ՀՀԿ-Ն ԼԾԱԿՆԵՐԸ ԼՐԻ՞Վ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր Տիգրան Թորոսյանը Հանրապետական կուսակցությունը՝ ՏԻՄ ընտրություններում 80 տոկոսանոց «ջախջախիչ» հաղթանակ տանելով, թերեւս մի կրակոցով մի քանի հարց լուծեց։ Նախ՝ կուսակցական ինքնավստահության հասավ իշխանական լծակների օգտագործմամբ։ Երկրորդ՝ «ՕԵ»-ին եւ ՀՅԴ-ին հասկացրեց, որ ինքն ունի եւ կարող է օգտագործել լծակները։ Երրորդ՝ նախագահ Քոչարյանին ակնարկեց, որ ինքն է ուժը եւ նախագահական ընտրություններում, ու խորհրդարանականում եւս ինքն է լինելու գլխավոր գործող կուսակցությունը։ Այս գնահատականներն իհարկե մեր դիտարկումներն են եւ չենք կարծում, թե ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասվածին համաձայն է։ ՄԱԱ-ի հյուրը հայտարարեց, որ ՏԻՄ ընտրություններն «այնուամենայնիվ մի բան ապացուցեցին գոնե մեզ, եթե լուրջ աշխատանք է տարվում, այդ աշխատանքն արդյունք տալիս է»։ Այո, ՀՀԿ-ն համարում է, որ «հաջողություն արձանագրել է, բայց ամեն ինչ ընկալում է օբյեկտիվորեն, եւ չափից ավելի չենք խանդավառվում, այնքան, ինչքան ուրիշները խանդավառվում են (կամ հուսահատվում են- Մ. Ե.), այո, միգուցե նաեւ հուսահատվում են, ինչո՞ւ չէ»։ Լրագրողի հարցին, թե արդյոք ՀՀԿ-ի որոշ հայտարարություններ մի մասով ուղղված չէի՞ն նախագահ Քոչարյանին եւ մտադրություն կա՞ր հասկացնել, որ եթե ՀՀԿ-ն հաղթի ՏԻՄ ընտրություններում, ուրեմն Քոչարյանը վերընտրության հարցում խնդիր չի ունենա։ Ի պատասխան՝ պրն Թորոսյանն ասաց. «Գոնե առայժմ մենք հնարավորություն ունենք նախագահ Քոչարյանին ասել այն, ինչ ուզում ենք ասել եւ դրա համար հրապարակավ ակնարկներ անելու կարիք չունենք»։ Իսկ պատասխանատվության մասով ՀՀԿ-ն, իհարկե, ունի արդեն հայտնի պատասխանը. «Մենք պատասխանատվություն կրել ենք եւ կրելու ենք այնքանով, ինչքանով հնարավորություն ունենք մասնակցելու եւ ինչքանով իրավասություններ եւ լիազորություններ ունենք։ Ինչպես հիշում եք, ՀՀԿ-ն դեռեւս 2000-ի մայիսին հստակորեն հայտարարեց կուսակցության գործունեության հետ կապված պատասխանատվության մասին»։ Տիգրան Թորոսյանը մի քանի խմբակցության անուն թվարկեց, որոնք, ըստ իրեն, հնարավոր է, որ լինեն առաջիկա խորհրդարանում։ «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյո՞ք, ըստ Տիգրան Թորոսյանի, խորհրդարանականից առաջ անցկացվելիք նախագահական ընտրությունները որոշ սրբագրումներ չեն կատարի թվարկման մեջ, մանավանդ, եթե նախագահ դառնա ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ, ասենք, միասնական թեկնածուն։ Ըստ Տիգրան Թորոսյանի՝ «Ասեմ, որ ժամանակին առիթներ ունեցել եմ ասել, որ, բնականաբար, նախագահական ընտրությունները չեն կարող ազդեցություն չունենալ ընդամենը մի քանի ամիս անց տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների վրա։ Բայց, ինչպես ասում էի, որ չգերագնահատենք ՏԻՄ ընտրություններում, ինչպես դուք եք ասում՝ «ջախջախիչ հաջողությունը», նաեւ չգերագնահատենք նախագահական ընտրությունների ազդեցությունը խորհրդարանական ընտրությունների ելքի վրա»։ ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանի հարցը՝ ինչո՞վ է բացատրվում ՀՀԿ-ի դիրքեր գրավելը, արդյո՞ք սա կուսակցական կառույցների վերանայման խնդիր է, թե՞ ՀՀԿ-ն պարզապես օգտագործել է Հայաստանում արդեն անփոփոխ փոխանցվող ընդդիմադիրների մեխանիզմը, Տիգրան Թորոսյանն ասաց, որ ՀՀԿ-ն չափազանց կարեւորում է ընտրական գործընթացները եւ որ «այս ընտրությունները յուրատեսակ փորձաքննություն են համապետական երկու ընտրություններից առաջ եւ լավ հնարավորություն էր կուսակցությունների համար, որպեսզի կարողանային իրենց ե՛ւ տարածքային կազմակերպությունների աշխատանքները ճշգրտել, ե՛ւ բարելավվել, ե՛ւ ընտրական հանձնաժողովներում իրենց մասնակցությունը կարողանային լիարժեքորեն ապահովել եւ փորձարկել իրական գործընթացներում։ Սա՝ մի կողմից, մյուս կողմից՝ նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են ՀՀԿ տարածքային կազմակերպությունների աշխատանքներին, կարող են նկատել, որ վերջին մեկ տարվա ընթացքում բավականին հետեւողական աշխատանք է արվում»։ ՀՀԿ-ն օգտագործե՞լ է իշխանական լծակները ընտրություններում եւ պատրաստվո՞ւմ է հետայսու կրկին օգտագործել։ Լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան, պրն Թորոսյանն ասաց. «Նման ակնարկներ կամ ուղղակի մեղադրանքներ կարող են նաեւ հետագայում լինել։ Սա, մի կողմից, հասկանալի է, իհարկե, ՀՀԿ-ն ունի լուրջ լծակներ իշխանության մեջ։ Մյուս կողմից՝ կարծում եմ, անտեղի է ուղղակի նման ընդհանուր մեղադրանքներ ներկայացնելը։ Մենք, բնականաբար, պատրաստ ենք ցանկացած փաստի վերաբերյալ քննարկել, եւ եթե ինչ-որ մարդիկ փորձել են ինչ-որ լծակներ օգտագործել ինչ-ինչ նպատակների համար, բնականաբար նաեւ դրանից բխող հետեւություններ անել»։ Հենց այստեղ էր, որ Տիգրան Թորոսյանը ասաց, թե ՀՀԿ-ից եւս որոշ մարդիկ չեն հաղթել ՏԻՄ ընտրություններում, եւ եթե խնդիրը լծակները լինեին, ՀՀԿ-ն 100 տոկոսին մոտ արդյունքի կհասներ։ Կարծում ենք՝ 80 տոկոսը հենց 100-ին մոտ արդյունք է, որ կա։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ