Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հետեւենք ճապոնական հրաշքին

Հոկտեմբեր 23,2002 00:00

Հետեւենք ճապոնական հրաշքին Ի՞նչ է հուշում ճապոնացիների օրինակը 1992թ. մեծ տպաքանակով տպագրվեց իմ «Հայաստանը եւ հայերս աշխարհում» գիրքը, որը այնուհետեւ թարգմանվեց ռուսերեն եւ անգլերեն։ Ինչպես նշված է հայերեն հրատարակության հենց առաջին էջում, այդ գրքի իրացումից գոյացած գումարների հաշվին ստեղծվել է համազգային ուսանողական բարեգործական «Պարմանի» հասարակական կազմակերպությունը, որը օգնում էր պետական բուհերում սովորող կարիքավոր ուսանողներին, ինչպես նաեւ նշանակում էր անվանական թոշակներ։ Բացի այդ, չորս անգամ հրավիրել է համահայկական վեհաժողովներ, որոնց ամեն տարի մասնակցել է 70-80 սփյուռքահայ ուսանող։ Վերջիններիս համար կազմակերպվել են շրջագայություններ հայրենի երկրում։ Վեհաժողովների բացմանը ողջույնի եւ օրհնանքի խոսքեր են ասել հանրապետության նախագահը, հոգեւոր հայրեր, կրթության եւ գիտության նախարարը, ռեկտորների խորհրդի նախագահը եւ համալսարանի ռեկտորը։ Այնուհետեւ ընթացել է վեհաժողովի աշխատանքը, որը ղեկավարել են պետական բուհերի ուսխորհուրդների ակտիվ ղեկավարներից Մանվել Բադալյանը (գյուղակադեմիայի ուսխորհրդի նախագահ) եւ Վահրամ Բարսեղյանը (ճարտարապետաշինարարական համալսարանի ուսխորհրդի նախագահ), որոնցից առաջինը այժմ վարում է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի պաշտոնը, երկրորդը՝ մշակույթի փոխնախարարի պաշտոնը։ Ի դեպ, դեռեւս վեհաժողովներում, որոշվել էր ստեղծել կադրերի բանկ, որի կազմած ցուցակից էլ վերը հիշատակված Մանվել Բադալյանը եւ Վահրամ Բարսեղյանը վարում են բարձր պաշտոններ։ Ինչպես արդեն նշեցինք, կայացվել է չորս վեհաժողով, որոնց արդյունքները հրապարակվել են առանձին գրքույկներով։ Վեհաժողովների գլխավոր խնդիրներից մեկն այն էր, որ Սփյուռքի մեր հայրենակիցները պիտի հիմնովին տիրապետեն իրենց ապրած երկրների գիտությանը՝ այն հայրենի երկրում ներդնելու նպատակով։ Այս դեպքում, թերեւս, հայերիս ցրվածությունը աշխարհում կարող էր օգտակար լինել եւ ինչ172որ չափով արդարացվեր։ Ի դեպ, ճապոնացիների ետպատերազմյան տարիների արտասովոր զարգացումը բացատրվում է նման քաղաքականությամբ։ Ճապոնական բուհերն ավարտած ուսանողները ուղարկվում էին զարգացած երկրների առաջատար բուհեր՝ դրանցում ստացած գիտելիքները ներդնելով իրենց երկրում։ Մեր վեհաժողովների հիմնական միտումը նույնպես դա էր՝ հուշել սփյուռքահայ ուսանողներին իրենց ստացած գիտելիքները ներդնել, արմատավորել հայրենի երկրում։ Եվ դա հենց առաջին վեհաժողովից հետո շոշափելիորեն զգացվում էր իրենց ելույթներում։ Ահա թե ինչու վեհաժողովների դադարեցումը մենք գնահատում ենք անհեռանկար, հակազգային քայլ, որ տեղիք տվեցին մեր ղեկավարները։ Ամբողջ գաղտնիքն այն է, որ վեհաժողովներ հրավիրելու իրավունքը, հավանությունը պետք է տա նախագահը, չէ՞ որ մենք գործ ունենք արտասահմանյան հայաշատ Սփյուռքի մի քանի տասնյակ երկրների հետ։ Կարծում եմ, չէր խանգարի հայ սպորտսմենների հավաքին զուգահեռ տեղի ունենար նաեւ ուսանողների վեհաժողովը։ Մի՞թե Հայաստանի տնտեսությունը սփյուռքահայ ուսանողների միջոցով ոտքի կանգնեցնելը եւ զարգացնելը պակաս կարեւոր է, քան Սփյուռքից գումարներ հայթայթելը։ Վերջինս նույնպես կարեւոր է, բայց ոչ այնքան, որքան Սփյուռքի ներուժն օգտագործելը։ ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել