Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

70% ստվեր

Հոկտեմբեր 24,2002 00:00

70% ստվեր ՀՀ պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանի վերջերս հրավիրած մամուլի ասուլիսում հրապարակած թվերը տնտեսագետ Էդուարդ Աղաջանովին, մեղմ ասած, զարմանքի առիթ են տվել։ Մասնավորապես, նախարարը տեղեկացրել էր, որ անցած ինը ամիսների ընթացքում (հունվար-սեպտեմբեր) Հայաստանում հավաքագրվել են 75,5 մլրդ դրամի հարկեր։ Հարգելի պարոն նախարարը նաեւ իր հրապարակած սույն թիվը կառուցվածքային վերլուծության ենթարկեց՝ ասածն առավել հիմնավոր եւ պատկերավոր դարձնելու համար։ Ըստ այդմ, միայն ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով հավաքագրվել է 44%-ով ավելի հարկ։ Ամենամեծ աճը եղել է ԱԱՀ-ի գծով։ Բայց պարոն Աղաջանովը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ անցած տարվա 9 ամիսների ընթացքում հավաքագրվել է 54,6 մլրդ դրամի ԱԱՀ (թվերը վերցված են պաշտոնական վիճակագրական տեղեկագրից- Ն. Գ.)։ Եվ եթե այս տարի հավաքվել է 44%-ով ավելի, քան անցյալ տարի, ապա ստացվում է, որ այս տարվա ինը ամիսների ընթացքում պետական բյուջե մուտք է արվել 78,6 մլրդ դրամի ԱԱՀ։ Բայց, ինչպես արդեն նշեցինք, նախարարը հայտարարել էր, որ ընդհանուր հարկային մուտքերն են կազմում 75,5 մլրդ դրամ։ Պարոն Աղաջանովը պարադոքս է համարում նաեւ նախարարի հայտարարությունը, ըստ որի, ԱԱՀ-ի ընդհանուր գումարը ընդհանուր եկամուտների 39%-ն է կազմել՝ ԱԱՀ-ի 44% ավելիի հավաքագրման պարագայում։ Մինչդեռ, անցյալ տարի ԱԱՀ-ն բյուջեի հարկային մուտքերի մեջ կազմել էր 50%-ից ավելի։ Եվ ընդհանրապես, Էդ. Աղաջանովի վկայությամբ, Հայաստանում վերջին տարիների ընթացքում ԱԱՀ-ի ծավալային կշիռը 45-47%-ից ցածր չի եղել։ Փաստորեն, եթե ԱԱՀ-ն այս տարվա ինը ամիսների ընթացքում 44%-ով ավելի է հավաքվել, ապա այդ մասով հարկային մուտքերն առնվազն 70-80% պետք է կազմեն։ Ե. Զախարյանը նաեւ տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում մնացել է հավաքագրել 29,7 մլրդ դրամ։ Սա ելնելով այն փաստից, որ 2002թ. հարկային մուտքերի ողջ գումարը կազմում է 104,2 մլրդ դրամ։ Բայց, «պարզ թվաբանությամբ,- նկատեց Էդ. Աղաջանովը,- 75,5-ին գումարած 29,7, ստացվում է 105,2 մլրդ դրամ եւ ոչ 104,2 մլրդ»։ Այնուհետեւ պարոն Աղաջանովը պնդում է, որ նախարարի հրապարակած թվերը Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի «զայրույթն ու զարմանքը կառաջացնեն եւ ՍԱԿ-երի մասին այլեւս ավելորդ կլինի խոսել»։ Բանն այն է, շարունակում է պարզաբանել տնտեսագետը, որ եթե պնդում ենք, թե նախորդ ինը ամիսների ընթացքում հարկային մուտքերը կազմել են 75,5 մլրդ դրամ, իսկ նույն ինը ամիսների ընթացքում տնտեսության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մոտավորապես 750-770 մլրդ դրամ է կազմել, ապա՝ «ստացվում է, որ Հայաստանում հարկային մուտքերը կազմել են ՀՆԱ-ի մոտ 10%-ը»։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ «մեր երկրում սարսափելի աճ է ունեցել ստվերային տնտեսությունը՝ հասնելով մոտ 70%-ի»։ Այս ամենի արդյունքում Էդ. Աղաջանովը հետեւյալ եզրահանգումն է անում. «Կամ նախարարին «տՏՊրՑՈՉՍՈ» են արել, կամ թույլ է տրվել մեծ թյուրիմացություն»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Ակնկալում ենք ՊԵՆ-ի մասնագետների պարզաբանումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել