Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ 2 ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 25,2002 00:00

ՇԱԲԱԹՎԱ 2 ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Երեկ ԱԺ խմբակցությունների եւ խմբերի ներկայացուցիչները ճեպազրույցի ժամանակ «Համագործակցություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Մարկ Գրիգորյանի դեմ տեղի ունեցած ոտնձգության առնչությամբ մտահոգություն հայտնեցին: Նախ «ՕԵ» խմբակցությունը միայն վերջերս համալրած Մհեր Շահգելդյանը կուսակցության անունից դատապարտեց լրագրողի նկատմամբ իրականացված բռնարարքը եւ համոզմունք հայտնեց, որ սկսված հետաքննությունը «կտա կատարվածին եւ դրա դրդապատճառներին առնչվող պատասխանները»: Պատգամավորը միաժամանակ շեշտեց, թե դրանից զատ կարեւոր է, որ այսօր տեղի ունեցածին «իրենց գնահատականը տան հասարակությունն ու քաղաքական գործիչները»: Նա կոչ արեց ամենայն պատասխանատվությամբ անդրադառնալ այդպիսի դեպքերին նախ՝ այն պատճառով, որ անձի դեմ բռնարարքն է միանշանակորեն դատապարտելի, երկրորդ՝ կատարվածն անմիջականորեն առնչվում է մեր երկրի եւ հասարակության հետագա զարգացմանը: Երկրի ներսում տեղի ունեցած հերթական ահաբեկչությունից անցնելով ՌԴ մայրաքաղաքում ծավալվող ողբերգական իրադարձություններին եւ, դրանց արդյունքում, այդ երկրում գտնվող ազգային փոքրամասնությունների ու մասնավորապես հայերի նկատմամբ նոր լարվածության հնարավորությանը, «ՕԵ» ներկայացուցիչը նկատեց. «Յուրաքանչյուր գործողություն, բնականաբար, հակագործողություն է ենթադրում, բայց պետք է հաշվի առնել, որ եթե պատանդների հետ ինչ-որ բան պատահի, կարող են լինել նաեւ հակագործողություններ, որոշակի բռնարարքներ կովկասցիների նկատմամբ: Մյուս կողմից՝ ռուս հասարակության մեջ կան բազմաթիվ առողջ ուժեր, որոնք շահագրգիռ են հավասարակշռություն պահպանելու խնդրում: Իհարկե, պետք է ավելի ինտենսիվ աշխատել ռուսական իշխանությունների հետ՝ ելնելով այնտեղ բնակվող մեր հայրենակիցների շահերից: Չեմ կարծում, թե Մոսկվայում հայ համայնքի նկատմամբ բռնարարքներ տեղի ունենան: Մոսկվայում ծավալվող դեպքերը կոնկրետ հասցեատեր ունեն եւ կապված են չեչենական խնդրի հետ»,- կարծիք հայտնեց Մ.Շահգելդյանը՝ հույս հայտնելով, թե կատարվածը լայնամասշտաբ հակակովկասյան գործողությունների առիթ չի դառնա: Ցավոք, լրագրողի դեմ կատարված բռնարարքը քաղաքական ուժերի կողմից ըստ էության չի գնահատվում: Ոչ ոք չի փորձում խոսել տեղի ունեցածի մասին՝ որպես երեւույթի, որը չափազանց վտանգավոր է մեր պետության հեռանկարի իմաստով: Եվ իշխանամետ, եւ ընդդիմադիր ուժերն իրար ոչնչացնելու համար պատրաստ են օգտագործել անգամ այս դեպքը: Վարչապետն, օրինակ, կարծիք հայտնեց, թե Մ.Գրիգորյանի դեմ կատարված մահափորձը շրջանառության մեջ եղած վարկածներից մեկով ընդդիմության ձեռքի գործը կարող է լինել: Ընդդիմության ներկայացուցիչ, «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ներկայացուցիչ Ալեքսան Կարապետյանն էլ երեկ հակադարձեց՝ «դա իշխանությունների ոճն է: Դա նշանակում է, որ անբարոյական մարդիկ են նստած իշխանության աթոռին», եւ ընդամենը: Անդրադառնալով Մոսկվայի իրադարձություններին եւ այնտեղ ապրող ու գործունեություն ծավալած մեր հայրենակիցների հետագա ճակատագրին, Ալ.Կարապետյանը կարծիք հայտնեց, թե ռուսական ազգայնական շարժման ծավալումը ձեռնտու չէ ՌԴ-ին, ուստի կովկասցիների, այդ թվում՝ հայերի նկատմամբ ոտնձգություններ չեն լինի: Միաժամանակ անդրադառնալով խնդիրը կարգավորելու եւ Մոսկվայի Մշակույթի տանը մի քանի հարյուր մարդու պատանդ վերցրած ահաբեկիչների հետ բանակցելու եւ անվտանգության երաշխիքներ տալու կամ նրանց վնասազերծելու մասին հարցադրումներին, պատգամավորներ Ալ.Կարապետյանն ու Ա.Արշակյանը, որ երեք տարի առաջ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում նույն կարգավիճակում էին եղել, կարծիք հայտնեցին, թե Մշակույթի տան գրոհի դեպքում զոհերը շատ կլինեին, ուստի պետք է համաձայնության գալ, գուցե՝ նույնիսկ անվտանգության երաշխիքներ տալ ահաբեկիչներին, որ զոհեր չլինեն: ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի տեսակետն էլ միանշանակ էր. նա դատապարտեց ե՛ւ Մ.Գրիգորյանի դեմ կատարված ոտնձգությունը՝ դրա բացահայտումն անհրաժեշտ համարելով, ե՛ւ Մոսկվայում տեղի ունեցող իրադարձությունները: ՀԺԿ ներկայացուցիչ Ստեփան Զաքարյանն էլ կարծիք հայտնեց, թե լրագրող Մ.Գրիգորյանի դեմ կատարված բռնարարքի շուրջ եղած բոլոր տարբերակները պետք է քննարկվեն, եւ իրականությունն, ի վերջո, պետք է պարզվի: Ինչ վերաբերում է Մոսկվայում կատարվածին, ապա, ըստ պրն Զաքարյանի, նման դեպքերն ապացուցում են, որ ահաբեկչության խնդիրի նկատմամբ չի կարելի ներողամտություն ցուցաբերել, ահաբեկիչների նկատմամբ՝ առավել եւս: Անդրադառնալով այն հարցադրմանը, թե ի՞նչ միջոցառումներ պետք է ձեռնարկեն ռուսաստանյան իշխանությունները տվյալ դեպքում՝ պատանդներին ազատ արձակելու համար, ՀԺԿ պատգամավորը նկատեց, «Որեւէ գրոհ կարող է զոհեր առաջացնել, ուստի պետք են քաղաքական որոշումներ»: Ինչ վերաբերում է հայերի նկատմամբ բռնարարքների հնարավոր գործադրմանը, ապա պատգամավորի կարծիքով. «Անհանգստություն, իհարկե, կա, որովհետեւ բոլոր ազգերի մեջ կան մարդիկ, ովքեր ոչ այնքան՝ ուղեղով, որքան՝ բնազդով են առաջնորդվում, եւ նրանց բավարար է տեսնել սեւ մազերով մարդ՝ նրա մեջ թշնամի որոնելու համար»: Ըստ նրա, այդ իմաստով վտանգ կա, եւ դա չեզոքացնելը ՀՀ իշխանությունների խնդիրը պետք է լինի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել