Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԲԱՑԱՌԻԿ ՊԱՏԻԺ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հոկտեմբեր 24,2002 00:00

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԲԱՑԱՌԻԿ ՊԱՏԻԺ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ Երեկ շարունակվեց «Հոկտեմբերի 27» քրգործով դատական հերթական նիստը։ Իր ցուցմունքն ավարտեց Սուրեն Խաչատրյանը, որը հայտնեց, որ ԱԺ նիստերի դահլիճ է մտել երրորդ դռնից եւ այդ ընթացքում ընդհանրապես որեւէ մեկը չի տպավորվել իր մեջ։ Տուժողը նաեւ հայտնեց, որ լինելով Արմենակյանի մտերիմներից մեկը, կարող է պնդել, որ ընդհանրապես նա իր մոտ զենք չէր պահում։ Ավելին, մի հետաքրքիր հանգամանք նշեց, ինչը հետագա փորձաքննության առիթ կհանդիսանա։ Նա հայտնեց, որ դեպքի վայրում ինքը տեսել է միջանցքի ապակու վրա ավտոմատից բացված երկու անցք։ Նկարագրելով ամբաստանյալների գործողությունները, նա նաեւ ասաց, որ ամբաստանյալ Դերենիկ Բեջանովը, իրեն դիմելով, ասել է. «Հանգիստ պահեք, ավելորդ քայլեր չլինեն»։ Նա չկարողացավ գնահատել, թե եղածը սպառնալի՞ք էր, թե՞ խորհուրդ։ Ժամը 12.25-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացավ տուժող Անդրանիկ Մանուկյանը։ Նա պնդեց իր նախաքննական ցուցմունքները եւ պահանջեց բացառիկ պատժամիջոց կիրառել ոճրագործների նկատմամբ. «Ի՞նչ մահապատիժ, մահապատիժը փառքով մահ կլինի սրանց համար, նվեր։ Դաժան մահ է սպասվում, սրանց պետք է կախեն Հանրապետության հրապարակում, որ իմանան, թե ինչ բան է մահը»։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսին եղավ ամբաստանյալների վարքագիծը։ Մեկ Վռամ Գալստյանն էր քմծիծաղ տալիս, մեկ՝ «բժիշկ» Էդիկ Գրիգորյանը, իսկ ամբաստանյալ Կարեն Հունանյանը տեղից կոչ էր անում «կոռեկտ եւ չափավոր» լինել։ Այստեղ տեղի տվեցին թե դահլիճում գտնվող Արմենակյանի մարտական ընկերոջ նյարդերը (որին, ի դեպ, դահլիճից դուրս հրավիրեց դատավորը), թե դատավոր Ս. Ուզունյանի. «Քնքուշ վերաբերմո՞ւնք եք ուզում, խոսքերին չե՞ք դիմանում, ֆրանսիացի գուվենյորնե՞ր են ձեզ դաստիարակել, իսկ ինչպե՞ս էին դիմանում տուժողները…»։ Անդրանիկ Մանուկյանը, իբրեւ ականատես եւ իբրեւ իսկական տուժող, ներկայացրեց 3 տարի առաջ կատարված ոճրագործության պատկերը։ Դատարանին նա հայտնեց, որ նիստերի դահլիճում գտնվել է գյուղնախարար Գագիկ Շահբազյանի կողքին, ապա գնացել է իր տեղը, նստել պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի կողքին (խոսքը 4-րդ շարքի 9-րդ տեղի մասին է) ու այդ ժամանակ էլ լսվել է իր բջջային հեռախոսի զանգը եւ խոսելու պահին ուշադիր նայել է դեպի հանգուցյալ վարչապետը։ Ավտոմատը ձեռքին մտնում է ամբաստանյալ Կարեն Հունանյանը (սայթաքելով), կրակահերթ է բացում Վազգեն Սարգսյանի վրա։ Հանգուցյալ վարչապետը մինչ այդ հասցնում է բարձրացնել աջ ձեռքը եւ ասել՝ էս ո՞վ է։ Տուժողը տեսել էր նաեւ, թե ինչպես է Նաիրի Հունանյանը բեմի աջ կողմի աստիճանով բարձրացել նախագահություն եւ կրակել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ նրա տեղակալ Յուրի Բախշյանի վրա։ «Տեսնելով այդ ամենը, ես պպզած տեղիցս կանգնեցի, ձեռքս ուղղեցի դեպի Վ. Սարգսյանի վրա կրակողը եւ ասացի՝ այս ի՞նչ եք անում։ Այդ ժամանակ Կարեն Հունանյանը իր ավտոմատի փողը շրջեց դեպի ինձ եւ նշանառու կրակ արձակեց ինձ վրա…»,- ասաց Ա. Մանուկյանը, որի վրա 7 գնդակ է արձակվել (միայն 3-ը՝ գլխին)։ Ա. Մանուկյանը հիշեց, թե ինչպես է արյունաքամ, վիրավոր ուղղվել դեպի լրագրողները, քանի որ, ըստ նրա, «գիտեի, որ լրագրողները կարող էին փրկել»։ Նրա հիշողություններում մնացել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռուզան Խաչատրյանի դեմքը, որը աղերսել է տեռորիստներին՝ չխփել իրեն. «Ռուզան Խաչատրյանը ձեռքը մեկնում էր, որ ինձ օգներ, «մի խփեք, մահացած է»՝ հիշում եմ խոսքերը»։ Նա հիշեց նաեւ Գեւորգ Վարդանյանի խոսքերը, որը դիմելով տեռորիստներին, ասել է՝ «մահացած է, հո թո՞ւրք չի, որ այդպես եք վարվում»։ Անդրանիկ Մանուկյանը սողալով կարողացել էր դուրս գալ դահլիճից, հասել էր վերելակին, փորձել բարձրանալ 3-րդ հարկ, որտեղ էլ կորցել էր գիտակցությունը։ Նա հիշեց, որ Գուրգեն Եղիազարյանը դիմել է Արմեն Երիցյանին, թե «զենք կա՞ մոտդ, կանգնի Անդոյի մոտ, չխփեն»։ Պատասխանելով մեղադրանքի կողմի հարցերին, տուժողն իբրեւ Արմենակ Արմենակյանի մտերիմ ընկեր, հայտնեց, որ «Արմենին սպանել են ոչ թե մինչեւ ոճրագործությունը, այլ ոճրագործությունից հետո եւ Արմենակյանին սպանել է 3 ամբաստանյալներից մեկը» (հասկանալի է, որ Հունանյաններն այդ պահին դահլիճում էին եւ նա նկատի ուներ խմբի մյուս անդամներին)։ «Արմենի ռիսկն է եղել պատճառը, վախից են սպանել»,- շարունակեց նա։ Վերլուծելով ոճրագործությունից հետո ստեղծված իրավիճակը, տուժողը հայտնեց. «Համոզվեցի, որ հանրապետության նախագահը կապ չունի ոճրագործության հետ։ Ես կյանք հասկացող մարդ եմ եւ գիտեի լուսահոգի Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ եղած հարաբերությունները։ Այն, թե իբր Վազգեն Սարգսյանը խանգարում էր Ռոբերտ Քոչարյանին, համարում եմ քաղաքական բլեֆ»։ Կատարվածը գնահատելով պետական ծանր հանցագործություն, կազմակերպված հեղաշրջում, բերեց նաեւ այն օրինակը, երբ հետագայում վարչապետ դարձած Արամ Սարգսյանը իր մոտ էր հրավիրել տուժողին եւ ինքն այն ժամանակ իմացել էր, որ ոճրագործության օրը Վազգեն Սարգսյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի նստավայրում, ուր եղել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։ Վազգեն Սարգսյանը փորձել է ԱԺ գնալ, Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ «Մի գնա»։ Սակայն ուշացումով Վազգեն Սարգսյանը, այնուամենայնիվ հասել է ԱԺ նիստերի դահլիճ։ Հետաքրքիր է, որ ցուցմունքի հենց այս հատվածում Սարգսյանների շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը շտապեց դուրս գալ դատարանից։ Նա երեկ էլ հարցեր չտվեց տուժողներից եւ ոչ մեկին եւ մի տեսակ անհասկանալի պասիվ է պահում իրեն վերջին ժամանակներս։ Մի առանձին խոսակցություն ծավալվեց կապված Վահան Հովհաննիսյանի աշխատասենյակում Շավարշ Քոչարյանի, Հարություն Հարությունյանի հանդիպման մասին։ Այդպես էլ չճշտվեց, թե նրանք հանդիպել են հոկտեմբերի 26-ի՞ն, թե՞ 27-ին, որքան էլ դա փորձեց ճշտել Կ. Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը։ Իր նախաքննական ցուցմունքում Ա. Մանուկյանը հայտնել էր, որ հանդիպել էր Հարություն Հարությունյանի հետ 1999թ. հոկտեմբերի 26-ին եւ նրան իր հետ ծանոթացրել էր լրագրող Տիգրան Նազարյանը։ Հ. Հարությունյանը ցանկացել էր, որ ինքը մասնակցի Լեհաստանում կայանալիք սկաուտական շարժման գագաթաժողովին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել