Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆ ՀԱՍՆԵԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

Հոկտեմբեր 25,2002 00:00

ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆ ՀԱՍՆԵԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ 1999-ի հոկտեմբերի 27-ին իրագործված ահաբեկչության երրորդ տարելիցի շեմին՝ զոհվածների հարազատները ցանկացել էին լրագրողներին փոխանցել կուտակված ասելիքը: Ներկայացնում ենք նրանց խոսքը՝ կրճատումներով: Ռիմա Դեմիրճյան. 3 տարին լրացել է, եւ հանցագործությունը ոչ միայն չի բացահայտվել, այլ ստեղծվել է ծանրագույն իրավիճակ թե՛ հասարակության մեջ, թե՛ մեր՝ հարազատներիս համար: Ես դա զգում եւ տեսնում եմ ամենուրեք. շատ մարդկանց եմ հանդիպում եւ տեսնում, որ ցավը չի պակասել: Վիշտը նույնն է, սակայն մեկ բան է ավելացել՝ մարդիկ կարեկցանքի, ցավակցելու հետ մեկտեղ՝ զարմանք են արտահայտում ստեղծված իրավիճակի՝ հանցագործների, մարդասպանների օրեցօր, ժամառժամ աճող լկտիության վերաբերյալ: Նույնիսկ գործը հասել է նրան, որ հարազատներին վերագրում են անտարբերություն: Մենք անտարբեր չենք, պարզապես մեզ օրինապահ, կարգին ենք պահել: (…) Մենք համբերատար սպասել ենք: Համբերել ենք, երբ ոճրագործության հենց հաջորդ օրը երկրի ղեկավարը հայտարարել է, որ այս 5-ն են: Համբերել ենք, երբ արդարադատության նախարարը մարդասպաններին որակել է որպես ռոմանտիկ հեղափոխականներ: (…) Երկար ժամանակ լռել ենք, երբ հոկտեմբերի 28-ից սկսած՝ իրավապաշտպան բոլոր կազմակերպությունները հասարակության եւ մեր գլուխը տարան՝ պաշտպանելով մարդասպանների իրավունքները՝ մոռանալով գոնե մեկ անգամ շեշտել, որ այդ անհատները, անկախ իրենց ներդրումից, ունեին կյանքի իրավունք… ոտնահարվել է այդ իրավունքը՝ պաշտպանվում են միայն մարդասպանների իրավունքները: Համբերել ենք, երբ դրսից եկած սկաուտների պետը կանգնել եւ ասել է՝ էլ ի՞նչ եք փնտրում. այս հինգն են: Չենք հարցրել՝ ի՞նչ իրավունքով: Համբերել ենք, երբ տարբեր քաղաքական գործիչներ անհեթեթ հայտարարություններ են արել, երբ սոցիոլոգներ Ահարոն Ադիբեկյանը եւ Լյուդմիլա Հարությունյանը, կարծես պայմանավորված, ամեն մեկն առանձին-առանձին նույն բանն են ասել՝ «ռոբինհուդներ են»: Աղմուկ չենք բարձրացրել եւ սեւեռել հասարակության ուշադրությունը, թե այդ «ռոբինհուդները» հենց այստեղ եւ այդ մարդկանց հե՞տ պետք է դա կատարեին, ի՞նչ նկատի ունեք: Լռել ենք, երբ Դաշնակցության «ակսակալներից» մեկը՝ Էդվարդ Հովհաննիսյանը, ուշադրություն դարձրեք՝ ոչ ուրիշ օր, այլ՝ հենց դատավարության սկսվելու օրն ասաց. «Երբեմն ահաբեկչությունը թույլատրելի է»: Չենք ասել, թե՝ ի՞նչ եք ասում, չէ՞ որ ահաբեկիչների դատավարություն է սկսվում, մի՞թե ահաբեկչությունը դատապարտելի չէ: Կուզենայի հիմա հարցնել պրն Հովհաննիսյանին՝ իսկ այսօր ինչ որ կատարվում է Մոսկվայում, այդ շարքի՞ն է դասվում, թույլատրելի՞ է: Եվ նրան ասել մեր բոլորի անունից, որ ո՛չ, ահաբեկչությունը թույլատրելի չէ եւ չի արդարացվում ո՛չ մի վեհ գաղափարով. այն պարզ պատճառով, որ այդ ընթացքում զոհվում են անմեղ մարդիկ: Եվ ամենեւին պարտադիր չէ, որ այդ զոհվածների մեջ լինի քո հարազատը, որպեսզի հասկանաս դա եւ զգաս: (…) Շատ նման բաներ են եղել. երբ մեր կողմից շատ հարգված, հայտնի դերասան Սոս Սարգսյանն ասում է, որ ամբիոն գրավելն ավելի վատ է, պետականության դեմ է ուղղված, քան թե «27»-ը՝ մենք չենք կարող նրա հետ համաձայնել եւ արտահայտում ենք մեր զարմանքը. ուրեմն, օրենսդրական բարձրագույն ատյան մտնելը, սպանդ սարքելը, պետական 8 գործիչներ սպանելը չի վտանգում պետականությունը, իսկ երբ պատգամավորներն ուզում են իրենց օրինական, Սահմանադրությամբ տրված իրավունքն իրականացնել, խոսել եւ թեկուզ դա անում են անթույլատրելի ձեւով (…) մի՞թե այդ ամբիոն գրավելն ավելի վտանգավոր է, քան «27»-ը: (…) Շատ ենք համբերել, շատ ենք դիմացել. այնքան, որ կարող եմ ազատ ասել. եթե կա Հայաստանում մեկը, որը կարող էր ավելի պարկեշտ, զուսպ իրեն պահել, քաղաքացիական պարտքն ավելի բարձր դասել իր անձից եւ ցավից, թող նա մեզ մեղադրի: Անահիտ Բախշյան. Իմ ձեռքի տակ է 1999 թվականի նոյեմբերի 19-ին նախագահի ասուլիսից մի փոքրիկ հատված. «Չբացահայտել այդ գործն ուղղակի հնարավոր չէ: Ես ուղղակի չեմ տեսնում, թե ո՞նց չպետք է բացահայտվի այդ գործը: Կատարողները ձերբակալված են, ապացույցները կան, ամեն ինչ շատ բաց է արված: Ես չեմ պատկերացնում, որ 10 հոգի կարող են թաքցնել, չասել, թե ով է իրենց սովորեցրել, դրդրել, ինչի համար սա կատարվեց»: Ու տեսեք, թե ինչ է նաեւ ասել. «Ահաբեկիչների պահվածքից է մեծ բան կախված՝ ինչ ցուցմունքներ կտան, քանի անգամ կփոխեն («Ահա՜, արդեն հուշել է»,- արձագանքեցին զոհերի այլ հարազատները.- Ա. Ի.), ինչ ուղղությամբ կփորձեն նախաքննությունը տանել»: Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում անցած 3 տարվա հրապարակումներին, տեսնում եմ, որ իսկապես՝ շատ բաներ եղան այնպես, ինչպես մեր իշխանության շատ բարձրաստիճան ներկայացուցիչներ նախապես ասացին: Նրանց վարկածները հաստատվում են ամբաստանյալների կողմից: Եվ ես ինքս ինձ վրա եմ զարմանում, թե որքա՜ն էի ես միամիտ այն ժամանակ: (…) Ի՜նչ հույսեր ունեի, ինչպես էի շատ բաների հավատում՝ արդարադատությա՜ն, դատավարությա՜ն, օրենքի՜… Հիմա եկել եմ այստեղ, որ հայտարարեմ՝ ինձ նման անհուսալի լավատեսը հույս չունի, թե մեր երկրում երբեւիցե կգործի արդարադատությունը, օրենքը՝ ցանկացա՛ծ բնագավառում: (…) Ո՞ւմ էր ձեռնտու: Կարծում եմ, որ «Միասնություն»» դաշինքի իշխանությունը, որը ոչ ռուսամետ, ոչ ամերիկամետ, այլ հայամետ էր եւ ազգային՝ ամուր Հայաստան, Հայրենիք ստեղծելու քաղաքականություն էր վարում, ձեռնտու չէր արտաքին աշխարհին: Եվ՝ ոչ միայն: Արտաքին աշխարհում մենք դժբախտաբար ունենք բարեկամ թվացող շատ թշնամիներ, որոնք առանց ներսի գործակալների չէին կարող իրականացնել այդ ամենը: Այդպիսին են այն ուժերի ներկայացուցիչները, որոնք սովոր են ահաբեկչական գործողություններով իբրեւ թե ինչ-որ ճշմարտություններ վերհանել, պաշտպանել: Բոլորովին պատահական չէ, որ ահաբեկիչների մեծ մասը եղել են Դաշնակցության անդամներ եւ գաղափարակիրներ: Եվ կարեւորն այդ պահին Դաշնակցության «տորթից» ուտելը, սնվելը չէ: Կարող է՝ այդ պահին Դաշնակցությունը նրանց զրկել էր իրենց «տորթին» ձեռք տալու հնարավորությունից: Բայց մարդասպանության գնով ինչ-որ հարցեր իբրեւ թե արծարծելն իրենց ոճն է: Եվ վրեժի զգացումը, որ դրված է նրանց գաղափարախոսության հիմքում եւ նրանք շատ հպարտանում են դրանով՝ այդ ամբաստանյալների մեջ շատ լավ նստած է եղել: Իսկ Դաշնակցության աշխարհով մեկ ճյուղավորումները բոլորս էլ գիտենք: Նրանք շատ հանգիստ կարող էին դառնալ այն գործակալները, որոնք պետք էին Հայաստանի մեջ այդ ահավոր գործողությունը կատարելու համար: Սա այնքան պետության դեմ չէր, որքան «Միասնություն» դաշինքի, այդ մարդկանց դեմ էր: Եթե պետության, պետականության դեմ լիներ՝ այդ ամբաստանյալ այլանդակը կես ժամ մենակ մնացել էր նախագահի հետ: Թող իր սեւ գործն այնտեղ էլ աներ: Գրետա Սարգսյան. Որեւէ լավ բան չկա: Երբ մարդիկ ճշմարտությունն են ասում՝ անմիջապես պատժվում են: Իրենց մանկլավիկները, թիկնապահները հովանավորվում են եւ կարող են մարդ սպանել ու ազատ զբոսնել, իսկ որ Մուշեղ Սաղաթելյանը 1995-1996-ին ինչ-որ մեկին ծեծել է՝ հիմա հայտնվել է բանտում, նրա համար, որ ընդամենը ճշմարտությունն է ասել, թե «թագավորը մերկ է», որ կազմակերպիչները նախագահը, մյուսն են: (…) Էդ ո՞ր արածների համար է մեր պարոն նախագահը նորից ուզում դնել իր թեկնածությունը: Ես չե՛մ կարծում, որ ինքը պիտի դնի: Եթե ինքնասիրություն ունի՝ նա չպիտի՛ դնի՝ այս կործանված երկրի, կորած հավատի, արտագաղթած ժողովրդի, մարդկանց մեծամասնությանը մուրացկանության հասցնելու, այս զոհերի՛ համար: (…) Ոչ մեկը պատասխան չտվեց նրանց համար: Ուրիշներից պահանջում են, որ մեր եղեռնը ճանաչեն, բայց չեն ընդունում այն եղեռնը, որ կատարվել է խորհրդարանում: Այդ ութ զոհը չեն միայն՝ նրանք ֆիզիկապես չկան, բայց նրանց ոգին ապրում է. խորհրդարանի պատգամավորների 90%-ի ոգին մեռել է, եւ նրանք հիմա սողում են, մինչեւ հիմա մնացել են պառկած: (…) Ո՞ր արած լավ գործի համար է դնում թեկնածությունը՝ արդարությունը խեղդելո՞ւ համար: Ամբողջ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ՝ մեր նախագահը պաշտպանում է ահաբեկիչներին: (…) Սկզբում նախաքննությունը շատ ճիշտ գնում էր, եւ այդ սրիկան իր ցուցմունքները բոլորը հանգստորե՜ն, ճի՜շտ, ամեն ինչը տեղը տեղին տվեց: Հետո հանկարծ նախաքննությունը շուռ եկավ՝ դա հաստա՛տ նախագահի պնդմամբ էր՝ դա հո ես գիտեմ: (…) Եվ հիմա հենց որ ղեկավարների ուշադրությունը մի քիչ թուլանում է այդ վիժվածքների նկատմամբ՝ անմիջապես մի սենսացիոն հայտարարություն են անում, թե՝ տեսեք, հա՜, մենք այստեղ ենք: Նրանք բա՛ն ունեն ասելու, նրանք պիտի ասեն: Եվ կխոսեն ու կասեն, բայց քանի դեռ այս ղեկավարությունն է՝ ոչինչ չեն ասի: (…) Երբ ինքը (նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին.- Ա. Ի.) Եռաբլուրում հայտարարեց՝ «Ես հողն եմ դնում իմ երկրորդ եղբորը», ես հարյուր տոկոսով համոզված էի, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այդ բանը պիտի բացահայտեին: Նույնիսկ ես մեր տանն ասել եմ՝ Սերժ ջան, դրանցից մեկին իմ ձեռքն ես տալու, ես գնդակահարեմ: Այդքանից հետո ես չտեսա իրենց օգնությունը մեզ»: Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել