«ՍՀ»-ն պարզաբանում է Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ անդրադառնում են «Սոցիալիստական Հայաստան» միավորման կողմից միասնական թեկնածուի առաջադրմանը: Այդ խնդիրը, հավանաբար, որոշ պարզաբանումների կարիք է զգում: Իր ձեւավորման օրվանից ի վեր «Սոցիալիստական Հայաստան» միավորումը խիստ կարեւորել է ընդդիմության համախմբման գործընթացը: Այդ համատեքստում եւ իր Կանոնակարգի տառին եւ ոգուն համաձայն՝ նա «Հայրենիք ու Պատիվ» կուսակցության փոխնախագահ Գ. Մարգարյանին ընտրել եւ առաջադրել է որպես միասնական թեկնածու հոկտեմբերի 29-ին կայանալիք միավորման Միացյալ կոնֆերանսի հաստատմանը՝ Կանոնակարգում ամրագրված «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւով, ընդ որում՝ «մինուս մեկը» պայմանավորված էր հերթական համագումարից առաջ ՀԴԿ ղեկավարի՝ այդ հարցում կուսակցության կողմից լիազորությունների բացակայությամբ: «Սոցիալիստական Հայաստան» միավորումն այդ նույն տրամաբանությամբ է առաջնորդվում նաեւ «16»-ի ֆորմատի իր գործընկերների հետ ունեցած հարաբերություններում. նա միշտ եղել է «16»-ի միասնականության առաջին ջատագովը եւ անխտիր հավատարիմ է մնալու այդ ֆորմատում կայացրած եւ ակնկալվող պայմանավորվածություններին: Բնական է, որ «16»-ի միասնականի ընտրությունը պետք է կատարվի թեկնածուներից, որոնցից մեկն էլ կլինի «Սոցիալիստական Հայաստան»-ի ընդհանրական թեկնածուն, իսկ ինչ վերաբերում է «16»-ի միասնականությանը, ապա հօգուտ առավել արժանավորի՝ զիջման իր պատրաստակամության մասին արդեն հայտարարել է ինքը` Գ. Մարգարյանը, եւ այդպիսինն է նաեւ միավորման քաղխորհրդի դիրքորոշումը: Մեկնաբանություններ են նաեւ Գ.Մարգարյանի ՀՅԴ անդամակցության շուրջ տված մեկնաբանությունները: Գնդապետ Մարգարյանը մեր երկրի այն նվիրյալ կադրային սպաներից է, ով Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից, սկզբից՝ որպես ՆԳՆ պաշտոնատար անձ, իսկ պաշտոնաթողությունից հետո՝ ՀՅԴ-ում, կատարել է կարեւորագույն պարտականություններ՝ կապված մեր երկրի եւ Արցախի պաշտպանության եւ անվտանգության հետ: Ռ.Քոչարյանի նախագահ ընտրվելուց հետո, ներքին եւ արտաքին խնդիրների շուրջ ՀՅԴ ղեկավարության հետ աճող հակասությունների պայմաններում, դուրս է եկել կուսակցությունից՝ համախոհների հետ «Հայրենիք ու Պատիվ» եւ ապա՝ «Սոցիալիստական Հայաստան» միավորումներում շարունակելով իր համոզմունքներին համապատասխանող գործունեությունը: Լրատվամիջոցների աչալրջությունից չվրիպեց նաեւ Գ.Մարգարյանի Մոսկվա ուղեւորությունը, ինչի կապակցությամբ ավելորդ չենք համարում հիշեցնել հետեւյալը: Բացի «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի անդամ եւ «Հայրենիք ու Պատիվ» կուսակցության փոխնախագահ լինելուց, Գ.Մարգարյանը հանդիսանում է նաեւ իր կազմում Հայաստանի եւ նախկին Խորհրդային Միության անվտանգության ծառայությունների, ներքին գործերի եւ պաշտպանության պաշտոնաթող սպաներին համախմբած «Հայրենիք ու Պատիվ» հասարակական կազմակերպության նախագահ եւ վաղեմի ու սերտ կապեր ունի Ռուսաստանի համանման կազմակերպությունների հետ, որոնց հրավերքով էլ մեկնել է ՌԴ մայրաքաղաք: Հասկանալի է, սակայն, որ Մարգարյանի «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի անդամ լինելը եւ նրա կողմից որպես միասնական թեկնածու առաջադրվելը թելադրում են նաեւ որոշակի այլ հանդիպումների ցանկ: «Սոցիալիստական Հայաստան» միավորման ԼԾ Հ. Գ. Հոկտեմբերի 17-ին տված այս լրատվությունը՝ ընտրությունների ընթացքը լուսաբանելու պարագայում, թերթի գերծանրաբեռնվածության պատճառով, տալիս ենք միայն այսօր: