Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կանայք շատ են ու քիչ

Հոկտեմբեր 24,2002 00:00

Կանայք շատ են ու քիչ Մեր իրականության մեջ վաղուց է հաստատվել այն մտակաղապարը, որ կնոջ գործունեության վայրը տունն է, իսկ տղամարդունը՝ աշխատավայրը։ Խորհրդային տարիներին կնոջ դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում մեծացավ, նրան հնարավորություն տրվեց ակտիվորեն ներգրավվել արտադրության եւ ադմինիստրատիվ, կրթական, առողջապահության, մշակութային ոլորտներում, որն էլ թույլ տվեց ձեռք բերել տնտեսական ինքնուրույնություն։ Նախկին հասարակարգի փլուզումը Ռուսաստանում շատ քիչ անդրադարձավ ռուս կնոջ կարգավիճակի վրա։ Նա կարողացավ պահպանել իր դերը։ Այսօր օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգերում հաճախ կարելի է հանդիպել իգական սեռի ներկայացուցիչների։ Ռուս սոցիոլոգները կանանց բաժանում են 3 խմբի։ Առաջին խմբին են պատկանում նախաձեռնող կանայք, որոնք քաղաքական եւ հասարակական ակտիվ գործիչներ են։ Նրանք բավականին երիտասարդ են (միջին տարիքը՝ 36)։ Այս կանանց 80%-ը ամուսնացած է, ունի 2-3 երեխա եւ աշխատանքին շաբաթական տրամադրում է 60 ժամից ավելի։ Երկրորդը՝ պրոֆեսիոնալ կանայք են։ Նրանք միջին եւ մանր ձեռնարկությունների եւ կազմակերպությունների ղեկավարներ են, լրագրողներ, թարգմանիչներ եւ գիտական գործունեությամբ զբաղվող կանայք, որոնք աշխատում են մինչեւ 54 ժամ՝ շաբաթվա ընթացքում։ Այս խմբում հաճախ են հանդիպում ամուսնալուծվածներ, միայնակ ապրող կանայք։ Նրանց տարիքը 40-ն անց է։ Վերջին խմբին են պատկանում պասիվ կանայք, որոնք աշխատում են սոցիալական պայմաններից ելնելով։ Նրանք աշխատում են շաբաթը մինչեւ 41 ժամ։ Ռուս կինը գտնում է, որ ընտանիքը նպաստում է գործերի բարեհաջող ընթացքին։ Մինչդեռ Հայաստանում պատկերն այլ է։ Անցումը դեպի ժողովրդավարական հասարակարգ եւ շուկայական հարաբերություններ՝ բացասաբար անդրադարձավ կնոջ կարգավիճակի վրա։ Փոփոխության ենթարկվեցին հայ կնոջ ավանդական կերպարը, նրա դերակատարությունը եւ գործառույթները։ Հայ կանանց պայմանականորեն նույնպես կարելի է բաժանել 3 խմբի, սակայն որոշ վերապահումներով։ Նախաձեռնող խմբին պատկանողները Հայաստանում կազմում են 3-4%։ Այս խմբի կանայք 45-50 տարեկան են։ Նրանք արդեն մեծահասակ երեխաներ, թոռներ ունեն եւ բնականաբար ընտանեկան մեծ պրոբլեմներ չունեն։ Նշենք նաեւ, որ մեր կին-քաղաքական գործիչները աշխատանքին տրամադրում են շաբաթը 65 ժամից ավելի։ Պրոֆեսիոնալ խմբի կանայք 10% են կազմում։ Այս խմբի կանանց տարիքը հաճելիորեն զարմացնում է (25-35 տարեկան)։ Նրանք նաեւ շատ ակտիվ են։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ Հայաստանում գործող օտարերկրյա կառույցներում՝ միջազգային հասարակական եւ մասնավոր կազմակերպություններում աշխատողների 90%-ը կանայք են։ Մեզ մոտ մեծամասնություն են կազմում երրորդ խմբի պասիվ կանայք, որոնց կարելի է բաժանել երկու ենթախմբի։ Առաջին ենթախումբը բյուջետային հիմնարկների՝ դպրոցների, թանգարանների, գրադարանների աշխատակիցներն են, իսկ երկրորդ ենթախմբում՝ խանութների, ռեստորանների, բարերի եւ սպասարկման այլ ոլորտի աշխատողներն են։ Առաջինները քիչ աշխատավարձ են ստանում։ Նրանց այդ աշխատանքը կրթական եւ առողջապահական ոլորտների աշխատանքին զուգահեռ այլ եկամտի աղբյուր ունենալու հնարավորություն է։ Իսկ մյուսների համար աշխատանքը միջոց է տանը չմնալու եւ փոքր ընտանեկան հոգսերից ցրվելու համար։ Երկրորդ ենթախմբին պատկանող կանայք, սոցիալական ծանր պայմաններից ելնելով՝ ստիպված ծանր աշխատանք են կատարում եւ, ինչու չէ, նաեւ շահագործվում։ Շատ հաճախ ծանր վիճակում են հայտնվում վաճառողուհիները։ Ընդունվելով աշխատանքի՝ 1000 դրամ, լավագույն դեպքում 1500 դրամ օրավարձով, աշխատելով 12-14 ժամ, ահռելի աշխատանք են տանում։ Մնացած կանայք գործազուրկներն են։ Կանանց աշխատելու եւ չաշխատելու հարցերում մեծ ազդեցություն ունի տղամարդը՝ ամուսինը, հայրը, եղբայրը։ Չնայած ժամանակները փոխվել են, արեւելյան տղամարդու ստերեոտիպը չի փոխվել։ Հայ տղամարդը չի ընդունում կնոջ առավելությունը իր նկատմամբ։ Ի դեպ, Հայաստանում կանայք կազմում են բնակչության 54%-ը։ Նրանք կարող են մեծ հաջողությունների հասնել՝ համախմբվելու դեպքում։ Չնայած վերոհիշյալ փաստին՝ կանայք քիչ կշիռ ունեն հասարակական-քաղաքական կյանքում։ Կանանց շուրջ 60 հասարակական կազմակերպությունների միայն 1/10 մասն է իրականում գործում։ Այսօր Ազգային ժողովում 131 պատգամավորներից միայն 4-ն է կին, թույլ սեռի նախարար չունենք։ Միայն դատական եւ ինքնակառավարման մարմիններում է, որ նրանք որոշակի դերակատարություն ունեն։ Դատավորների 24, փաստաբանների 38%-ը կանայք են, 43%-ն էլ ինքնակառավարման մարմիններում է։ ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել