Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂ ՉՀԱՍԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբեր 24,2002 00:00

ՏԵՂ ՉՀԱՍԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մենք շարունակում ենք հրապարակել հոկտեմբերի 20-ին մայրաքաղաքի Կենտրոն համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում տեղ գտած օրինախախտումները փաստող տեղեկություններ: Սկիզբը՝ նախորդ համարում Դրանք քաղվածքներ են առայժմ միայն Կենտրոնի թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոհար Քյալյանին ուղղված դիմում-բողոքներից եւ թեկնածուների վստահված անձանց կազմած արձանագրություններից: Դրանք ներկայացնում ենք ՏԻՄ ընտրություններին «հետեւած», մասնավորապես՝ ԵԽ եւ ընդհանրապես՝ միջազգային դիտորդների ուշադրությանը՝ նկատի ունենալով, որ առաջիկա նախագահական ընտրություններում «դիտորդություն» անելիս նրանք ավելի ուշադիր կլինեն այսօրինակ իրավախախտումներն ըստ արժանվույն գնահատելու իմաստով, թեեւ վերջիններիս կարծիքից, ինչպես իրենք խոստովանեցին, ըստ էության, ոչինչ չի փոխվում: Ավելին, կարծում ենք, որ նրանց ստանդարտ ձեւակերպումները ՀՀ-ում արդեն տեղի ունեցած որեւէ ընտրությունների մասին, միայն վնասում են մեր նորանկախ երկրում իրական ժողովրդավարության կայացմանը՝ բռնապետության ամրապնդման համար նախապայմաններ ստեղծելով: Իհարկե, մենք այնքան միամիտ չենք, որպեսզի կարծենք, թե նման գնահատականները զերծ են քաղաքական երանգներից: Ինչեւէ: Մենք անում ենք այն, ինչ պարտավոր ենք անել՝ իբրեւ լրատվամիջոց, եւ շարունակում ենք ներկայացնել ՏԻՄ ընտրություններում տեղ գտած ընտրակեղծիքներն իրենց ողջ բազմազանությամբ՝ անկախ այն բանից, թե Կենտրոնում ընտրությունների արդյունքները կբողոքարկվե՞ն, թե՞ ոչ: Մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ ՏԻՄ ընտրություններն ու ընտրակեղծիքների կիրառված տեխնոլոգիաները առաջիկա նախագահական ընտրությունների միայն մանրակերտն են: Թիվ 15/32 տեղամաս Թեկնածուներ Ա.Զուրաբյանի եւ Ռ.Բոյնագրյանի վստահված անձինք իրենց դիմում-բողոքում արձանագրել են, որ այս ընտրատեղամասում խախտվել է Ընտրական օրենսգրքի հոդված 139-ը՝ «Մեկից ավելի անգամ ընտրական տեղամասում ընտրացուցակում գրանցվելը, մեկից ավելի անգամ քվեարկելը, այլ անձի փոխարեն քվեարկելը, քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական հանձնաժողովի անդամների կամ պետական ծառայողների եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների կողմից ընտրություններին միջամտելն ու դրանց բնականոն ընթացքին խոչընդոտելը»: Թիվ 15/33 տեղամաս Թեկնածուներ Ա.Զուրաբյանի եւ Ա.Աղինյանի վստահված անձինք՝ Ա.Գեւորգյանն ու Ա.Զոհրաբյանը, իրենց դիմում-բողոքում արձանագրել են. «Ս.թ. հոկտեմբերի 20-ին պարբերաբար գտնվելով թիվ 33 տեղամասում եւ կատարելով ՀՀ ԸՕ սահմանված մեր լիազորությունները, արձանագրել ենք մի շարք էական եւ կոպիտ, համատարած խախտումներ, որոնք էապես ազդում են տվյալ տեղամասի ընտրության արդյունքների վրա: Օրինակ՝ ընտրացուցակային 965, 1316, 1445, 1821 համարները մինչեւ ընտրողների գալը լրացված էր անձնագրային տվյալները եւ ստորագրվում էր հանձնաժողովի քվեաթերթիկ հատկացնող անդամի՝ Լուսինե Հովհաննիսյանի կողմից: Նմանատիպ դեպքեր նկատվեց ընտրողներ Տիգրան Մեծի 53շ., 38 բն. բնակչուհի Ռ.Գալստյանի կողմից: Ընտրացուցակային 1569 համարի անձնագրային տվյալները չեն համապատասխանում ընտրողի անվանն, ազգանվանն ու հասցեին, որը հետո պարզվեց, որ այդ տարածքի բնակիչ չէ, իսկ ստորագրությունը դրվեց հանձնաժողովի անդամ Լ.Հովհաննիսյանի կողմից: Նմանատիպ բազմակի խախտումներ արձանագրելով մեր կողմից, վերջնական արդյունքը եղավ այն, որ հանձնաժողովը ապօրինաբար ՆԳ աշխատակիցների միջամտությամբ ժ.19:58-ին ինձ հեռացրին տեղամասից՝ պատճառաբանելով, որ ես խանգարում եմ իրենց «աշխատանքը»: Տեղեկացնում ենք, որ խախտվել են ՀՀ ԸՕ մի շարք հոդվածներ, այդ թվում՝ 30-ը եւ 56-ի 2-րդ, 3-րդ, 5-րդ կետերի պահանջները: Խնդրում ենք համաձայն ԸՕ հոդված 62-ի 10-րդ կետի, ստուգել թիվ 33 տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրացուցակների անձնագրային տվյալների իսկությունը, որից պարզ կդառնա տեղամասի ընտրությունների իրական պատկերը»: Թիվ 15/34 տեղամաս Սա այն տեղամասն էր, որտեղ գտնվել է նաեւ «Առավոտի» թղթակիցը եւ հաստատում է տարբեր թեկնածուների թվով վեց վստահված անձանց կազմած այն յոթ արձանագրությունները, որոնք հանձնաժողովի նախագահ Հայկ Շանոյանն ու մյուսներն այդպես էլ հրաժարվեցին մուտք անել գրանցման մատյան: Իսկ դրանք վկայում են. «…ժ. 14:45-ին 15/34 տեղամասում ընտրողը քվեարկում է երկրորդ անգամ: Նաիրա Հովհաննիսյանը ցուցակում նշված 421 համարով՝ Խորենացի 47, բն 71, մեկ անգամ ստորագրությամբ, մյուս անգամ անձնագրի տվյալները գրանցելով նորից քվեարկել է: …ժ.14:55-ին ընտրողի կողմից քվեարկությունը կատարվեց կրկնակի: …ժ.15-ին տեղամասում կատարվել է կոպիտ խախտում. ընտրողն առանց թույլտվության կրկնակի անցնում է հանձնաժողովի մոտով եւ մտնում անմիջապես քվեախցիկ: …ժ.15:30-ին Առաքելյան Արթուրը եւ հանձնաժողովի քարտուղարը առանց ցուցակների մեջ մուտքագրելու կնքված քվեաթերթիկներ էին տալիս ընտրողներին: …հանձնաժողովի նախագահ Հ.Շանոյանը հրաժարվում է վստահված անձանց ժ.17-ի դրությամբ ընտրողների թիվը հայտարարելուց՝ պատճառաբանելով, որ ժամանակ չունի: … հանձնաժողովի նախագահ Հ.Շանոյանը հրաժարվում է վստահված անձանց կազմած հինգ արձանագրությունները գրանցման մատյանում գրանցելուց: … ժ.18:20-ին ցուցակներում կային բազմաթիվ ստորագրություններ՝ առանց անձնագրի համարների: Հանձնաժողովների անդամները պատճառաբանեցին, որ ժամանակ չունեին լրացնելու անձնագրի տվյալները»: Թիվ 15/35 տեղամաս Տարբեր թեկնածուների վստահված անձինք՝ թվով 4 հոգի, դիմում-բողոք են կազմել՝ արձանագրելով. «ՏԻՄ ընտրություններն այս տեղամասում անցել են ԸՕ բազմաթիվ խախտումներով»: Դրանց մի մասը հրապարակված է թերթի առաջին էջում, իսկ դիմում-բողոքում նաեւ վկայություններ կան, ըստ որոնց՝ «Տեղամասի մուտքի դիմաց կուտակված 25-30 երիտասարդներ ողջ ընթացքում ապակողմնորոշում կամ ահաբեկում էին ընտրողներին, որի մասին բազմաթիվ բողոքները հանձնաժողովի նախագահ Ս.Ադամյանը անուշադրության էր մատնում: Ժ.18:15-ին 60-70 երիտասարդներ ներխուժեցին տեղամաս եւ առանց փաստաթղթեր ներկայացնելու հանձնաժողովի պատասխանատուներից ստացան քվեաթերթիկներ եւ անարգել քվեարկեցին, ինչի մասին բողոքները չգրանցվեց գրանցման մատյանում եւ մերժվեց դեպքի իրողությունը տիկին Ադամյանի կողմից: Խնդրում ենք ստուգել ընտրողների ստորագրություններն ու նրանց անձնագրի համարները: ՏԸՀ-ի կողմից չօգտագործված քվեաթերթիկները մարելու ժամանակ արձանագրել ենք, որ հանձնաժողովի նախագահ Սուսաննա Ադամյանը դրանք սխալ է հաշվառել: Մեր դիտարկմամբ, համայնքի ղեկավարի քվեաթերթիկներում դրանք պակաս էին 100 հատով: Չնայած մեր բանավոր պահանջներին, Ս.Ադամյանը հրաժարվեց հաշվառել մարված քվեաթերթիկները: Խնդրում ենք, ստուգել մարված քվեաթերթիկների թիվը այդ տեղամասում»: Այս օրինախախտումների համար Ընտրական եւ Քր. օրենսգրքերով նախատեսված է քրեական պատասխանատվություն: Մենք պատրաստ ենք մեր ձեռքի տակ եղած այդ փաստաթղթերը տրամադրել իրավապահներին, եթե, իհարկե, վերջիններս հանցագործությունները բացահայտելու եւ անպատժելիության մթնոլորտը կանխելու իրական մտադրություն ունեն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել