Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ԱՌԱՋ

Հոկտեմբեր 24,2002 00:00

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ԱՌԱՋ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից 2 օր առաջ իր աշխատանքային զենքերը վայր դրեց Ա. Զուրաբյանը՝ Ճարտարապետների միության նախագահը։ Վերջին հարցազրույցը նախագահական պաշտոնում ճարտարապետների առաջին դեմքը տվեց «Առավոտին», ճարտարապետների հերթական համագումարից մեկ ժամ առաջ, առանց տեղեկացնելու, որ մտադիր է իր թեկնածությունը չդնել ընտրություններին։ Ինչո՞ւ. որովհետեւ «բավական է, որքան ղեկավարել է», ինչպես հետո պարզեցինք։ Ասենք, որ Ալբերտ Զուրաբյանը միությունը ղեկավարել է կազմակերպության համար ամենադժվար ու բացարձակ պարապուրդի տարիներին (նախորդ ինը տարիները)։ Բայց հրաժարվեց ղեկավարությունից այն ժամանակ, երբ, իր իսկ բառերով, նոր լույս էր բացվում իրենց աշխատանքների համար։ Ինչեւէ։ Զրույցի հենց սկզբում պարոն Զուրաբյանը նշեց, որ վերստեղծվող գործունեությունը թույլ կտա իրենց չկրկնել հին սխալները։ «Սխալ քաղաքականությամբ են ընթացել հողհատկացումները, սխալ լուծումներ են տրվել Հյուսիսային պողոտայի նախագծին, հանգստի համար նախատեսված Օղակաձեւ զբոսայգին դարձել է Օղակաձեւ ճաշարան եւ այլն, եւ այլն»,- պարզաբանեց զրուցակիցս, չթաքցնելով նաեւ իրենց միության մեղքը,- «մենք չենք եղել բավարար չափով վճռական ու համարձակ, մեր մեջ եղել է անհամախմբվածություն, բացարձակ միակարծություն ակնկալող շատ հարցերում հանկարծ գտնվել են հակառակ կարծիքի տարօրինակ դրսեւորումներով մարդիկ եւ հնարավորություն է ստեղծվել պետական ու մասնավոր օղակների խայտաբղետ գործունեության»։ Թեպետ, նախկին նախագահի խոստովանությամբ, ցանկացած դեպքում էլ ոչ մեկն իրենց կարծիքն ուշադրության չի արժանացրել այն չափով, որքան որ պետք էր սխալ թույլ չտալու համար։ «Մենք հասարակական կազմակերպություն ենք, իսկ հասարակության կարծիքը, որպես հավաքական կարծիք, պետք է հարգված եւ ընդունված լինի պետության կողմից, որը չկա հատկապես վերջին 3 տարիներին։ Մեր ելույթները մամուլով, նամակները կոնկրետ իշխանություններին՝ անուշադրության են մատնվել, կանոնակարգված չեն մեր հարաբերությունները վարչական ատյանների հետ եւ ես խիստ դժգոհ եմ նրանց վերաբերմունքից»,- ասաց նա։ Այստեղ հիշենք դարձյալ «Առավոտին» Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի վերջերս տված հարցազրույցից մի կտոր. «Մեր քաղաքաշինական խորհրդի կազմում ընդգրկված են Ճարտարապետների միության անդամներ, նրանք ներկա են բոլոր նիստերին եւ ես անկեղծորեն ուրախ եմ ու գոհ մեր ակտիվ համագործակցությունից»։ Չմեկնաբանենք։ Անցնենք առաջ։ Մեզ հետաքրքրում էր նաեւ համագործակցությունն ու փորձի փոխանակումը (եթե կա) արտերկրի ճարտարապետների հետ։ Պարզվեց, այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ։ Ճիշտ է, օրերս մեր միությունը դարձել է Ճարտարապետների համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ եւ հնարավորություն ստացել հանդես գալ ցուցադրություններով, բայց ցուցադրելու բան առանձնապես չունենք։ «Լավ է, որ բացվել են աշխարհի դռները մեր առջեւ եւ ընդհակառակը, բայց մենք անպատրաստ ենք դրան,- ասաց Ա. Զուրաբյանը,- տասնյակ տարիների մեր մեկուսացումը դրսի աշխարհից, գումարած վերջին տարիների անգործությունը, հասցրել են այն բանին, որ մենք չենք կարող քայլել համաշխարհային արժեքներին զուգահեռ։ Այն, ինչ այսօր արվում է, ոչ թե բարձրորակ ճարտարապետություն է, ոչ, դրանք ավելի շուտ պատվիրատուի կամքին հարմարեցված օբյեկտներ են»։ Բայց որ այսպես չի մնա ու ամեն ինչ կշտկվի, դրանում զրուցակիցս համոզված է, քանի որ «մենք ճարտարապետական ավանդույթներ ունեցող ազգ ենք ու մեր տեսակի գոյապահպանության հարցի լուծումը կախված է նաեւ այդ ավանդույթների պահպանումից ու զարգացումից, չէ՞ որ ճարտարապետությունը մարդու գործունեության բոլոր դրսեւորումները համախմբող արվեստ է»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել