Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հոկտեմբեր 24,2002 00:00

ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Աշակերտների շրջանում մարզական ամենատարբեր բնույթի միջոցառումներն ավանդական են մայրաքաղաքի Բելինսկու անվան հանրակրթական դպրոցում։ Իսկ տարեկան երկու անգամ կրթօջախում կազմակերպվում են Սպորտլանդիաներ, որոնց որպես մրցակից մասնակցելու են հրավիրվում Շենգավիթի համայնքի տարբեր դպրոցներ։ Այս անգամ շարժական համալիր խաղերից միմյանց հետ մրցեցին Բելինսկու անվան թիվ 38 եւ թիվ 46 դպրոցների «Արծվիկ» եւ «Փյունիկ» թիմերը, որոնք համալրված էին միջին դասարանների աշակերտներով։ «Սպորտլանդիան» նվիրված էր սպարապետ Վազգեն Սարգսյանի անմահ հիշատակին։ Այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին շնորհակալական խոսք ասացին ու ջերմորեն ողջունեցին Վ. Սարգսյանի մարտական ընկերներից Ալբերտ Բազեյանը, Շենգավիթի Երկրապահ կամավորական միության փոխնախագահ Սիրեկան Քոչինյանը։ Մասնավորապես, պարոն Բազեյանը, դիմելով աշակերտներին, ասաց, որ նման միջոցառումներն առաջին հերթին ամրապնդում են նրանց առողջությունը, պայքարի ոգին, ֆիզիկական ունակությունները։ Իսկ նման մարդիկ պետք են մեր հայրենիքին։ «Այն, ինչ արեց սպարապետը 20-րդ դարի վերջին, յուրահատուկ իրողություն է։ Մենք, ցավոք, դարեր շարունակ խոշոր հաղթանակներ չենք տեսել։ Դարասկզբին մեկ հաղթանակ եղավ՝ Սարդարապատը, դարավերջին՝ Արցախյան ազատամարտը։ Եվ պատահական չէ, որ այսօր մեր հասարակությունը հարգում ու պաշտում է Վազգեն Սարգսյանին։ Ամենածանր ժամանակահատվածում նա կարողացավ համախմբել մեր երիտասարդներին, կամավորականներին, կազմակերպել մարտական գործողություններ ընդդեմ թշնամու, այնուհետեւ՝ որպես մեր բանակի առաջին նախարար, մեծ գործ արեց դրա կայացման գործում։ Ես համոզված եմ, որ դուք ապագայում մեր հայրենիքի նվիրված զինվոր եք լինելու, հարգելու եք նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքին։ Ցավոք, Վազգեն Սարգսյանը զոհ գնաց զազրելի ահաբեկչության։ Բայց նրա գործն անմահ է։ Համոզված եմ, որ դուք էլ կշարունակեք նրա գործը»,- ասաց Ա. Բազեյանը։ Այնուհետեւ դպրոցների թիմերը ներգրավվեցին մարզական պայքարի մեջ։ Այն անցավ աշխույժ։ Երեխաները մրցում էին ազնվորեն, ինչպես բնութագրական է ֆիզկուլտուրային եւ սպորտին։ Ընդհանուր հաշվարկով հաղթեց «Աստղիկը», սակայն, ինչպես նշեցին կրթօջախների տնօրենները, կարեւորը հաղթելը կամ պարտվելը չէր։ Ավելի էական է այն, որ երեխաները մտերիմ են ֆիզիկական կուլտուրայի, սպորտի հետ, մեծանում են առողջ, ու այս պայքարը հիմք է դնում երկու դպրոցների աշակերտների ավելի սերտ շփումներին։ Վերջում Շենգավիթի Երկրապահների միության փոխնախագահը դիպլոմներ ու հուշանվերներ հանձնեց «Սպորտլանդիայի» մասնակից դպրոցականներին։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել