Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀԿ-ները լուրջ չեն ընկալվում

Հոկտեմբեր 23,2002 00:00

ՀԿ-ները լուրջ չեն ընկալվում Վերջերս Ճապոնիայի Կիոտո քաղաքում անցկացված «Հանուն խաղաղության եւ համերաշխության» խորագիրը կրող ֆորումին, ի թիվս 14 երկրների, մասնակցում էր Հայաստանը՝ իր միակ ներկայացուցչով։ Դա ԱՕՔՍ-ի փոխնախագահ Հասմիկ Պողոսյանն էր։ Մինչ մեկնումը տիկին Պողոսյանը դիմել էր Ազգային ժողովին, փորձել բացատրել, որ նման մեծամասշտաբ ֆորումի՝ երկիրը մեկ ներկայացուցչով չի մասնակցում, սակայն ապարդյուն։ Եվ պատճառն, ըստ նրա, այն է, որ «մեզանում դեռեւս հասարակական կազմակերպությունները եւ հասարակական շարժումները լուրջ չեն ընկալվում»։ Մեր պետության համար (այս դեպքում՝ ֆորումին մասնակցելու) մեկ հոգու ճանապարհածախսը խնդիր է։ Եվ ճիշտ ժամանակին «օգնության» էր հասել ճապոնացի բիզնեսմեն Իմային, որը դեռ 15 տարի առաջ ոտք դնելով Հայաստան, «սիրահարվել» էր հայկական կոնյակին եւ «ուխտել»՝ ինչ գնով էլ լինի՝ այն հասցնել Ճապոնիա։ Առաջին օրը տեղի է ունեցել ծրագրի շնորհանդեսը եւ կազմակերպիչների ու մասնակիցների ծանոթությունը։ Ֆորումին ներկայացվել է ադրբեջանական պատվիրակության, իսկ կոնկրետ՝ Ադրբեջանի գրողների միության անդամ Յասիֆ Նասիրովի զեկույցի տեքստը՝ ագրեսիվ բովանդակությամբ՝ Հայաստանի հանդեպ. «Մեր անցյալ ու ներկա պատմությունը ծայրաստիճան խեղաթյուրված, որն ընդհանրապես դուրս էր ֆորումի թեմատիկայից» (մի «պատառիկ» ներկայացրել ենք «Առավոտի» նախորդ համարներից մեկում)։ Եվ մինչ ճապոնական կողմը՝ հայկական միակ ներկայացուցչին նախապատրաստում էր «թեթեւ նայել» այս տեքստին, Հ. Պողոսյանի ջանքերի արդյունքում՝ հակահայկական տրամադրություններ սփռող ու ստեղծող զեկուցումը դուրս է մնում օրակարգից։ Ըստ տիկին Պողոսյանի. «Ադրբեջանցիները չհանդարտվեցին, փորձեցին «կենցաղային» մակարդակով լոբբինգ անել իրենց պրոբլեմները։ Սակայն ոչ մի երկրի ներկայացուցչի կողմից ընդգծված համակրանք չկար ադրբեջանցիների հենդեպ»։ Հետաքրքիր էր Հ. Պողոսյանի հետեւյալ միտքը. «Անցյալում ճապոնացիները Հայաստանը ճանաչում էին Խաչատրյանով։ Հիմա, երբ հնչում է Հայաստան անունը, կողքին դրվում է Անդրե Աղասին։ Իհարկե, մտավորականների շրջանում մեծ սեր ու հարգանք են վայելում աշխարհահռչակ մեր արվեստագետները։ Այստեղ էլ մի փոքր տարօրինակություն կա. դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի անվան կողքին հնչում է մոսկվաբնակ, հայազգի երիտասարդ դաշնակահար, հայ ունկնդրին անծանոթ Պավել Ներսիսյանի անունը»։ ԱՕՔՍ-ի փոխնախագահը լավատես է. «Փորձում ենք միջազգային ծրագրերի մեջ ընդգրկվելով «հնչեցնել» մեր երկիրը։ Արհամարհելով մեր ազատ ու անկախ երկրում որոշ բարդություններ, հասարակական կազմակերպությունները շարունակում են իրենց գործունեությունը»։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել