Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ո՞վ արեց՝ Քոչարյա՜նն արեց

Հոկտեմբեր 24,2002 00:00

Ո՞վ արեց՝ Քոչարյա՜նն արեց «Ընդհանրապես, ամեն մարդ տեսնում է ա՛յն, ինչը ուզո՛ւմ է տեսնել»։ Սա առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի մտքի հանճարեղ փայլատակումներից է, որով նա երեկ լույս սփռեց իր ներկայացրած տնտեսական ցուցանիշների գաղտնիքի վրա։ Հետեւաբար, եթե իշխանությունները տարբեր նախարարների բերաններով պատմում են ճշմարտանման հեքիաթներ տնտեսության աննախադեպ աճի, ժողովրդի եկամուտների բարձրացման եւ այլ ցանկալի սյուժեներով, ուրեմն նրանք այդպիսին են ուզում տեսնել իրականությունը։ Իսկ եթե նույն ժողովրդի կեսը (եթե ոչ ավելին) ցամաք հացի խնդիրը կյանքի բեռ դարձրած ոչ մի հեռանկար չի ակնկալում՝ հասկացեք, ուրեմն, այդպես է ուզում տեսնել այն, ինչ կա։ Իշխանությունների «լավատեսությունն» ըստ ամենայնի զորավոր հիմքեր ունի ընդհանրապես, իսկ այս պահին՝ մասնավորապես։ Չնշենք, այնպես էլ պարզ է։ Զուր չէր Կ. Ճշմարիտյանն ամեն ցուցանիշի աճն արձանագրելիս երկար-բարակ կանգ առնում այդ գործում նախագահ Քոչարյանի ներդրած ջանքի ու եռանդի մանրամասներին՝ այստեղ, այլուր, ամենուր։ Լոբբինգի երկրորդ թիրախը ոչ թե կառավարությունն էր կամ օրենսդիր մարմինը (դրանք երրորդ պատվավոր հորիզոնականում էին), այլ՝ Հանրապետական կուսակցությունը։ Հետեւություն արեք ինքներդ, իսկ դա դժվար չէ, հատկապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում այդ կուսակցության փայլուն հաղթանակից հետո։ Այժմ անդրադառնանք նախարարին մեծ ոգեւորություն պատճառած ցուցանիշներին։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 9,9%-ի փոխարեն այս տարվա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալն աճել է ու կազմել 11%, ընդ որում, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 23,1%-ով, կապիտալ շինարարությանը՝ 33,4 տոկոսով։ Նվազել է էլկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը (94,8), ինչն, ըստ նախարար Ճշմարիտյանի, լավ նշան է, քանի որ նվազումը խնայողությունների հաշվին է։ Ցածր են աճի տեմպերը նաեւ գյուղատնտեսական արտադրությունում, դա էլ՝ անբարենպաստ եղանակների պատճառով։ Բավարար աճ չապահովող մի ոլորտ էլ կա՝ քիմիական արտադրությունը, բայց դա նախագահ Քոչարյանի վատ աշխատանքի պատճառով չէ, ուղղակի այս բնագավառը կարգին ցուցանիշ ապահովելու համար 2-3 տարի է ուզում։ Արտաքին առեւտրում աշխարհագրությունը չի փոխվել, հիմնական գործընկեր երկրներն են ՌԴ-ն, Բելգիան, ԱՄՆ-ն։ Անցած 9 ամսվա հատվածով արտահանման ծավալը 12 մլն դոլարով գերազանցում է նախորդ տարվա այս ժամանակահատվածի ցուցանիշը։ Այսքանից հետեւում է զբաղվածության ցուցանիշի աճ, ինչը տրամաբանորեն առկա է՝ 12,5% կամ 27-32 հազար նոր աշխատատեղ։ «Ափսոս, հստակ չէ ներդրումների ծավալը, բայց մոտավոր ու նախնական թիվ կասեմ՝ 10-15 տոկոս, առանց «ԱրմենՏելի» ներդրումային փաթեթի»,- ասաց Կ. Ճշմարիտյանը, նաեւ չմոռանալով, որ սննդամթերքի ներմուծումը նվազել է, կոշիկի արտահանումն՝ ավելացել։ Իսկ մենք չմոռանանք նշել, որ այսքան լավ-լավ ցուցանիշներով հանդերձ, մեր երկիրն իր ՀՆԱ-ի ցուցանիշով հարեւան Ադրբեջանին զիջում է «դե նրանք նավթային երկիր են» պատճառաբանությամբ, իսկ ընդհանրապես գտնվում է տնտեսական ցուցանիշներով բնորոշվող խմբերից 4-րդ՝ ամենացածր խմբում։ Այսինքն, տարեկան մեկ բնակչին (ըստ ՀՆԱ-ի) բաժին է ընկնում 745 դոլար։ «Բայց եկող տարի կմտնենք միջին ցածր խումբ»,- վստահ հայտարարեց Կարեն Ճշմարիտյանը։ Եթե զարգացման այս տեմպը պահպանենք, ո՞ւր չենք հասնի ու մտնի, իսկ դրա համար ինչ է պե՞տք՝ լավ հասկացրին. Քոչարյանին նորից ընտրել է պետք։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել