Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վարչապետը չի ուզում դառնալ նախագահ

Հոկտեմբեր 24,2002 00:00

Վարչապետը չի ուզում դառնալ նախագահ Թեեւ բազմաթիվ են ընտրախախտումների վերաբերյալ փաստերը, երեկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն այսպես գնահատեց, թե դրանց ընթացքում որեւէ խոչընդոտ չի հարուցվել որեւէ թեկնածուի առջեւ իշխանությունների կողմից: Նրան խնդրեցին մեկնաբանել այն տեսակետը, թե այս ընտրություններում ՀՀԿ ջախջախիչ հաղթանակից ծնված ինքնավստահությունը կարող է հիմք դառնալ, որ կուսակցությունը մարտահրավեր նետի Ռոբերտ Քոչարյանին (հիշեցնենք, որ համանման կանխատեսում արել էր անգամ «Էկոնոմիստը»): Սակայն այս հարցին վարչապետը նախ հարցով պատասխանեց. «Լո՞ւրջ եք հարցնում», կարծես իսպառ բացառելով, որ ինքը կարող է եւ նման հավակնություններ ունենալ: «Ես կարող եմ հիասթափեցնել այդպիսի տեսակետ արտահայտող մարդկանց,- հավաստեց պրն Մարգարյանը:- Վարչապետը, արդեն երրորդ տարին է՝ աշխատում է նախագահի հետ, եւ այսօրվա իրավիճակը՝ կայունություն, տնտեսական առաջընթաց, գրավականն է եղել այդ համատեղ աշխատանքի: Կարո՞ղ են հաջող ընթացած ինչ-որ ընտրությունների հետեւանքով խախտվել այդ բոլոր պայմանավորվածությունները: Սրանք ոչ թե մեկ օրվա, ամսվա կամ մեկ ընտրության հետ կապված գործընթացներ են, այլ երկրի եւ քաղաքական դաշտի վերաբերյալ պայմանավորվածություններ»: ՀՀԿ նախագահն ընտրություններում հաղթանակի դափնին կիսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Դա հավասարաչափ վերաբերում է նաեւ նախագահի քաղաքականությանը»: «Առավոտը» վարչապետին հիշեցրեց մեր պետության մեջ առկա օրինաչափությունը. իշխող կուսակցությունը՝ իր վարչական ներուժն օգտագործելով, կարողանում է ընտրություններում հաղթել, բայց բավական է՝ այդ կուսակցությունը դադարի իշխող լինելուց, նրա իսկ առաջ քաշած թեկնածուներն անմիջապես դադարում են նրա կողքին լինել: Հոկտեմբերի 20-ին ՀՀԿ-ի աջակցությամբ համայնքապետի աթոռին հասածները մինչեւ վերջ կմնա՞ն իրենց կողքին, կուսակցությանը կհաջողվի՞ խուսափել վերոհիշյալ օրինաչափությունից: «Հավատացած չեմ»,- լակոնիկ պատասխանեց նա: «Առավոտն» Անդրանիկ Մարգարյանին նաեւ խնդրեց մեկնաբանել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի այն տեսակետը, թե ՀՀԿ-ն փորձում է իրեն ժառանգորդ հայտարարել ամբողջ «Միասնության» ժառանգությանը եւ համարում է իրեն իշխանության կուսակցություն՝ չունենալով դրա իրավունքը: «Ճիշտն ասած, ես կարգին չհասկացա՝ ինքն ի՞նչ նկատի ուներ: Ի՞նչն ենք սեփականաշնորհել: Ի՞նչ ժառանգություն էին թողել, որ սեփականաշնորհել ենք,- վարչապետի այս հարցադրումներից հետո լրագրողներից մեկը նկատեց, թե խոսքը «Միասնության» դափնիների մասին է:- Շա՜տ հետաքրքիր մոտեցում է. երկու տարի է՝ բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ նաեւ նրանց առանձին գործիչներ, քանի որ կուսակցությունն այդպիսի դիրքորոշում չունի, ինչպես, ասենք, Վահան Հովհաննիսյանը՝ այդ երկուսի դիրքորոշումները տարբերվում են, փնովում են Հանրապետականին եւ իշխանություններին, որ «Միասնությունն» ընդհանրապես չունի դափնիներ, ոչ մի աշխատանք չի կատարում, տապալվել է: Հիմի հասել ենք երրորդ տարեվերջը՝ սկսում են ինչ-որ դափնիների մասի՞ն խոսել»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել