Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Հոկտեմբեր 24,2002 00:00

ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ Օգոստոսի վերջին ՀՀ տնտեսական դատարանը Արմավիրի մարզի տարածքային հարկային տեսչության հայցի պահանջով անվճարունակ ճանաչեց էներգետիկայի համակարգում գործող «Հայատոմէներգամոնտաժ» ԲԲԸ-ին (մինչեւ 2001 թվականի սկիզբը՝ ՓԲԸ): Վճռի հրապարակումից հետո հատուկ լիազորագրով նշանակված կառավարիչ Տիգրան Հարությունյանը կուսումնասիրի ընկերության ֆինանսական վիճակը, կպարզի սնանկացման պատճառները, կկատարի գույքագրում, կգումարի պարտատերերի ժողով եւ, բավարար միջոցների առկայության դեպքում, ըստ օրենքով սահմանված առաջնահերթության, կաշխատի բավարարել պարտատերերի պահանջները: Մեկ անգամ եւս ընդգծենք՝ բավարար միջոցների առկայության դեպքում: Իսկ ընկերության պարտքերը շոշափելի գումար են կազմում՝ 115 մլն դրամի հարկային, 80 մլն դրամի կենսաթոշակային, մոտ 50 մլն դրամի աշխատավարձի պարտքեր, գումարած պարտքային պարտավորություններն այլ կազմակերպությունների հանդեպ: «Հայատոմէներգամոնտաժը» էներգետիկայի համակարգում շիննորոգման աշխատանքներ իրականացնող, Հրազդանում (2) եւ Արմավիրում (2) տեղամասեր ունեցող ՓԲԸ էր մինչեւ 2001թ. կեսերը՝ 80% պետական բաժնեմասով, իսկ դրանից հետո` ԲԲԸ: Ընկերությունը վերջին տարիներին վնասով է աշխատել. նախկին տնօրենը (եւ այլ անձինք) փոխվել եւ ապա դատական պատասխանատվության է ենթարկվել մի շարք չարաշահումների համար, բայց այսօր ազատության մեջ է: «Հայատոմէներգամոնտաժ» ձեռնարկության հանդեպ մեր հետաքրքրությունը պայմանավորված է ձեռնարկության նախկին փոխտնօրեն Վեներա Անտոնյանի՝ Հետաքննող լրագրողների ընկերակցությանն ուղղած նամակով: ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին ուղղված բողոք-նամակներում ձեռնարկության փոխտնօրեն Վ.Անտոնյանը մատնանշում է, որ 2000 թվականից ընկերությունում օրինական հաշվապահություն չի տարվել, 90-ականների կեսերին հաշվառված 154 մլն դրամի հիմնական միջոցները թալանվել են՝ արհեստական պայմաններ ստեղծելով ընկերությունը սնանկ ճանաչելու համար։ Ըստ Վ. Անտոնյանի, Էներգետիկայի նախարարությունը չէր կարող անտեղյակ լինել ընկերության վիճակից, մանավանդ որ փոխնախարար Ի. Իսայանը ընկերության բաժնետերերի խորհրդի նախագահն է: Բազմաթիվ խախտումներ նշող դիմում-բողոքներում հայտնվում է նաեւ այն մասին, որ Վ. Անտոնյանը չի կարողանում ստանալ 1999-2000 թվականների համար իրեն հասանելիք աշխատավարձը. 969 հազար դրամի մի մասը Արմավիրի դատական ակտերի հարկադիր կատարման կառույցը, դատարանի վճռից հետո, կարողացել է գանձել եւ վճարել գույքի վաճառքի արդյունքում, 563 հազար դրամ այդպես էլ չի վճարվել, իսկ դատական վարույթի իրականացման վերջին ութ ամիսներին վճարման գործընթացը կասեցվել է: 55-ամյա Վ. Անտոնյանը, որ 24 տարի աշխատել է «Հայատոմէներգամոնտաժ» ընկերությունում տարբեր պաշտոններով, ապրում է մենակ եւ այսօր ապրուստի ուրիշ միջոց չունի՝ սպասում է 2-3 տարվա իր աշխատավարձին: Սնանկացման վճռից հետո, այլ պարտատերերի նման նա եւս դիմել է այս անգամ տնտեսական դատարան (մինչ այդ անցնելով Արմավիրի մարզի դատարանի, դատախազության, դատական ակտերի կատարման, ՀՀ արդարադատության նախարարության քավարանով), որպեսզի իր պարտքը եւս հաշվառվի եւ հետո վճռվի դրա ճակատագիրը: Իսկ այդ վիճակի իրական մեղավոր նա համարում է ընկերության ղեկավարությանը, որը 2000 թվականին մյուս 280 աշխատակիցների նման իրեն եւս իր հաշվին արձակուրդ ուղարկելով՝ ազատվել է իրենից միայն այն պատճառով, որ հանգիստ եւ ձեռքերն ազատ գործի: «Ատոմէներգամոնտաժ» ԲԲԸ-ի ներկայիս տնօրեն Աշոտ Մկրտչյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ ինքն օգուտով է աշխատել, նախկինից մնացած աշխատավարձի պարտքից 13 մլն-ը փակել է, Արագածի, Մուսալեռի, Գետաշենի կիսատ նորոգված ջրանցքներն ինքը մեծ օգուտով է ավարտել: Բայց քանի որ հարկային եւ նախկին այլ պարտքերը մեծ էին, արդյունքն այս է: Ըստ նրա՝ ընկերության համար լավագույն տարբերակը լուծարումը կլիներ. «Չարչարվեցինք, բայց հաշվապահը մի 2 օր հիվանդացավ, բալանսն ուշացրինք, դրա համար գործը մտավ տնտեսական դատարան: Սովետական ոճով աշխատող հիմնարկ էր, վերակառուցել չէր լինի: Գնացած հիմնարկ էր»,- ձեռնարկության մասին որպես մահացածի արտահայտվեց տնօրենը: Այս պարտքերը, Աշոտ Մկրտչյանի վկայությամբ, եղել են մինչեւ իր կողմից տնօրեն նշանակվելը (1999թ. վերջ): Թե ինչու նա չի հրաժարվել այդպիսի պարտքեր շալակած ընկերության գործադիր տնօրեն նշանակվել, մեզ համար անհայտ մնաց: «Միանշանակ՝ եկել էի ոտքի կանգնեցնելու»,- ասաց Ա. Մկրտչյանը, թեեւ պարտքի կլորիկ թվերը ոտքի կանգնեցնելու որեւէ հույս նրան չպետք է ներշնչեին: ԱՐԱ ՍԱՐՈՅԱՆ Նյութն ամբողջությամբ կարդացեք www.hetq.am էջում Հ.Գ. «Ատոմէներգամոնտաժի» պարտատեր Վ. Անտոնյանի առաջին փորձը՝ մասնակցելու ձեռնարկության նորանշանակ կառավարչի հրավիրած պարտատերերի անդրանիկ ժողովին, ձախողվեց: Ըստ ՀՀ տնտեսական դատարանից ստացված տեղեկատվության` այդ ժողովը կայացել է սեպտեմբերի 25-ին, ժամը 17-ին, Արմավիր քաղաքի հյուրանոցում: Ավելի վաղ կառավարիչ Տիգրան Հարությունյանը նշել էր, որ ժողովն անցկացվելու է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի շենքում, որտեղ սակայն սեպտեմբերի 25-ին, ժամը 17-ին ժողով տեղի չի ունեցել։ Սեպտեմբերի 26-ին մեկնեցինք Արմավիր՝ պարզելու հյուրանոցում նախորդ օրը կայացած ժողովի եւ ժողովականների մասին. հյուրանոցում ոչ մեկը, ներառյալ՝ տնօրենը, ժողովից տեղյակ չէր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել