Գեղամյանը հիասթափեցնում է Ռոբերտ Քոչարյանին Ուղիղ երեք տարի առաջ հենց այս օրը՝ հոկտեմբերի վերջին չորեքշաբթի օրը՝ ամսի 27-ին, Ազգային ժողովում հնչեցին դավաճան կրակոցները եւ գլխատվեց երկրի օրենսդիր եւ գործադիր մարմինը։ Երեկ խորհրդարանական հայտարարությունների ժամին պատգամավորներից միայն երեքը (հերթագրված էր 21 պատգամավոր) հիշեցին հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կատարված ոճրագործության մասին։ ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանի հայտարարության պահին դահլիճում ներկա պատգամավորները գլուխները կախել էին։ Իսկ հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Այսօր ողջ առաջադեմ մարդկությունը «ո՛չ» է ասում ահաբեկչությանը եւ փորձում բոլոր հասու միջոցներով կասեցնել այն, պատժել մեղավորներին։ Իսկ մեր երկրում ահաբեկչություն իրականացնող մարդասպանը հավակնում է ՀՀ նախագահի պաշտոնին։ Առանց դատավճռի ազատ արձակված կասկածյալը հասարակական հարցում է անցկացնում։ Այս նախադեպը չունեցող լկտիության պատճառ դարձան Ռ. Քոչարյանի հայտարարությունները՝ «սա ուչաստկովիի գործ է», «քանի ես նախագահ եմ, մահապատիժ չի իրագործվի», համաներման օրենքի խայտառակ կիրառումը եւ այլն։ Այո, «Հոկտեմբերի 27»-ը շարունակվում է։ Շարունակվում է նաեւ ֆարս հիշեցնող դատավարությամբ։ Այս ամենը հնարավոր չէ առանց իշխանությունների հովանավորության։ Ռոբերտ Քոչարյանը եւ իր վարչախումբը պետք է պատասխան տան երկրում տիրող անօրինականությունների համար»։ «27»-ին անդրադարձ էր նաեւ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը, որում կրկին հիշեցվեցին ոճրագործների որոշ հայտարարություններ, որոնք ցերեկվա պես պարզ ապացուցում են, որ «27»-ն ունի կազմակերպիչներ եւ շարունակում է ունենալ. «Հոկտեմբերի 27»-ի պատվիրատուների հիմնական նպատակներից մեկը եղել է «Միասնություն» դաշինքի գլխատումը։ Ահաբեկչությունը տեսաժապավենում պատկերված եւ դատաբժշկական փորձաքննությամբ ապացուցված է, որ սպանված Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ Յուրի Բախշյանի վրա ստուգողական կրակոցներ են արձակվել Հունանյան եղբայրների կողմից։ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը մեր պետության արժանապատվության հարցն է, իսկ «Հոկտեմբերի 27»-ի պահանջատերը եւ դատավորը բացահայտմանը դեռեւս համբերատար սպասող ժողովուրդն է։ Արդարության ջահակիրների համար՝ ամենահուսադրողը, իսկ սրիկաների համար՝ նույնչափ սարսափելին այն է, որ ժողովրդի համբերությունն անսպառ չէ։ «27»-ի կազմակերպիչները եւ հանցագործներին հովանավորողները պետք է գիտակցեն, որ հատուցումն անխուսափելի է, եւ արդարության սուրը պատյան չունի»։ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի հայտարարությունն ամբողջությամբ նվիրված էր Բորիս Ելցինի երեւանյան հայտնի հայտարարություններին, սակայն մասնավորապես անդրադարձ էր առաջին հերթին «Հոկտեմբերի 27»-ին։ Ըստ Արտաշես Գեղամյանի, Ելցինի մասնավոր հայտարարությունը՝ Ռ. Քոչարյանին սատարելու մասին, ներկայացվել է որոշ ԶԼՄ-ների կողմից՝ որպես պաշտոնական Մոսկվայի դիրքորոշում. «Ահա այստեղ է, որ պրն Քոչարյանին պետք է հիասթափեցնեմ։ Հիասթափեցնեմ այն պարզ պատճառով, որ երբեք ու երբեք ներկայիս Ռուսաստանն իր նախագահ Վլ. Պուտինով չեն սատարի կաշառակերության եւ կոռուպցիայի մեջ թաղված քոչարյանական վարչակազմին։ Երբեք ու երբեք ներկայիս ՌԴ-ն, որը մահու եւ կենաց կռիվ է մղում ահաբեկիչների եւ ահաբեկչության դեմ, չի սատարի այն վարչակազմին, որի օրոք տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը, որի արդյունքում սպանվեցին մեր ավագները՝ Ռուսաստանի մեծ բարեկամները, ինչպես հայտարարեց Վլ. Պուտինը։ Երրորդ՝ երբեք ու երբեք Ռուսաստանը չի սատարի այն վարչակազմին, որի նախագահի թիկնապահը մարդ է սպանում եւ սպանության համար անգամ մեկ ժամ մեղադրյալի աթոռին չի նստում։ Եվ, վերջապես, Մոսկվան երբեք չի սատարի այն վարչակազմին, որից ժողովուրդը փախչում է՝ ինչպես ժանտախտից»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ