու արդյունք: Իսկ ՀՀԿ ներկայացուցիչ եւ «Միասնություն» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը, թերեւս, այնքան էր ոգեւորված ՏԻՄ ընտրություններում արձանագրած ՀՀԿ հաջողությամբ, որ մի պահ նույնիսկ հանդգնեց հայտարարել, թե դրանք միանգամայն արդար ու ազատ են անցել եւ նույնիսկ լրագրողների՝ խախտումներ պեղելու ջանքերը զուր են անցել. ոչ մի խախտում նրանք չեն հայտնաբերել: Նման հայտարարություն անողներին մենք միայն խորհուրդ ենք տալիս աչքերը լայն բացել: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել