Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դասագրքերը քննությունն անցել են

Հոկտեմբեր 24,2002 00:00

Դասագրքերը քննությունն անցել են Չորրորդ ուսումնական տարին է, ինչ դպրոցի միջին դասարանները հայոց լեզու են անցնում նոր դասագրքերով՝ պրոֆեսոր Ֆ. Խլղաթյանի հեղինակությամբ։ Արդեն կարելի է ավարտուն կարծիք կազմել դպրոց մուտք գործած նոր դասագրքերի մասին։ 5-8-րդ դասարանների դասագրքերը կազմում են մի ամբողջական եւ միասնական շարք։ Նորը հաճախ դժվարությամբ է ընդունվում, մանավանդ այն դասագիրքը, որի նախորդը երեսուն տարի վերահրատարակվելով, գրեթե անգիր է արվել ուսուցչության կողմից։ Այս պատճառով պրոֆ. Ֆ. Խլղաթյանի հեղինակած 5-8-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերին մեծ փորձություն էր սպասվում։ Այսօր կարելի է հաստատապես ասել, որ նոր դասագրքերը դիմացան այդ փորձությանը եւ ընդունվեցին ուսուցչության կողմից։ Աշխատանքի եւ մասնագիտության բերումով լինելով հանրապետության տարբեր դպրոցներում, լսելով ուսուցիչներին, ովքեր դասավանդում են այդ դասարաններում, մենք ավելի ենք համոզվում դրանում։ Նրանք հատկապես նշում էին դասագրքերի գործնական ուղղվածությունը, մեթոդական ճիշտ կառուցվածքը, վարժությունների բազմազանությունն ու քերականական պահանջներից բացի՝ աշակերտների մտահորիզոնն ու աշխարհաճանաչողությունն ընդլայնող լրացուցիչ տեղեկատվության պարունակումը դրանցում։ Ոչ լրիվ, բայց բավականաչափ հաղթահարված է ծրագրային այն թերությունը, երբ բառապաշար գրեթե չէր ուսուցանվում եւ բառերի մասին բավարարվում էին 4-րդ դասարանի համապատասխան թեմայի սուղ տեղեկություններով։ Կարեւոր է, որ հոլովական համակարգն այժմ ներկայացված է 7 հոլովի տեսանկյունից, որն առավել բարենպաստ է ուսուցողական նպատակի համար, մինչդեռ վերջին տարիներին դպրոցին պարտադրված 5 հոլովի տեսությունը հակասություններ էր առաջացնում եւ բազմաթիվ դժվարություններ հարուցում դերանունների, կապերի հոլովառության, բայի սեռի եւ շարահյուսության ուսուցման հարցում։ Շուշան Մովսիսյան. Գյումրիի Ստ. Շահումյանի անվան թիվ 3 կրթօջախի հայոց լեզվի եւ գրականության մեթոդիստ-ուսուցչուհի.- Դասագիրքը լիովին բավարարում է դպրոցի այսօրվա պահանջներին։ Դրվատանքի է արժանի այն, որ դասագրքում ծրագրային թեման հստակ բաժանված եւ ներկայացված է առանձին բաժիններով, որի շնորհիվ սահմանումները չեն խճողված տվյալ երեւույթի բոլոր մանրամասնություններով, այլ դրանք տրվում են մաս առ մաս։ Յուրաքանչյուր բաժնի վերջում կան թեման խորացնող, ինքնուրույն աշխատանքի մղող գործնական աշխատանքներ։ Դրանց պահանջները խիստ տրամաբանական են եւ նպաստում են աշակերտների ինքնուրույն մտածողության զարգացմանը։ Դասագրքի բազմաթիվ խորիմաստ ասույթները, նշանավոր մարդկանց մտքերը, բառապաշարի հարստացմանն ուղղված պատկերազարդ վարժություններն ուսուցումը դարձնում են հետաքրքիր եւ դյուրին։ Հասմիկ Վարոսյան. Գյումրիի կրթահամալիրի մայրենի լեզվի ուսուցչուհի.- Ես հատկապես կնշեմ հայոց լեզվի նոր դասագրքերի մեթոդական ուղղվածությունն ու կառուցվածքը։ Յուրաքանչյուր թեմա սկսվում է համապատասխան գեղարվեստական հատվածով։ Դրանք ընտրված են ճաշակով եւ հատուկ նպատակադրմամբ, քանի որ դասին վերաբերող բոլոր օրինակները վերցված են այդ տեքստից եւ ոչ թե մտացածին են կամ այլ աղբյուրներից պոկված-հանված։ Դրանով աշակերտը փաստորեն վարժվում է տեքստի վերլուծությանը։ Վարժությունները եւ դրանց պահանջնեը բազմաբնույթ են եւ չեն սահմանափակվում «գտնել», «ընդգծել» կամ «դուրս գրել» տիպի անարդյունավետ պահանջներով։ Խիստ օգտակար նորություն է «Խոսքի հաղորդակցական տեսակներ» բաժինը։ Կանոնների, հիմնական գիտելիքի զանազան ձեւերով առանձնագրումը կամ ընդգծումը, թեմաների վերջում պարտադիր տրվող «Ամփոփում» բաժինը աշակերտների գիտակցության մեջ ամրակայում են այդ հիմնականը եւ նպաստում մտապահմանը։ Այս բոլոր դրական հատկանիշներով դասագրքերն առանձնանում են նախորդներից։ Ինչպես տեսնում ենք, կարծիքները տարբեր են, կան որոշ անհամաձայնություններ, բայց հիմնականն այն է, որ ուսուցիչները դրական են արտահայտվում հայոց լեզվի նոր դասագրքերի մասին, որոնք առաջիկայում կարող են իրենց համար լավ օգնականներ դառնալ մայրենի լեզվի դասավանդման դժվար, բայց պատվաբեր գործում։ Պետք է նշել նաեւ, որ գործնական աշխատանքների եւ վարժությունների ամբողջական տեքստերի միջոցով սերտ կապ է ստեղծվում լեզվի եւ գրականության ուսուցման միջեւ։ ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Բանասեր, մեթոդիստ-մանկավարժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել