Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՆԱՆՔ ՄԱՍՏԵՐ-ՊԼԱՆԻՆ ՍՊԱՍՈՂ

Հոկտեմբեր 23,2002 00:00

ՄՆԱՆՔ ՄԱՍՏԵՐ-ՊԼԱՆԻՆ ՍՊԱՍՈՂ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Էդուարդո Էռնեկյանին հավատարմագրային կառավարման հանձնելուց երեք ու կես ամիս անց էլ անհնար է որեւէ առաջընթաց կամ դրական տեղաշարժ նկատել։ Մինչդեռ, հարկավոր է նկատի ունենալ, որ հատկապես այս պատճառաբանությամբ է օդանավակայանը հավատարմագրային կառավարման հանձնվել։ Առայժմ միանգամայն չհիմնավորված, փոխվել է օդանավակայանի անունը՝ «Արմենիա», որի զուգահեռը դժվար է գտնել աշխարհում։ Ասենք, ո՞ւմ մտքով կանցներ Լոնդոնի «Հիդրոու» օդանավակայանը վերանվանել «Անգլիա» եւ այլն։ Օդանավակայանում նույն փնթիությունն է ու ցածրորակ սպասարկումը։ Ուղեբեռի ստացմանը տերը առաջվա նման 3-4 ժամ է սպասում, առաջվա նման սայլակներ չկան։ Մի խոսքով, առաջվա նման՝ 3,5 ամիս անց։ Փոխարենը դեպի վատը «առաջընթացն» ակնհայտ է։ Այդ նույն ցածրորակ ծառայությունների մատուցման համար, իսկ երբեմն առանց մատուցման, գանձվող վարձավճարները թանկացել են մինչեւ հազար տոկոսով։ Օդանավերի կանգառի ու պահպանման վարձը ժամում 5 դոլարից դարձել է 50 դոլար, թռիչք-վայրէջքի ծախսերը թանկացել են 20%-ով, այսպիսով, ՀԱՈՒ-ի համար կազմելով 11,5 դոլար, նախկին 7-ի փոխարեն։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Ամստերդամում նույն ծառայությունն արժե 4, Փարիզում՝ 6, Ֆրանկֆուրտում՝ 5 դոլար։ Սակագներն, իմիջիայլոց, հաստատել է կառավարությունը. պայմանագրի հավելվածը ստորագրել են վարչապետ Մարգարյանն ու Է. Էռնեկյանը։ Արդյոք մեր կառավարության մտքով անցե՞լ է չհամաձայնել կամ վիճել այս բարձր գների շուրջ՝ տակավին անհայտ է։ Իսկ ավիանավթի՝ տոննայի համար 100 դոլարով թանկացումը անցած 5 ամիսների ընթացքում ՀԱՈՒ-ի վրա շուրջ 1 մլն դոլար է նստել։ Մնացած վնասները չթվարկենք։ Ասում են, ներդրում, այնուամենայնիվ, արվում է։ Վերակառուցվում է վազքուղին, ինչի համար, ի դեպ, օրական որոշակի ժամանակահատվածով դադարեցվում են թռիչքները։ Սա ներդրում համարելը, գոնե այս պահին՝ խիստ վիճելի է, որովհետեւ այս ընթացքում վազքուղին կարճացվել է 900 մետրով, ինչը 250-300 հազար դոլար է նստում ՀԱՈՒ-ի վրա։ Վնասի մեխանիզմը հետեւյալն է. երբ վազքուղին 3400 մետր էր, ՀԱՈՒ-ն իր Իլ-86-երով թռչում էր 306 ուղեւորով։ Վազքուղին կարճանալու պարագայում անվտանգության խնդիրներ են առաջանում եւ Իլ-86-երն արդեն 250 ուղեւորից ավելի չեն կարող վերցնել։ Կփոխհատուցի՞ արդյոք «Կորպորասիոն Ամերիկա Ա. Ս.»-ն, անհայտ է։ Արդյոք կհասցնե՞ն վազքուղու վերականգնումն ավարտել մինչեւ դեկտեմբերի 10-ը՝ նույնպես անհայտ է։ Այս ամենին հավելենք եւս մի «ներդրում». կառավարիչը հրաժարվել է ավիացիոն փրկարարական ծառայության ծախսերը կատարելուց, դրանք ամբողջովին թողնելով ՀԱՈՒ-ի վրա։ Չենք կարող անուշադրության մատնել այլ «ներդրումներ» եւս։ Մեր տեղեկություններով, օդանավակայանի ղեկավարությունը Արգենտինայից ժամանած իր շեֆերի համար 4 հատ «Հունդայի ջիպ» ավտոմեքենա է գնել։ Ինչպես նաեւ, չճշտված տեղեկություններով, տասնյակ հազար դոլարների հասնող աշխատավարձեր սահմանել որոշ ծառայողների համար։ Այսպիսով, ավելի հեշտ է հաշվել, թե նոր կառավարողը ինչքան դոլարի վնաս է «ներդրել» հայկական ավիացիայում։ Հիշեցնենք, սա այն գործարքն է, որը ներկայացվում էր որպես Հայաստանի իմիջի ու «Զվարթնոցի» փրկություն։ Իմիջիայլոց նկատենք, որ դեռեւս ներկայացված չէ մաստեր-պլանը, որի վերջնական ժամկետն է՝ դեկտեմբերի 9-10-ը։ Որքան էլ անընդունելի է, բայց ամենամեծ ցանկության դեպքում էլ այլեւս հնարավոր չէ որեւէ բան անել, որովհետեւ կոնցեսիոն պայմանագիրը գերակա է սահմանվել «Ավիացիայի մասին» օրենքի նկատմամբ, նմանատիպ նշումներով՝ «եթե չի հակասում կոնցեսիայի պայմանագրին», «եթե համաձայն է կոնցեսիոները» եւ այլն։ Այսքանով չեն վերջանում հայկական ավիացիայի այսօրվա խնդիրները։ Ընդհանրապես, վերջին տարիներին այդ ոլորտի հետ առնչություն ունեցողներից, թվում է, ամեն մեկն իր «լուման» «ներդրել» է ոչնչացման գործում։ Նախագահ, վարչապետ, կառավարությունն ընդհանրապես։ Իսկ ՔԱԳՎ նախկին պետ Հովհաննես Երիցյանի մասին ավիատորների մի մասն ասում է՝ «փոթորիկ հայկական ավիացիայում»։ Իսկ վարչության այսօրվա ղեկավարները, մեր տեղեկություններով, փորձում են «վերացնել» «փոթորիկի» հետեւանքները։ Մեր աղբյուրի հայտնած տվյալներով, ՀԱՈՒ-ի վարձակալած էյրբասը սեփականատերը՝ «Էյրբաս ինդասթրին» հետ է վերցրել հայկական կողմի անպարտաճանաչության պատճառով։ Մինչդեռ ինքնաթիռը Հայաստանի սեփականությունը դարձնելու համար արդեն մուծված է եղել 6-7 մլն դոլար, որը, ինչպես եւ 1 մլն դեպոզիտը, չեղյալ է համարվել։ Լիզինգի գումարները չեն մուծվել 2001թ. կեսերից ի վեր։ ՀԱՈՒ-ն օրեցօր վնասներ է կրում VG-ի հետ կնքած պայմանագրի մի շարք դրույթների «շնորհիվ»։ VG-ն իր Երեւան-Բրյուսել-Երեւան չվերթերի ավիատոմսերն իրականացնում է ՀԱՈՒ-ի բլանկներով, ինչը նշանակում է մեծ պատասխանատվություն ուղեւորների անվտանգության, ինչպես նաեւ VG-ի ցանկացած «կապրիզի» համար։ Ասենք, եթե VG-ն որոշի, որ Բրյուսելից Երեւան չի մեկնելու ինքնաթիռը, ապա ՀԱՈՒ-ն է տեղափոխելու ուղեւորներին, իր հաշվին։ Մեր աղբյուրի պնդմամբ, ՀԱՈՒ-ի նախկին գլխավոր տնօրեն Ալբերտ Հարությունյանն աշխատանքից ազատվել է այս պայմանները չընդունելու պատճառով։ Մեր տեղեկություններով, ՔԱԳՎ եւ ՀԱՈՒ-ի ներկայիս ղեկավարները փորձում են կարգի բերել բլանկների հարցը։ ՀԱՈՒ-ի անունով պայմանագրեր կան կնքված, համաձայն որոնց, մի շարք ընկերություններ ՀԱՈՒ-ին 1,5 մլն դոլարի պարտք ունեն, բայց այս ընկերությունների գրասենյակներն, ասում են, հնարավոր չէ գտնել՝ պարտքը հետ ուզելու համար։ Այս բոլորը չհաջողվեց վարչությունից ճշտել, բայց հուսով ենք, կարձագանքեն։ Հնարավոր չէ թվարկել այն բոլոր սխալները, որոնց պատճառով հրատապ է դարձել ՀԱՈՒ-ի կամ սնանկացման, կամ մասնավորեցման հարցը, դեպի ուր, իր ղեկավարության վստահությունը վայելող նոր տնօրենը, հուսով ենք, առանց նորանոր կորուստների կտանի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել