Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կյանքը շարունակվում է

Հոկտեմբեր 24,2002 00:00

Կյանքը շարունակվում է Կիրակի օրը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, բացի թերթերում արդարացիորեն նշված «տակտիկական» արդյունքներից, հնարավորություն են տալիս կանխատեսելու Հայաստանի քաղաքական զարգացման հիմնական ուղղությունը: Այն, իմ կարծիքով, պայմանավորված է երեք գլխավոր գործոնով: 1. Մոտակա 50 տարում Հայաստանում արդար ընտրություններ չեն լինելու: 2. Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես նախագահի թեկնածու երբեք չի առաջադրվելու: 3. Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնում կմնա այնքան ժամանակ, որքան ցանկանա, իսկ նա, բնականաբար, կցանկանա իշխել ցմահ, ինչպես եւ վայել է հետամնաց ասիական ռեժիմների ղեկավարներին: Փաստերի այս արձանագրման մեջ չկա ո՛չ լավատեսական, ո՛չ էլ հոռետեսական շեշտ: Կյանքը շարունակվում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար: Առաջինի պարագայում մեծ է գայթակղությունը զարգացնել ՏԻՄ ընտրություններում արձանագրված «հաջողությունները»: Օրինակ, խորհրդարանական ընտրություններում «հուպ տալ մինչեւ վերջ»՝ օգտագործելով վարչական եւ ուժային լծակները, խորհրդարանական տեղերի ճնշող մեծամասնությունը բաժանել յուրայինների միջեւ: Հիշեցնենք, որ ճիշտ այդպես վարվեց ՀՀՇ-ն 95 թվականին՝ առաջին անգամ արտոնելով «պուզատիների» մուտքը խորհրդարան: Մի խոսքով, հիմա իշխանությունը հնարավորություն ունի վերջնականապես ջախջախել այլախոհության ցանկացած օջախ եւ շարունակել ստանալ արտասահմանյան դիտորդների դրական գնահատականները: Ուրիշ հարց է՝ արդյոք արժե՞ դա անել: Բանն այն է, որ այսօրվա ընդդիմությունը, որքան էլ թույլ, գաղափարազուրկ եւ անկազմակերպ լինի, այնուամենայնիվ, համակարգային է: Այսինքն՝ ընդդիմության թե՛ ՀՀՇ-ական, թե՛ «16»-ական թեւերը գործում են պետական համակարգի շրջանակներում: Ոչնչացնելով այդ ընդդիմությունը, իշխանությունը տեղ է բացելու ոչ համակարգային տարրերի համար՝ ծայրահեղական, կիսախելագար, դրսի կենտրոններից ղեկավարվող: Եթե իշխանավորները վերջնականապես չեն հարբել սեփական ուժի գիտակցությունից, նրանք գուցեեւ մտածեն այդ ուղղությամբ: Ընդդիմությունն էլ իր հերթին չպիտի հուսահատվի: Քանի որ մոտ ժամանակներս չկա իշխանության գալու որեւէ հույս, այդ ժամանակը կարելի է օգտագործել գաղափարներ մշակելու եւ բյուրեղացնելու համար: Ընդ որում, այդ գաղափարները կարող են լինել հնարավորինս ոչ ամբոխահաճ: Օրինակ, ասենք, որ Ղարաբաղի հարցում մենք չենք կարող ղեկավարվել «ոչ մի թիզ թշնամուն» կարգախոսով, որ պատմական այս դարաշրջանում մենք ոչ մի Կարս ու Արդահան չենք նվաճելու, որ խորհրդային դրամարկղերում մնացած, ինչպես նաեւ հետխորհրդային «վառված» բանկերի ավանդները երբեք չեն վճարվելու: Այդ ամենն, իհարկե, տհաճ է լսել, բայց դա ճշմարտություն է, որը եթե ոչ այսօր, ապա վաղը ակներեւ կդառնա մեր քաղաքացիների մեծամասնության համար: Ընդդիմությունը կարող է իրեն շքեղություն թույլ տալ՝ ասելու ճշմարտությունը, քանի որ չկա անհրաժեշտություն վազելու ընտրողների ձայների հետեւից: Մինչդեռ իշխանությունը ստիպված կլինի շարունակել քարոզել «արյան ծովի» ոգով, ոչ թե հանուն մեր ընտրողների, այլ հանուն Սփյուռքի կառույցների, որոնցից որոշակի կախում ունի: Պատրա՞ստ է իշխանությունը կացինը մի կողմ դնել եւ հանդուրժել որեւէ ընդդիմություն, պատրա՞ստ է հակառակ կողմը երկար ժամանակ հաշտվել ընդդիմախոսի դերի հետ, ցույց կտան մոտակա ամիսները: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել